Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ



ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանային  էսկալացիան վտանգավոր է ոչ միայն տարածաշրջանի համար,- ասել է ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը:- Չնայած ծայրահեղ լարվածությանը, հարցի դիվանագիտական լուծումը չպետք է հանել օրակարգից»: Ռուս քաղաքագետին խաղաղ կարգավորման վստահության հիմք է տալիս ղարաբաղա-հայկական զինուժի բարձր պատրաստվածությունը: «Տեղի ունեցողն ապացուցում է, որ տարածաշրջանում անվտանգության հիմնական երաշխավորը հայկական զինված ուժերն են և Արցախի բանակը: Ռազմական հակադարձումը, կարծում եմ, այլընտրանք չուներ, և դիվանագիտական բանակցությունների վերսկսման հեռանկար կա»:

♦♦♦

Ռուս ռազմական վերլուծաբան,  բազմաթիվ գրքերի հեղինակ Ալեքսանդր Ցիգանովը մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել գովելու Արցախյան զինուժի պրոֆեսիոնալիզմը: Փորձագետն ընդգծել է, որ նախանձելի մարտական ոգի ունի ոչ միայն Արցախյան բանակը, այլ նաև ժողովուրդը: «Նավթահանումն Ադրբեջանում հինգ անգամ  կրճատվել է: Կարճաժամկետ սադրանք է ընդամենը: Ես եղել եմ լեռնային Ղարաբաղում: Շատ լավ գիտեմ Լեռնային Ղարաբաղի բանակի ներուժը, ժողովրդին:  Ադրբեջանի ղեկավարությունը գործել է թուրքական կառավարության դրդմամբ, որը Ռուսաստանի համար ցանկանում է բացել պայքարի նոր՝ Ղարաբաղյան ճակատ: Սակայն, կարծում եմ, սա ձախողված քայլ է. սադրանքը երկար չի տևի»:

♦♦♦

Ադրբեջանական սադրանքների հետևում թուրքական հետքն է տեսնում նաև քաղաքագետ Կորելովը: Ըստ նրա՝ «Ալիևի ձեռքով գործող Էրդողանի պլանները չիրականացան: Ալիևը հույսը դրել էր արագ ռազմական հաղթանակի վրա՝ չստացվեց. այդ պատճառով հիմա ողջ աշխարհը տեսնում է, որ Ադրբեջանն է նախաձեռնողը:  Բաքվի համար ավելի է դժվարանում ռազմաճակատում իրադրությունը փոխելը: Ահա թե ինչու հայտնվեցին քարոզչական հայտարարությունները կրակը միակողմանի դադարեցնելու մասին»:

♦♦♦

Լայնամասշտաբ պատերազմ չի լինի. վստահ է նաև քաղաքական փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը: Նա իրադարձությունների հետագա զարգացման երկու սցենար է տեսնում՝ ռազմական և դիվանագիտական: «Միջազգային հանրության ճնշմամբ ռազմական էսկալացիան կմեղմանա, բայց խնդիրները, որոնք կային, այդպես էլ կմնան չլուծված: Շախմատային լեզվով ասած՝ կհետաձգվեն»:

♦♦♦

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Նա նշում է. «Հակամարտության կողմերից մեկը կանոնավորապես սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ, և դա այն կողմն էր, որը հրաժարվել է շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված հստակ առաջարկներից: Արդյոք հատկանշական չէ՞ այն, որ Բաքուն վճռականորեն մերժեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ ուժի չկիրառման մասին առաջարկը: Բաքուն ձևացնում է, որ 1995թ. փետրվարի 4-ին ստորագրված հրադադարի ամրապնդման մասին որևէ համաձայնագիր չկա:

♦♦♦

Թոմաս դե Վաալը ընդգծել է. «Տարածաշրջանային զարգացումները տեղի են ունենում մերձավորարևելյան կոնֆլիկտի նոր շրջադարձի ֆոնին: «Հայկական կողմին ձեռնտու է ստատուս-քվոն: Ադրբեջանի համար պատերազմը մեծ ռիսկ է, որը սպառնում է գործող իշխանությանը, քանի որ Ադրբեջանում ավարտվում է տնտեսության ոսկե ժամանակաշրջանը: Նավթն էժանանում է, և Ադրբեջանը մտնում է նոր շրջափուլ»:

♦♦♦

Նավթադոլարային պաշարների սպառման մասին է գրում նաև «Նյու Յորք Թայմսը». «Ադրբեջանի բյուջեի ֆինանսական աղբյուրը ցամաքում է, ինչն ուղղակիորեն կարող է ազդել նաև ադրբեջանական սպառազինությունների վրա»:

Խորագիր՝ #12 (1132) 06.04.2016 - 12.04.2016, Ռազմաքաղաքական


07/04/2016