Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺԻ ԵՐԴՈՒՄ



Նարվիկ Ասլանի Գեւորգյանը 1991թ. հունիսին Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում կազմավորել է ինքնապաշտպանական ջոկատ եւ դարձել այդ ջոկատի հրամանատար։ 1992թ. սեպտեմբերի 1-ին ջոկատն ամբողջ անձնակազմով մտել է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կազմի մեջ, Նարվիկը նշանակվել է վաշտի հրամանատար, նրան շնորհվել է «ավագ լեյտենանտ» զինվորական կոչում։ Նրա վաշտը մասնակցել է Ջաբրայիլի, Ղուբաթլուի, Զանգելանի շրջաններում հակառակորդի կրակակետերի ոչնչացմանը։ 1993թ. դեկտեմբերի 22-ին նշանակվել է գումարտակի շտաբի պետ։ Զոհվել է 1994թ. հունվարի 5-ին` Ֆիզուլիի շրջանի Բաբը բնակավայրի մոտերքում։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով եւ ՀՀ «Արիության» մեդալով։

-Երեք երեխաներս՝ Տաթեւիկը, Եղիշեն, Հեղինեն, մնացին գյուղում։ Առողջական ինչ-ինչ խնդիրներ կային, եւ Նարվիկն ինձ ուղարկեց Երեւան` մեր չորրորդ զավակին լույս աշխարհ բերելու,- վերհիշում է կինը՝ Արեւիկը,- փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Արդեն Անուշիկս մի քանի ամսական էր, ու երեխայիս հետ Երեւանից հասել էինք Տումի գյուղ, որտեղ մեզ էր սպասում ամուսինս։ Մինչեւ Խծաբերդ պետք է ոտքով անցնեինք մոտ 25 կմ լեռնային, անտառածածկ ճանապարհ։ Արմենի մայրը` տիկին Ռիպան, մեզ հետ ճանապարհի հաց դրեց, թթի օղի։ 1992-ի հուլիսի 27-ն էր, իմ ծննդյան օրը։ Խծաբերդ գնացող էլի մարդիկ կային։ Ամուսինս եկել էր իր սիրելի ձիով, որի թամբին ես նստեցի՝ գիրկս առնելով Անուշիկին, ու շարժվեցինք։ Հրաշալի բնություն, կուսական անտառներ, սառնորակ ջրեր… Ամեն քայլափոխի մեկը մյուսից գեղեցիկ տեսարաններ։ Սակայն այդ հրաշագեղ տեսարանները մեզ չէին դյութում, ամեն մեկն իր մտքերի հետ էր, պատերազմ էր։ Ամուսինս ձիու սանձը ձեռքին քայլում էր առջեւից։ Ճանապարհին մի ուղղաձիգ, բարձրաբերձ սար կա, որը հաղթահարելու համար նույնիսկ ձին դունչը տալիս է գետնին։ Այդ սարը բարձրանալուց հետո, ընդունված կարգ է, պետք է նստել հացի, որպեսզի հոգնած կենդանիները նույնպես հանգիստ առնեն։ Լեռան գագաթին կանգ առանք։ Այդ վայրին մենք Մելիքի յուրդ ենք ասում։ Բացեցինք հացի կապոցները։ Աննկարագրելի տեսարան էր բացվել մեր դեմ՝ անտառներ, լեռներ, սարից ցած թափվող ջրվեժ…
Լցրեցին բաժակները թթի օղիով, ու մեկ էլ ամուսինս ոտքի կանգնեց ու հայացքը այդ հրաշալի տեսարաններին, Արցախ աշխարհին, ասաց.
