Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ



ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻնչպես Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի առաջին փուլում, այնպես էլ 2016թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն Ադրբեջանը հանկարծակի ու բացահայտ նախահարձակ գործողություններ սկսեց ԼՂՀ-ի դեմ` կիրառելով հրետանի, ծանր զրահատեխնիկա և օդուժ: Հերթական անգամ չարանենգ ոսոխը ուժի կիրառման սպառնալիքներից անցել էր ուժի գործադրման` բացահայտ մարտահրավեր նետելով ԼՂՀ անվտանգությանը: Եվ եթե Ադրբեջանի համար պատերազմի սանձազերծումը հերթական արկածախնդրության  ու սխալ ռազմաքաղաքական հաշվարկների արդյունք է, ապա հայկական կողմի համար` ինքնապաշտպանության իրավունքից բխող հայրենական պատերազմի ու զավթիչներին ջախջախելու նպատակի շուրջ համայն հայության համախմբվելու ազդակ:

Պատերազմական գործողությունների քրոնիկոնից պարզորոշվում է, որ մեր թշնամու դիմագիծն ու  գործելաոճը չեն փոխվել: 1991-1994 թթ. նախահարձակման ժամանակ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած պատերազմ վարելու մեթոդներն ու եղանակները կիրառվեցին նաև 2016թ.-ի ապրիլյան հարձակման օրերին: Խաղաղ բնակավայրերի ու քաղաքացիական անձանց, այդ թվում` դպրոցական երեխաների թիրախավորումը, անպաշտպան, տարեց բնակիչների ու անգամ դիակների նկատմամբ գազանաբարո վայրագամոլության դրսևորումները հուշում են, որ մեր թշնամին դարձյալ իր ողջ հույսը դրել է ահաբեկչության վրա: Դրան, ինչպես ցույց տվեցին ռազմաճակատներում հայ մարտիկների սխրագործություններն ու կամավորական հզոր շարժումը, հայկական կողմն արդյունավետորեն դիմագրավում է ոսոխին՝ իր հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ ու բարոյամարտական բարձր ոգով:

Հետևելով ագրեսոր Ադրբեջանի նախորդ տարիների ռազմական նախապատրաստություններին` սպասելի էր արդիական սպառազինության ու տեխնիկայի հոծախումբ կիրառման վրա հույս դնելու թշնամու մոլորությունը: Պատերազմի առաջին օրերին զավթիչներին պատճառած տեխնիկայի ու կենդանի ուժի ծանր կորուստները ցույց տվեցին, որ իր հայրենիքը պաշտպանող հայ զինվորի բարոյակամային ու մարտավարական անհամեմատելի առավելությունը զավթիչների նկատմամբ, ինչպես Ադրբեջան-ԼՂՀ պատերազմի առաջին փուլում, այս անգամ եւս ապահովելու է հայկական կողմի վստահ հաղթանակը: Դրանում ոչ ոք չի կասկածում…

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԱխոյան զորքերի դիմակայության գծի ողջ երկայնքով ծավալված մարտական գործողություններն առավել թեժ էին ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում: Ամենուր ՊԲ զինծառայողները հակառակորդին պատճառել են ռազմական տեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ: Միայն ապրիլի 2-ին և 3-ին  ոչնչացվել է թշնամու 200-ից ավելի զինվոր, 14 միավոր տանկ և 5 միավորից ավելի այլ զրահատեխնիկա: Միաժամանակ ճնշվել են Մարտակերտ քաղաքը և մերձճակատային այլ խաղաղ բնակավայրերը հրետակոծող կրակակետերը:

Ապրիլի 4-ին  թշնամին սկսեց կիրառել  ծանր հրանետային համակարգեր, ինչպես նաեւ ընդլայնել հարվածային անօդաչու թռչող սարքերի ու այլ ժամանակակից տեխնիկայի օգտագործումը: ՊԲ զինվորների գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացվեցին թշնամական 11 տանկ, 4 հարվածային անօդաչու թռչող սարքեր, 1 ՀՄՄ, 2 ավտոտեխնիկա և մեծաթիվ կենդանի ուժ: Հակառակորդի հերթական արկածախնդրության ընդհանուր պատկերը հետևյալն է. ապրիլի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ՝ ադրբեջանական բանակը կորցրել է 24 միավոր տանկ, 4 միավոր ՀՄՄ, 2 ռազմական ուղղաթիռ, 12 անօդաչու թռչող սարք, 122 միլիմետրանոց համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 1 ինժեներական տեխնիկա, 400-ից ավելի գրոհայիններ:

Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը անհավասարակշիռ հայտարարություն տարածեց՝ սպառնալով ռմբահարել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը և, մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին զգուշացրեց, որ նման զարգացումների դեպքում արձագանքը կլինի անհամաչափ և ավելի ցավոտ:

Օր օրի մեծացնելով կիրառվող զինատեսակների տրամաչափը` ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ թշնամին կիրառեց «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ինչ էլ կիրառելու լինի թշնամին, միևնույն է, նա դատապարտված է վերջնական ջախջախման: Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը մեր թշնամուն հաստատ ոչինչ չի տա, քանզի քաղաքացիական պաշտպանության գործուն համակարգը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով դուրս գալու նաև այդ փորձությունից:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդուժի, ռեակտիվ հրետանու և ծանր զրահատեխնիկայի օգտագործմամբ բացահայտ հարձակողական գործողությունների դիմած մեր ոխերիմ թշնամու դեմ մարտերում հայ զինվորների  սխրագործությունները համատարած էին ու զանգվածային: Հայրենիքի մերօրյա պաշտպանները` քաջարի դիրքապահները, ինչպես միշտ, իրենց սպաների և սերժանտների հրամանատարությամբ սառնասրտորեն դիմակայեցին հակառակորդի՝ մինչև ատամները զինված հատուկջոկատայիններին: Ծավալվեցին արյունահեղ մարտեր ամեն մի թիզ հողի համար: Թշնամին, հույսը դնելով  հատուկ պատրաստություն անցած հարյուրավոր թուրք ասկյարների վրա, անակնկալի եկավ՝ հանդիպելով 18-20 տարեկան հայ զինվորների համառ դիմադրությանը: Ժամկետային զինծառայողներն իրենց հմտավարժ սպաների հրամանատարությամբ արիաբար կանգնեցին մինչև վերջ և հանդես բերեցին հերոսության անկրկնելի օրինակներ:

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԱպրիլի 2-ի կեսօրին հակառակորդի մարտական ուղղաթիռները սկսեցին հրթիռային հարվածներ հասցնել հարավային ուղղությամբ գտնվող մեր դիրքերին` նպատակ ունենալով ապահովել իրենց տանկերի և հետևակի առաջխաղացումը: Այդ ժամանակ խրամատում կանգնած ջոկի նռնակաձիգ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյանը նռնականետը ձեռքին սպասում էր հարմար պահի` առաջացող տանկը խոցելու համար: Հանկարծ նրա տեսադաշտում հայտնվեց հակառակորդի մարտական ուղղաթիռը, որը թռչող հրեշի նման մոտենում էր մեր դիրքին` հրե կրակ թափելու հայ զինվորների վրա: Վտանգված էր իր մարտական ընկերների կյանքը, ուստի Նարեկը, առանց հապաղելու, նռնականետի նշանոցն ուղղեց ուղղաթիռի վրա: Զինվորի անվրեպ կրակոցից խոցվեց թշնամու ուղղաթիռը և զարկվելով գետնին` պայթեց…

Նույն օրը` հյուսիսային ուղղությամբ, մեր մյուս հերոսը` ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյանը, «Իգլա» հակաօդային սարքից խոցեց հակառակորդի մարտական մեկ այլ ուղղաթիռ:

Հարավային ուղղությամբ հակառակորդի տանկերը համառ փորձեցին ներխուժել մեր դիրքեր, սակայն հայ դիրքապահները, իրենց երդմանը հավատարիմ, հետ մղեցին թշնամու ցանկացած հարձակում: Ծավալված կատաղի մարտերում իրեն լավագույնս դրսևորեց խիզախ ժամկետային զինծառայող, շարքային Մարատ Պետրոսյանը՝ երկօրյա մարտերի ընթացքում իր «Ֆագոտի» դիպուկ կրակոցներով շարքից հանելով հակառակորդի 3 տանկ:

Իրենց ընկերներից ոչնչով հետ չմնացին հարավային ուղղության Դ-30 հրետանային դիվիզիոնի մարտիկները` դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Գրիգորյանի հրամանատարությամբ: Կատաղի մարտերի ընթացքում 3-րդ մարտկոցը հրամանատար, ավագ լեյտենանտ Գեորգի Յավրյանի հմուտ ղեկավարությամբ դիպուկ համազարկերով ոչնչացրել է հակառակորդի 2 միավոր զրահատեխնիկա, զգալի կենդանի ուժ և մի շարք կարևոր նշանակության ռազմական օբյեկտներ:

Մինչ ռազմաճակատի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում էին, մեր հայրենիքի տարբեր շրջաններից հարյուրավոր ազատամարտիկներ շտապում են առաջնագիծ` անվարան կանգնելու իրենց կրտսեր ընկերների և որդիների կողքին, հասկանալով, որ անհրաժեշտ է զարգացնել ձեռք բերած հաջողությունները:

Ապրիլի 3-ին հակառակորդի գերազանցող ուժերի առաջին հարվածն իրենց վրա վերցրին հյուսիսարևելյան ուղղության հրաձգային վաշտերից մեկի քաջարի մարտիկները` աննկուն հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ: Քանիցս զավթիչները համառ փորձեր կատարեցին տիրելու մեր դիրքերին և ամեն անգամ հետ շպրտվեցին` տալով բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ԱՐԺԱՆԻ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԿատաղի մարտերի ընթացքում կապիտան Ուրֆանյանը նռնականետի դիպուկ կրակոցով շարքից հանել է հակառակորդի մեկ տանկ, ոչնչացրել մեկ տասնյակի հասնող կենդանի ուժ: Տեսնելով, որ ուժերն անհավասար են, և զինամթերքը սպառվում է, վաշտի հրամանատարն ընդունել է երկրորդ խրամատ ետ քաշվելու և այնտեղ վերախմբավորվելով հակագրոհի անցնելու որոշում: Կրակով ապահովելով իր զինվորների տեղաշարժը՝ կապիտան Ուրֆանյանը մինչև վերջին փամփուշտը կռվել է, ապա գերեվարումից խուսափելու համար նռնակը պայթեցրել ձեռքում՝ սատկացնելով իրեն մոտեցող  հակառակորդի ևս երկու զինվորի: Խիզախ հրամանատարի մարմինը մարտադաշտից հանելու համար մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում թշնամին հետ է շպրտվել՝ մարտադաշտում թողնելով մի քանի տասնյակ դիակներ:

Հյուսիսային ուղղությունում ևս դաժան մարտեր էին: Օգտվելով քանակական բացարձակ գերակշռությունից` ոսոխը տանկերով փորձ արեց ճեղքելու Թալիշ գյուղի պաշտպանական  դիրքերը: Թշնամու հաշվարկները, որպես կանոն,  սխալ էին, քանի որ մեր սպաներն ու զինվորները աննկուն դիմադրություն ցույց տվեցին ոսոխին: Եվ Թալիշի մոտակա մարտական դիրքերը վերածվեցին հակառակորդի գերեզմանոցի, խրամուղիները ծածկվել էին տասնյակ դիակներով: Անօրինակ հերոսությամբ աչքի ընկավ մարտական դիրքերից մեկի անձնակազմը, որը մինչև վերջին փամփուշտը մարտնչեց հակառակորդի գերազանցող ուժերի դեմ: Մարտերի ընթացքում հերոսացան շարքայիններ Ռաֆիկ Հակոբյանը, Աղասի Ասատրյանը,  դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը: Մեր տղաներին օգնության հասած հատուկ նշանակության վաշտի հրամանատար, մայոր Արարատ Բաղդասարյանը նռնականետի դիպուկ կրակոցներով ոչնչացրեց հակառակորդի երկու տանկ, մեկ տանկ էլ շարքից հանվեց մայոր Արմեն Սանթրյանի հրամանատարությամբ գործող հրետանային դիվիզիոնի` կապիտան Վասիլ Ծառուկյանի մարտկոցի անձնակազմի դիպուկ համազարկով:

Ոսոխին ջախջախիչ պարտության մատնելու համար մենք զորաշարժի ենթարկեցինք մեր բոլոր ուժերն ու հնարավորությունները, առաջին հերթին համախմբվելով հրամանատարական կազմի շուրջ, որպեսզի հստակորեն ու անվերապահ կատարենք մեր առջև դրված մարտական խնդիրները:

 

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.` Արմեն Երամիշյանի

Խորագիր՝ #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


13/04/2016