ՀՐԵՏԱՆԻՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԳՈՐԾԵՑ
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանը գնահատում է ՊԲ հրետանային ստորաբաժանումների գործողությունները քառօրյա մարտերի ընթացքում:
ՊԲ հրետանավորները գերազանց գործեցին: Հատկապես, եթե հաշվի առնենք հակառակորդի ունեցած հետախուզման, հայտնաբերման շատ ավելի մեծ հնարավորությունները: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը մարտավարական ամբողջ խորության վրա էին աշխատում: Մեր հրետանային ստորաբաժանումները շատ արագ տեղաշարժվում էին, առաջին խնդիրը կատարելուց անմիջապես հետո նոր դիրք տեղափոխվում: Արդեն երկրորդ դիրքում հակառակորդն անպայման փորձել է խոցել մեր ուժերը, բայց հրետանին գործել է վարժ: Ոչ մի կորուստ ՊԲ հրետանին չի ունեցել, կարողացել է արագ տեղաշարժվել, ճիշտ խոցել թիրախները, անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ հակառակորդի կրակի տակ: Այստեղ էական դերակատարում են ունեցել զորավարժությունների, գործնական վարժանքների ժամանակ մարտական տեխնիկայի կիրառման բնագավառում ՊԲ անձնակազմի ձեռք բերած մասնագիտական հմտությունները, փորձը եւ վստահությունը: Նաև վարժասարքերով պատրաստված ֆագոտահարները կարողացան մարտի դաշտում թողնել ադրբեջանական տասնյակ խոցված տանկեր:
Ուզում եմ նշել մարտական հերթապահություն իրականացնող հրետանային միավորների հմուտ գործողությունները: Օրինակ՝ գումարտակների ականանետային ստորաբաժանումները թշնամու հարձակման առաջին պահին կարողացան հակառակորդին ճնշել այնքան ժամանակ, մինչև հիմնական հրետանային ստորաբաժանումները դուրս եկան մարտակարգ, կրակի ծանրությունը վերցրին իրենց վրա և համապատասխան խնդիրներ կատարեցին:
Փոխգործակցությունը համազորային և հրետանային ստորաբաժանումների միջև բարձր մակարդակի է եղել: Ոչ մի գործողություն առանց հրետանու աջակցության չի անցկացվել: Հաշվի առնենք, որ առաջին ժամերին ուժեղ կրակ է բացվել զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Անօդաչուներով փոխանցվող տվյալների հիման վրա կատարվող կրակի ներքո հրետանային դիվիզիոններից մեկի անձնակազմը կարողացել է արագ զբաղեցնել սահմանված բնագծերը և կրակ բացել հակառակորդի ուղղությամբ: Այդ ճնշումից հետո ՊԲ հրաձգային ստորաբաժանումների ուղղությամբ արձակվող կրակը որոշակիորեն թուլացել է, մերոնք կարողացել են վերակազմավորվել և կասեցնել գրոհային գործողությունները:
Եթե համեմատենք մեր և հակառակորդի հրետանային ուժերի կիրառած զինատեսակները և զինամթերքը, կարելի է ասել, որ մեր տղաները ավելի քիչ զինամթերքով ավելի կոնկրետ խնդիրներ կատարեցին: Եվ դա, կրկնեմ, այդ պահին թշնամու ունեցած հետախուզման ավելի մեծ հնարավորությունների պարագայում:
Ադրբեջանը կիրառել է իր զինանոցում առկա հրետանային բոլոր միջոցները՝ տարբեր տրամաչափի փողային հրետանի, «Գրադ», ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ», «Սմերչ» ռեակտիվ կրակի համազարկային կայանքներ: Մեր կողմից օգտագործված ամենահզոր միջոցները եղել են 152 մմ-անոց հրանոթները և «Գրադ» կայանքները: Դրանից հզոր տեխնիկա պարզապես չենք կիրառել:
Սակայն հրետանու կիրառման ամեն մի դեպքում մեր ուժերը տեղանքում արագ կողմնորոշվելու, արագ խուսավարելու, այդ ընթացքում անընդհատ կրակ վարելու, համազորային ստորաբաժանումներին անընդհատ աջակցելու գերազանց ունակություններ են դրսևորել:
Այժմ ադրբեջանցիները նշում են, որ «Սմերչ» չեն կիրառել, ինչն առնվազն ծիծաղելի է: Նախևառաջ, տվյալ կայանքի արկերը ոչ մի այլ արկի հետ շփոթել հնարավոր չէ: Բացի այդ, դրանց կասետային արկերը կրակելիս հրթիռային մասը չի վնասվում, ընկնում է, հրթիռի կմախքը մնում է: Հերքել, թե դա «Սմերչի» արկ չէ, նույնն է, թե նայես մարդու երեսին և ասես, որ նրան չես տեսնում: Իսկ «Սմերչի» արկի չպայթելու մասին ասեմ՝ ցանկացած զինատեսակ իր կիրառման առանձնահատկությունն ունի: Հատկապես կասետային հրթիռի դեպքում պետք է հաշվի առնել հետագիծը, բալիստիկ, օդերևութաբանական տվյալները, արկի խոցման մակերեսը և այլն: Միգուցե պայթուցիչների տեղադրման հաշվարկները ճիշտ չեն կարողացել անել: Չեմ բացառում տեխնիկական խոտանը: Մի բան ակնհայտ է՝ սովորական ատրճանակն էլ հիմարի ձեռքում երկաթ է, իսկ հմուտի ձեռքում՝ զենք:
Պատրաստեց Արսեն ԱՂԵԿՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