ՄԵՆՔ ՀԱՂԹԵՑԻՆՔ
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:
ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՇԵՂՎԵԼ Է ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԻՐ ՊԼԱՆԻՑ
Միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ
-Հակառակորդը երկու նպատակ է հետապնդել: Առաջին` հաջողություն ունենալու եւ դիմադրության չհանդիպելու դեպքում հնարավորինս առաջանալ, երկրորդ` ցուցադրել իր ռազմական ներուժը: Վստահաբար կարող ենք ասել, որ համառ դիմադրության շնորհիվ հակառակորդն իր առաջին նպատակը ձախողեց, սակայն նրան մասամբ հաջողվեց ցուցադրել իր զինանոցի հնարավորությունները: Ադրբեջանական բանակը միաժամանակ 50-ից ավելի անօդաչու թռչող սարք օգտագործեց: Օդային հետախուզության միջոցով նրանք փորձեցին վնասել զինված ուժերի ռեզերվը, փլուզել ղեկավարման համակարգը: Իհարկե, չհաջողվեց: Ղեկավարումը իրականացրել ենք առանց խափանումների եւ խնդիրների: Կապի միջոցներով ապահովել ենք անընդհատ հրահանգավորում, ինչը ամենից կարեւորն էր ստեղծված իրավիճակում: Հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը կատարել է դասակի մխրճման խորությանը համապատասխան խնդիր, այսինքն` գրավել է օբյեկտ եւ չի կարողացել շարունակել իր մարտական առաջադրանքը:
Թշնամու հատուկ նշանակության ստորաբաժանումները միաժամանակ հարձակվել են երկու բարձունքների ուղղությամբ, այնուհետեւ առաջ են քաշել զրահատեխնիկա եւ մեկ ուղղությամբ` ձախ թեւում, հաջողություն են ունեցել: Սակայն հետագայում, հենվելով այդ բարձունքի վրա, նոր խնդիր չեն կարողացել լուծել: Այդպիսով` հակառակորդը շեղվել է առաջխաղացման պլանից: Մենք ամրացել էինք մոտակա դիրքում, որպեսզի այնուհետեւ ազատագրենք հիմնականը: Այդ դիրքում, որտեղ ես էի, ութ շարքային զինվոր կար, մեկը մյուսից խիզախ: Դիրքերի ուղղությամբ հակառակորդի 17 տանկ կար, բայց մեր զինծառայողների համառ դիմադրության շնորհիվ այդպես էլ չկարողացան առաջանալ: Միայն երեք օրվա ընթացքում մեր ուղղությամբ խոցվել է 8 տանկ, հիմնականում` Տ-90, նաեւ` ՀՄՄ: Տղաները պատրաստ էին հենց առաջնային գծում կանգնեցնելու տանկերը, պատրաստ էին մեռնել, բայց առաջ չթողնել հակառակորդի տեխնիկան: Հրետանին հարվածում էր տանկերին, դրանք շրջվում եւ փախչում էին իրենց կենտրոնացման շրջաններ, իսկ հակատանկայինները ֆագոտներով շարքից հանում էին:
Զինվորներիս եմ դիմում` հպարտ եմ ձեզնով, դուք ձեր խնդիրը գերազանց կատարեցիք:
ԿԵՑՑԵ՛Ն ԻՄ ՏՂԱՆԵՐԸ
Միավորման բաժանմունքի պետ, փոխգնդապետ
-Հակառակորդի գերազանցող ուժերի հարվածը իրենց վրա են վերցրել նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները: Նրանք ամենավտանգավոր հատվածներում աջակցել են դիրքապահներին: Հակառակորդը զրահատեխնիկայի մեծ քանակի կիրառմամբ մարտական դիրքեր էր գրավել` յուրաքանչյուրի ուղղությամբ կենտրոնացնելով մի քանի տանկ, ՀՄՄ: Մենք խնդիր ստացանք ազատագրելու հիմնական պահող դիրքը: Մեզ հետ էր նաեւ միավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանը: Երկու տանկի աջակցությամբ մտանք դիրք, ազատագրեցինք այն: Ինչպե՞ս: Մեր դիպուկահարը ոչնչացրեց խրամուղուց կրակող թշնամուն, այնուհետեւ անձնակազմը առաջացավ եւ աջ ու ձախ ուղղություններով նռնակներ նետելով` ոչնչացրեց դիրքում հաստատված հակառակորդին: Մյուսները փախուստի դիմեցին: Բարձունքի հետեւում հակառակորդը մեծ թվով տեխնիկա է կենտրոնացրել: Երբ դրանք նորից շարժվեցին դիրքի ուղղությամբ, մենք ստիպված էինք նահանջել: Մենք նախընտրեցինք փրկել մեր տղաների կյանքը: Այժմ էլ այդ դիրքի թիկունքում մեծ քանակությամբ զրահատեխնիկա կա:
Սա իմ երկրորդ պատերազմն է: Հակառակորդը չի փոխվել, բայց պետք է արձանագրենք, որ նրա տեխնիկական միջոցները ավելացել են, գերժամանակակից են: Մեկ դիրք գրավելու համար նրանք ահռելի քանակությամբ տեխնիկա ու մարդ են կենտրոնացրել: Սա եւս մարտավարություն է: Իմ տղաների համար հրետանու, տանկերի ներգրավվածությամբ առաջին մարտական գործողությունն էր: Ինչ ասեմ` կեցցե՛ն իմ տղաները, նրանց գերակշիռ մասը երիտասարդներ են, նրանք միանգամից հարմարվեցին իրավիճակին: Իմ տղաները, ի տարբերություն հակառակորդի հատուկջոկատայինների, պատրաստ են ճակատ ճակատի կռվելու: Բոլորն էլ այս պահին դիրք են պահում, դիտակետերում են: Այսօր պետք է ավելի աչալուրջ լինենք, ավելի շատ դիտարկումներ կատարենք: Պետք է նաեւ եզրակացություններ անենք:
ՀՐԵՏԱՆԻՆ ՓԱՅԼՈՒՆ Է ԳՈՐԾԵԼ
Բաժանմունքի ավագ սպա, փոխգնդապետ
-Գիշերը տագնապի ազդանշանն ստանալուն պես եկել եմ զորամաս: Ելնելով առաջնագծում ստեղծված իրավիճակից` այստեղ ստացել եմ խնդիր` մեկնել հարավարեւելյան ուղղության մարտական գործողությունների շրջան: Ես մինչ միավորումում ծառայության անցնելը զբաղեցրել եմ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի հրետանու պետի պարտականությունները, այնպես որ՝ շատ լավ էի պատկերացնում խնդիրը: Թեժ մարտ էր: Հակառակորդի հրետանու բոլոր տեսակներից, ականանետներից, գնդացիրներից առաջնագծի ուղղությամբ վարվում էր ակտիվ կրակ: Ես պետք է աջակցեի 120 մմ ականանետային մարտկոցներին՝ դիպուկ կրակ վարելու համար: Դիտակետից խնդիրներ էի առաջադրում, ցուցումներ տալիս, որ կրակը նպատակային լինի: Հրետանային մարտկոցները փայլուն են գործել: Առաջնագծում կանգնած զինվորին փրկելու համար նրանք արել են հնարավոր եւ անհնարին ամեն ինչ: Եթե հրետանին լավ չգործեր, շատ ծանր վիճակում կլինեինք: Պետք է նշեմ, որ հրետանավորներին օգնել են նաեւ դիրքում ամրացած մեր հրամանատարները: Մեկ օրինակ` միավորման բաժնի պետ, գնդապետ Սամվել Սարգսյանը այն դիրքում էր, որի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր ուժգին գրոհ: Այդ դիրքի գրավումը կհանգեցներ անդառնալի կորուստների: Այն պահվեց գնդապետի հմուտ ղեկավարման եւ զինվորների խիզախության շնորհիվ: Գնդապետ Սարգսյանը այդ դիրքից խնդիրներ էր առաջադրում հրետանուն, կրակ ենք վարել ամբողջ գիշեր, որ հակառակորդը չկարողանա առաջանալ:
Ինչ վերաբերում է հակառակորդի հրետանուն, ապա նրանց անձնակազմը խուճապի մեջ էր: Կրակը հիմնականում ոչ նպատակային էր, սակայն մենք եւս պետք է հետեւություններ անենք, կարծում եմ` հրետանային ամեն մի ստորաբաժանում այս պատերազմից հետո կհասկանա իր կարեւորությունը մարտադաշտում:
ՈՐՈՇԻՉԸ ՄԻՇՏ ԷԼ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆ Է
Միավորման շտաբի պետ, գնդապետ
-Հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը ունի բազում խոցված տանկեր: Այո՛, մենք համոզվեցինք, որ հակառակորդը ունի մեծ թվով ժամանակակից Տ-90-ներ, բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ տեխնիկան ու սպառազինությունը արդիական լինեն, որոշիչը միշտ էլ մարդկային գործոնն է: Թշնամին ցույց տվեց, որ իր տանկային անձնակազմերը գործուն չեն: Ունենալ նմանատիպ տանկեր եւ կատարել այդչափ խախտումներ, տեխնիկայի այդքան կորուստներ տալ, անհավանական է: Հակառակորդի զինանոցում առկա արդիականացված Տ-90 տանկերի մարտավարատեխնիկական բնութագրերը գերազանցում են մեր ունեցած Տ-72-ին: Զրահը, կառավարման համակարգը հնարավորություն են տալիս կասեցնելու հակատանկային միջոցները, բայց թշնամին չկարողացավ ճիշտ օգտագործել իր գերազանց հնարավորությունները: Նշեմ, որ տանկերի գերակշիռ մասը խոցել են հակատանկային ստորաբաժանումների շարքային զինվորները: Զինվոր ունենք, որ առաջին անգամ էր մարտական արկով կրակում, բայց 5 տանկ է խոցել:
Ինչ վերաբերում է մեր տանկիստներին, ապա նրանք իրենց փայլուն դրսեւորեցին: Այո՛, ունենք ցավալի կորուստներ, սակայն այդ կորուստները ոչ թե մեր անձնակազմերի թերությունների հետեւանք են, այլ հակառակորդի ժամանակակից հեռահար ղեկավարվող ջերմային զենքերի: Իմանալով, որ հակառակորդը նաեւ նման միջոցներ ունի իր զինանոցում, կարողացանք քողարկում իրականացնել եւ պաշտպանվել:
Քառօրյա պատերազմի տանկային մարտերում հակառակորդը պարտվեց:
Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