-Էսպիսի երկիր պահելու համար պետք է պատրաստ լինենք ամեն մի զոհողության։ Պետք է կռվել, ու թե հարկ լինի` անգամ կյանքը տալ… Հետո հայացքը դարձրեց մեր ծննդավայր Խծաբերդի կողմն ու շարունակեց։ -Մեր Սուրբ աղբյուրից թուրքը ջուր չպիտի խմի, մեր Սահունասարի ու Մեծ սարի լանջերին օտարի ոտք չպետք է դիպչի։ Մեր Ռուսիմի խութի հանգստարանի սուրբ ննջեցյալների նիրհը չպիտի խանգարվի։ Մեր մայրերի, մեր քույրերի, մեր դուստրերի պատիվը թանկ է մեր կյանքից,- ու մի պահ դադար տալով, շարունակեց. -Այսօր տիկնոջս՝ Արեւիկի ծննդյան օրն է։ Արեւիկ ջան, ծնունդդ շնորհավոր։ Անուշիկս որ մեծանա՝ կպատմես, թե որտեղ ենք նշել քո ծննդյան օրը։
Անուշիկս խաղաղ քնած էր ծառի շվաքում։ Ունկնդիրները մեզ միացած երեք ճամփորդներն էին ու մեկ էլ՝ Արցախ աշխարհի լեռներն ու անտառները։ Բարձունքից ասված այս խոսքերը դարձան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի 21 քաջարի տղաների սրբազան երդումը…
♦♦♦
Հունիսի 2-ը Նարվիկ Ասլանի Գեւորգյանի ծննդյան օրն է։ Նա դարձավ 54 տարեկան։ Ծննդավայրը Հադրութի Խծաբերդ գյուղն է, պատմական Դիզակի հինավուրց բնակավայրը։ Ասլան եւ Ռիպա ծնողների 4-րդ զավակն էր։ Ռենա, Ռիմա, Զոյա քույրերից հետո ընտանիքի առաջին արու զավակն էր։ Հետո ծնվեց ամենակրտսերը՝ Արշավիրը։
Ավարտելով Խծաբերդի ութամյա դպրոցը` Նարվիկը տեղափոխվել է Երեւան եւ ավարտել թիվ 151 միջնակարգ դպրոցը։ Դպրոցից հետո ուսումնարան, աշխատանք «Ալյումինի» գործարանում, ծառայություն խորհրդային բանակում։ Ծառայությունից վերադառնալով` սովորել, ապա աշխատանքի է անցել Արաբկիրի ՆԳ բաժնում։ Ամուսնացել է ու աշխատանքային տարիներին պարգեւատրվել մեդալներով ու պատվոգրերով։ Աշխատանքին զուգընթաց ավարտել է նաեւ ֆինանսատնտեսական տեխնիկումը։ Կապը ծննդավայրի հետ միշտ եղել է։ Իր երեք զավակներից միայն Հեղինեն էր ծնվել Երեւանում։ Տաթեւիկն ու Եղիշեն ծնվել էին «իրենց ծննդավայրում»։ Նարվիկը այդպես էր ասում, որովհետեւ կինը՝ Արեւիկը, նույնպես Խծաբերդից է եւ կատակում էր. «Ես ճիպոտն իմ քյոշից եմ կտրել»։
«Երբ փոթորկվեց Արցախ աշխարհն ու Հայաստան աշխարհը, Ազատության հրապարակում, ամենուր սկսվեցին ցույցերն ու միտինգները, Նարվիկը, որն իր ծառայության բերումով կարգ էր պահպանում, մի օր էլ տուն եկավ ու ասաց. «Սրա վերջը կռիվ է, էսպես հարց չի լուծվի, հողի, ազատության իրավունքի հարցերը պայքարով են լուծվում»։
1990թ. վերցնելով իր ընտանիքը` վերադարձավ հայրենի գյուղ։ Ծանր, դժվարին ժամանակներ էին։ Սահմանամերձ բնակավայրերում «վայրենուն հատուկ իր բնազդներով» ադրբեջանցիները սկսել էին թալան ու կողոպուտ։ Նախրապանն ու հովիվը, հարեւան գյուղ գնացողը չգիտեին` երեկոյան տուն կդառնա՞ն։ Բացի դրանից, սկսվել էին անձնագրային ստուգումները։ Անորոշ ժամանակներ էին։ Սակայն եղան սահմռկեցուցիչ դեպքեր, որոնք մի ակնթարթում ջնջեցին ժողովուրդների` 70 տարիների կեղծ «եղբայրությունն ու բարեկամությունը»։ Առաջին զոհը հարեւան գյուղից Արշավիր Սաղյանն էր, ով ոտքով հասել էր մինչեւ Բեռլին, պարել մեր հաղթական քոչարին։ Եվ ազերիների ոհմակի կտտանքներից, խոշտանգումներից մի կերպ գյուղ հասած Հայրենական պատերազմի հերոս-վետերանը մեռավ։ Նրան տանջել էին, խոշտանգել, սակայն նա կենդանի էր մնացել, որ գյուղ հասնի, որ ասի՝ «չհավատաք սրանց, զինվեք, պաշտպանվեք»։ Ասի ու հոգին տա ոչ այնքան ֆիզիկական տանջանքներից, այլ վիրավորանքից, հզոր երկրին իր բերած վաստակի ուրացումից։
