ԻՐԱՆԻ «ՍՈՒԵԶԻ ՋՐԱՆՑՔԸ»
Եվրասիական մայրցամաքի ընդլայնվող տրանսպորտային ցանցը ՀՀ ռազմական անվտանգության տեսակետից
Արևմտյան պատժամիջոցներից ազատված Իրանը ոտք է դրել տնտեսական ու ռազմաքաղաքական հզորացման նոր ուղի: Դրա արտահայտություններից են օրերս օտարերկրյա ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները, թե Իրանն ու Ռուսաստանը համատեղ վիթխարի մի նախագիծ են ձեռնարկել, որը կարող ենք անվանել ռուս-իրանական «դարի կառույց»: Այդ մասին տեղեկություններ են հայտնվել թուրքական, իրանական, ռուսական մամուլում:
Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների համադրումն ու վերլուծությունը թույլ են տալիս մեզ անելու հետևյալ եզրահանգումները:
Ռուս-իրանական համատեղ նախագիծն աչքի է ընկնում իր համարձակությամբ և նորարարությամբ: Նախագծի իմաստն է նավագնացության հնարավորություն տվող մի ջրանցքով համաշխարհային օվկիանոսին կապել Ռուսաստանի ու Իրանի միջև գտնվող և նրանց միմյանց կապող փակ ծովը՝ Կասպիցը, որն իրականում աշխարհի ամենամեծ լիճն է:
Այս խոստումնալից նախագծի իրագործման դեպքում Իրանն ու Ռուսաստանը, որոնք բնական դաշնակիցներ են առնվազն Մերձավորարևելյան աշխարհաշրջանում, կստեղծեն այլընտրանք Թուրքիայի կողմից վերահսկվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներին, որոնք ներկայումս Սև ծովը և Ռուսաստանի հարավային տարածաշրջանները կապում են Միջերկրականին և նրա միջոցով՝ համաշխարհային օվկիանոսին:
Ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ ռուս-իրանական հոյակապ ծովային ջրանցքի սույն նախագիծը վաղուց է «դրված դարակում»: Պայմանականորեն այն կոչվում է «իրանական Սուեզի ջրանցք»:
Ամենայն հավանականությամբ՝ Իրանը օգնության համար կդիմի Ռուսաստանին: Նախագծի կառուցման նախատեսվող արժեքն է 7 մլրդ ԱՄՆ դոլար… Նախատեսվում է «իրանական Սուեզի ջրանցքի» կառուցումն ավարտել 2030 թվականին: Ի դեպ, նոր ջրանցքը հնարավորություն կտա Կասպյան երկրներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Թուրքմենստանին, Ռուսաստանին, Իրանին իրենց նավթը և բնական գազը փոխադրել համաշխարհային օվկիանոս:
Բացի նրանից, որ դա կաշխուժացնի մերձկասպյան երկրների տնտեսությունը, նաև վերջիններիս կարող է ուղղել դեպի տնտեսապես հզորացած Հեռավորարևելյան, Հարավարևելյան և Հարավային Ասիայի աշխարհաշրջաններ, մասնավորապես՝ Չինաստան, Ճապոնիա, Հնդկաստան, Սինգապուր, Կորեա, Թայվան և այլն, դրանով իսկ թուլացնելով Կասպյան աշխարհաշրջանի կապը Արևմուտքի հետ և, հավանաբար, զգալիորեն խափանելով Կասպյան աշխարհաշրջանի նկատմամբ Արևմտյան ազդեցության մեծացման ամերիկյան պլանները:
Ճիշտ է՝ չի բացառվում նաև Պարսից ծոցից «իրանական Սուեզով» նավթատար նավերի անցումը Կասպից ծովով և Վոլգա-Դոն ջրանցքով դեպի Ազովի ու Սև ծովեր, ապա՝ Դանուբով մինչև Եվրոպայի կենտրոնը: Մեկ այլ ուղիով (Կասպից ծով – Վոլգա – Օնեգա – Նևա և Վոլգա – Բելոմորկանալ) նավերը կարող են հասնել նաև Բալթիկ և Սպիտակ ծովեր:
Բնական է, որ զգալիորեն կկրճատվեն՝ ա) Պարսից ծոց-Կենտրոնական Եվրոպա, բ) Պարսից ծոց-Արևմտյան Եվրոպա, գ) Պարսից ծոց-Հյուսիսային Եվրոպա ջրային ուղիները, ինչը կարող է ունենալ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ու նաև՝ ռազմական կարևոր նշանակություն:
Նկատենք, որ «իրանական Սուեզի ջրանցքը» պաշտոնական Մոսկվային կարող է հետաքրքել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական տեսակետից: Բանն այն է, որ ռուսական ռազմանավերը այդ ջրանցքով կկարողանան Աստրախան նավահանգստից ուղղակի դուրս գալ Պարսից ծոց՝ խուսափելով Բոսֆոր – Մարմարա ծով – Դարդանել ուղուց, որը Թուրքիայի և նրա արևմտյան հովանավորների կողմից Ռուսաստանի վրա ճնշումներ բանեցնելու գործիքի դեր է խաղում:
Այսպիսով՝ ռուսական ռազմանավատորմը կարող է մրցակցել ԱՄՆ-ի ռազմանավատորմի հետ, որն այժմ ազատորեն գործում է Պարսից ծոցում՝ այստեղ ունենալով մի շարք հզոր ռազմական բազաներ, որոնցից առանձնապես աչքի է ընկնում Բահրեյնում ամերիկյան բազան՝ աշխարհում մեծագույն ռազմածովային բազան, որտեղ էլ տեղակայված է ԱՄՆ-ի զինված ուժերի «Կենտրոնական հրամանատարության» (CentCom) շտաբը:
Ակնհայտ է, որ այս ամենը կնվազեցնի Սևծովյան նեղուցների՝ Բոսֆոր-Դարդանելի ռազմական և տնտեսական նշանակությունը, դրանով իսկ հարվածելով Թուրքիայի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական հզորությանը և առհասարակ՝ նրա կարևորությանը Մերձավորարևելյան աշխարհաշրջանում:
Ի դեպ, Անկարային կարող է առնվազն տհաճություն պատճառել, խոշոր հաշվով նաև զգալիորեն վնասել այն հանգամանքը, որ թուրքական «Ստամբուլ» նախագիծը (նավագնացային ջրանցքը Մարմարա ծովից դեպի Սև ծով) կարող է ֆինանսական տեսակետից շահութաբեր չլինել: Ավելին՝ վնասաբեր դառնալ:
Ինչպես տեսնում ենք, մեր հարավային հարևանը՝ Իրանը, հանդիսանալով Ռուսաստանի փաստացի ռազմավարական դաշնակիցը, վիթխարի տրանսպորտային-տնտեսական և, փաստորեն, ռազմաքաղաքական նախագծեր է պլանավորում Մերձավոր Արևելքում և հարակից աշխարհաշրջաններում:
Մեզ հայերիս սա հուշում է, որ Իրանը, օգտվելով Չինաստանի հսկայական տնտեսական և քաղաքական աջակցությունից, կարող է հովանավորել մեզ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման հարցում: Այն հնարավորություն կտա ՀՀ-ին զգալիորեն հաղթահարելու թուրք-ադրբեջանական տրանսպորտային շրջափակումը և, փաստորեն, ի չիք դարձնելու «հողերի վերադարձ՝ տնտեսա-տրանսպորտային շրջափակումը հանելու դիմաց» թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական շանտաժը…
Ի դեպ, դեպի Իրան ելք ձեռք բերած ՀՀ-ի երկաթուղու մի ճյուղը կարող է մտնել Արցախ հյուսիսից (Երևան-Սևան-Զոդ-Քարվաճառ-Մարտակերտ-Ստեփանակերտ), մյուսը` հարավից (Երևան-Սիսիան-Կապան-Մինջևան-Ջրական-Կարմիր Շուկա – Ստեփանակերտ)… Դրանով իսկ Հայաստանը և մասնավորապես Արցախը կհայտնվեն Եվրասիական երկաթուղային վիթխարի ցանցի մեջ և կկարողանան օգտվել նրա տնտեսական, քաղաքական ու ռազմական մեծ հնարավորություններից… Այս մասին նախագիծ-հոդված և համապատասխան քարտեզ ենք հրապարակել դեռ 1997թ. ամռանը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:
ՀՀ-Իրան, այդ թվում՝ Երևան-Արցախ-Իրան երկաթուղային հաղորդակցության ստեղծումը՝
ա) կաշխուժացնի տնտեսական կյանքը Արցախում, Սյունիքում, Վայքում, Գեղարքունիքում,
բ) կմեծացնի ՀՀ կենտրոնական շրջաններից դեպի Արցախ ռազմական բեռների տեղափոխման հնարավորությունները,
գ) կնպաստի ՀՀ-ի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը և մեր երկրի պաշտպանունակության աճին:
Եվրասիա մայրցամաքի հսկայական երկաթուղային թեկուզեւ մասնակիորեն կամ կողմնակիորեն նաև ջրային տրանսպորտային ցանցին Հայաստանի միանալու հեռանկարները պատկերացնելու համար ստորև ներկայացնում ենք հետևյալ տվյալները:
Ներկայումս գոյություն ունեն Իրան-Թուրքմենստան-Ղազախստան-Ռուսաստան (կառուցված է 2009-2014թթ.), ինչպես նաև Իրան-Թուրքմենստան-Ուզբեկստան-Ղրղըզստան-Չինաստան երկաթուղիները: Իրանի կողմից 2010թ. առաջարկված է և 2015թ. փետրվարից նախագծային փուլում է Իրան-Աֆղանստան-Տաջիկստան-Ղրղըզստան-Չինաստան երկաթուղին: Վերջինս իրար կկապի երեք իրանալեզու երկրները՝ Իրանը, Աֆղանստանը, Տաջիկստանը՝ թուլացնելով Թուրքիայի ազդեցությունը Կենտրոնական Ասիայում:
Իրանը կապող օղակ կարող է դառնալ Հայաստանի և Եվրասիայի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ ամենահեռավորների միջև: Մասնավորապես՝ Իրանի միջոցով ՀՀ-ն կարող է կապվել Կենտրոնական Ասիայի երկրներին, Իրաքին, Սիրիային, Ռուսաստանի մերձկասպյան, մերձվոլգյան, ուրալյան, սիբիրյան և հեռավորարևելյան տարածաշրջաններին, Հնդկաստանին, Հնդկաչինի երկրներին, Չինաստանին:
Բոլոր առումներով Հայաստանի համար նպաստավոր է թե՛ Իրանի վերածվելը Եվրասիական տրանսպորտային-հաղորդակցային ցանցի հզոր հանգույցի, թե՛ առավել ևս Հայաստան-Իրան երկաթուղային կապի ստեղծումը… Իսկ սույն հոդվածում դիտարկված Կասպից ծով – Պարսից ծոց ջրանցքի կառուցումը՝
ա) կկարճի Հայաստանի ելքը դեպի համաշխարհային օվկիանոս՝ հարավային ուղղությամբ,
բ) հնարավորություն կտա ՀՀ-ին՝ թեկուզ Իրանի տարածքով, բայց, միևնույն է, մուտք գործելու Կասպից ծով,
գ) կմեծացնի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և, ընդհակառակը, կնվազեցնի Թուրքիայի և Ադրբեջանի ուժն ու հնարավորությունները:
Հավանաբար այդ նպատակներով է, որ Իրանը և Ռուսաստանը դիտարկում են նաև Կասպից ծովից դեպի Հնդկական օվկիանոս գնացող մեկ այլ ջրանցքի տարբերակ, որը դուրս կգա ոչ թե դեպի Պարսից ծոց, այլ միանգամից դեպի ավելի բաց ու ազատ Օմանի ծոց և Արաբական ծով…
Մնացական ԽԱՉԱՏՐՅԱՆ
ռազմական պատմաբան