Հաջորդ դեպքը կողքի գյուղի 8 ծերունիների խոշտանգումներն էին, որոնցից 4-ին սպանեցին…
Փակվել էին ճանապարհները, Խծաբերդ գյուղին նույնպես վտանգ էր սպառնում, եւ գյուղացիները համախմբվեցին Նարվիկ Գեւորգյանի շուրջը, ով իր նվիրվածությամբ, շրջահայացությամբ վաստակել էր նրանց սերն ու համակրանքը։ Վ. Սարգսյանի խորհրդով նշանակվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, որը կոչեց «Ներսես Զախարյանի» անունով։ (Ներսեսը մորական պապի եղբայրն է, ով 20-ական թթ. փայտով գերի է վերցրել մի հայատյաց թուրքի ու փայտը թիկունքին դրած, որպես զենք, հասցրել է գյուղ։ Քաջ է եղել, անվեհեր:) Երեւանից եղբոր, քույրերի, ընկերների, Հայաստանում ապրող խծաբերդցիների, Արցախի եւ Հայաստանի հրամանատարների օգնությամբ ուղղաթիռով գյուղ էր տեղափոխել զենք-զինամթերք, հագուստ, սնունդ…
91-ի մայիսին, երբ առաջին արկն ընկավ գյուղի վրա, արդեն ջոկատի 21 անդամները Նարվիկի հրամանատարությամբ կազմ ու պատրաստ սպասում էին։ Եվ Նարվիկը ոտք դնելով գյուղի 30 ընտանիքներից ամեն մեկի օջախը, ժպիտը դեմքին, հույս ներշնչող հավատով ասում էր. «Չվախենաք, ամեն ինչ լավ է լինելու»։
Հրամանատարը նաեւ կոլտնտեսության նախագահն էր, ուստի գյուղի նորածնից մինչեւ տարեց մամիկների, այրերի ամենօրյա հոգս ու խնդիրները մշտապես իր ուշադրության կենտրոնում էին։ Երբ ծանոթանում էի հրամանատարի արխիվին՝ ժամանակի շնչից խունացած լուսանկարների, թերթերի, գրությունների, թվաց` հիշողությունը գույն ունի ու ձայն։ Հույսի ու հերոսության այն հեռավոր օրերին, երբ կյանքի ու մահվան նժարին օրորվում էր Մարդը, Խծաբերդ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Նարվիկ Գեւորգյանի` Երևանից օգնություն պահանջող գրություններում որպես անհրաժեշտ պարագաներ, բացի զենք-զինամթերքից, նշվում են նաև` «Նորածնի կեր, օճառ, կոշիկ»։ Նշանակում է՝ գյուղում այդ օրերին կյանքը չի դադարել, ծնունդ է եղել։ Այդպես աննկատ ծնվեց ու զորացավ համագյուղացիների սերը նրա հանդեպ։
Պատերազմական օրերին բնակչությունը դուրս չեկավ գյուղից։ Երիտասարդներից կազմված ջոկատի տղաների հետ տարբեր դիրքերում մարտական հերթափոխի էին կանգնում նաեւ գյուղի տարեցները։ Մինչեւ ռմբակոծությունների ավարտը կանանց ու երեխաներին թաքցնում էին քարանձավներում։ Գյուղում կազմակերպել էր նաեւ տարեցների թիկունքային ջոկատը։
Լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանը, այցելելով գյուղ, երբ ոտք դրեց Նարվիկի օջախը, տեսնելով նրա 4 երեխաներին, ասաց. «Նավրո, էս լաճերին ո՞ւմ կթողնիս, որ կբարձրանաս դիրքեր»։
-Ասլան հայրիկիս, մայրիկիս կթողնեմ, հրամանատար,- հպարտացել էր Նարվիկը։
Հետո, երբ բարձրացել էին դիրքերը, Մոնթեն, ով Խծաբերդի դերն ու նշանակությունը հաշվի առնելով, այն անվանել էր Արցախի երկաթյա դարպաս, Նարվիկին ասել էր.
-Թուն հերոս ես, որ այս պայմաններում արծիվներուդ հետ այս գյուղը պահեցիր։
Եվ այս խոսքերը հպարտությամբ լսեցին ջոկատի տղաները՝ Ալիկ Հակոբյանը, Վազգեն Պիլյանը, Վոլոդյա Պետրոսյանը, Էդմոն Բուդաղյանը, Վրեժ Քարամյանը, Ալիկ Ավանեսյանը, Բորիկ Պետրոսյանը, Վալերիկ, Վահան, Վովա, Շմավոն, Էլդար Պիլյանները, Ջանիկ Պետրոսյանը, Գիրո Հայրապետյանը, Ղարիբ եւ Գագիկ Պետրոսյանները, Վիլեն Բեգլարյանը։
♦♦♦
Ռուսիմի խութի հանգստարանում է ննջում Նարվիկ Գեւորգյանը։ Հայրենական մեծ պատերազմում զոհված 84 խծաբերդցիների հուշարձանի կողքին (Նարվիկի 3 հորեղբայրները՝ Արշավիրը, Եղիշեն եւ Գուրգենը, զոհվել են Մեծ հայրենականում, ծանր վիրավոր տուն է դարձել միայն մեկը՝ Գրիշան) այսօր հառնում է մի նոր հուշարձան՝ Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած գյուղի 7 զոհերի հիշատակին։ Երբ Նարվիկը զոհվեց, ու քննարկվում էր նրան Եռաբլուրում հուղարկավորելու հարցը, Ասլան հայրն ասաց. «Այստեղ է ծնվել իմ որդին, այստեղ են հուղարկավորված իմ նախնիները։ Որդիս նրանց արժանի ժառանգորդն էր»։ Հիմա նույն գերեզմանոցում են ննջում նաեւ Ասլան հայրն ու Ռիպա մայրը։
Մարմարյա քարին հասակով մեկ կանգնած է Նարվիկը՝ իրենից անբաժան ժպիտով, հայացքը հառած Արցախ աշխարհին։ Նայում է իր ծննդավայրի Հազարափրկիչ, Անմտեղ, Օձաբերդ պարսպապատ բերդերին, խոնարհված եկեղեցիներին, դարավոր խաչքարերին, բերդ-քարերին, Սահունասարին, հայրենի ջրերին ու անտառներին, նայում է իր ծննդավայր Խծաբերդին, որոնք ամեն արեւագալի հետ լսում են հերոսի երդումի խոսքերը.
-Մեր Սուրբ աղբյուրից թուրքը երբեք ջուր չպիտի խմի, մեր Սահունասարի ու Մեծ սարի, Կանգուն սարի լանջերին օտարի ոտք չպիտի դիպչի։ Մեր Ռուսիմի խութի հանգստարանի սուրբ ննջեցյալների նիրհը չպիտի խանգարվի։ Մեր մայրերի, մեր քույրերի, մեր դուստրերի պատիվը թանկ է մեր կյանքից…
Շնորհավոր ծնունդդ, հայրենյաց զինվոր ու հավերժի ճամփորդ…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


15/06/2011