Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՓՈՔՐ ՄՀԵՐԻ» ՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ



ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ

«Վրաններում էինք պարապմունքներ անցկացնում. երեխաները մեկում դասերն էին պարապում, մյուսում՝ ճաշում, երրորդում՝ քնում։ Վառարան էինք վառում, ծուխը լցվում էր ներս։ Ընդամենը 40 սան ունեինք։ Ուսուցիչները գնահատում էին երեխաներին` մատյանները ծնկների վրա դրած։ Պայմաններ չկային, նորմալ գույք չկար։ Բայց կար մեծ սեր, կար նվիրում»,- հիշում են կրթահամալիրում առաջին օրից աշխատողները։

ԱՅՍՕՐ

Տարածքն ասֆալտապատ է, կրթահամալիրը ջեռուցվում է, ուսումնական, մարզական, զինվորական գույքը բավարար է, կա բուժկետ, բաղնիք, գրադարան, համակարգչային դասարան, շարահրապարակ, դասասենյակները կահավորված են, շրջակայքը բարեկարգ է, կանաչապատ. արհեստական փոքրիկ ջրվեժը, ջրում խայտացող ձկները, տեղանքում հայտնաբերված նախաքրիստոնեական շրջանին վերագրվող վիշապաքարերը հաճելի տպավորություն են թողնում։ Տասը տարում հսկայածավալ աշխատանք է կատարվել։ Հոգատար ձեռքի ներկայությունն ես զգում, աչք շոյող մաքրություն է։ Հին օրերից ոչինչ չի մնացել։ Չէ՛, սխալվեցի, մնացել են նույն սերը, նույն նվիրումն ու եռանդը, հարազատի նույն սրտացավությունն ու ջերմությունը, որ միշտ եղել են ու կան։
-Նուբարաշենի N 18 դպրոցն այժմ դարձել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի մասնաճյուղը,-պարզաբանում է կրթահամալիրի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը եւ շարունակում,- մեզ մոտ կարող են ընդունվել այն երեխաները, որոնց առողջությունը բավարարում է այստեղ սովորելու համար։ Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով։ Կրթահամալիրում դասավանդվում են հանրակրթական բոլոր առարկաները, բայց դրան զուգահեռ` այն ունի ռազմամարզական ուղղվածություն։ Ստացած գիտելիքներն է՛լ ավելի ամրապնդելու նպատակով կազմակերպվում են ռազմամարզական խաղեր, արշավներ, մրցումներ, բանակումներ։ Մեր տարածքն այսօր լիովին հնարավորություն է ընձեռում ռազմամարզական վարժանքները տեղում կազմակերպելու։ Արվում է հնարավորը, որ մեր սաները լինեն ֆիզիկապես ամուր, կարգապահ, հոգեպես կայուն։ Մի խոսքով՝ առողջ ե՛ւ մարմնով, ե՛ւ հոգով։ Դաստիարակչական մեր աշխատանքի հիմքում են խրախուսման, համոզման, անձնական օրինակի մեթոդները։ Հարկադրանքով, ստիպելով արդյունքի չես հասնի։ Անչափ կարեւորում ենք նաեւ գիտելիքի դերը. ամեն ասպարեզում էլ հաջողության եւ հաղթանակի հասնելու համար գիտական ներուժ է պետք։ Մեր կրթահամալիրն ավարտած տղաներից շատերը դիմում են ռազմական բուհեր, նրանք լիովին պատրաստ են մեկնում զինվորական ծառայության։ Ամուր բնավորությամբ, կայուն գիտելիքներով, վստահ ենք, նրանք կդառնան հասարակությանը պիտանի։
-Կրթահամալիրի ուսումնական ծրագրերում, բացի հանրակրթականից, ներառված են նաեւ «Նախազորակոչային պատրաստություն», «Առաջին բուժօգնություն», «Գոյատեւում արտակարգ իրավիճակներում», «Ռազմարվեստի պատմություն», «Բարոյագիտություն», «Ինքնապաշտպանություն» եւ այլ առարկաներ։ Բացի դրանից, կազմակերպում ենք էքսկուրսիաներ Հայաստան աշխարհի տարբեր գողտրիկ անկյուններ։ Հայկազունները եղել են Վանաձորում, Դսեղում, Իջեւանում, Բերդում, Դիլիջանում, Ստեփանավանում, Արցախում,- հավելում է տնօրենի` ուսումնական գծով տեղակալ մայոր Արմենակ Ավագյանը, որը նույնպես հաստատության «հնաբնակներից» է։
♦♦♦
Կրթահամալիրի ողջ տարածքում աշխույժ եռուզեռ է։ Շարահրապարակում վերջին փորձն է` վաղը կրթահամալիրի 10-ամյակին նվիրված մեծ միջոցառում է լինելու։ Զինվորականի կատարելատիպ գնդապետ Հրանտ Աղաջանյանը՝ այս բարի եւ խիստ մարդը, օգնում է հայկազուններին, շտկում սխալները, սովորեցնում, քիչ այն կողմ շտաբի պետ մայոր Արման Միրզոյանը հետեւում է սաների շարային քայլքին։ Ոչինչ թերի չպետք է լինի` սա նրա նշանաբանն է։ Թիկունքի պետ մայոր Սպարտակ Միքայելյանը միջոցառման հետ կապված փոխադրամիջոցի խնդիրներն է լուծում։ Ճաշարանում խոհարարներ Ալվարդը, Ալյոնան, Ցողիկը, Անուշն ու Վազգանուշը ճաշ են եփում։ Բոլորը զբաղված են։ Ուսուցչանոցում տնօրենի՝ ոչ հանրակրթական ծրագրերի գծով տեղակալ գործունյա, նախաձեռնող Նարա Դավթյանը ուսուցիչների հետ վերջին քննարկումներն է կատարում։ Ու թեեւ շատ զբաղված են, բայց ժամանակ գտնում են, որ խոսեն, հպարտանան իրենց սաներով. «Մեր տղաները տարբեր մրցույթների են մասնակցել, անգամ բուհերի ուսանողների հետ, եւ գրավել են մրցանակային տեղեր։ Հանրապետությունում կազմակերպվող տոնական, մարզական եւ մշակութային միջոցառումներին միշտ էլ ակտիվորեն են մասնակցում։ Մեզ հաճախ են ասում` «Ձեր սաներն ուրիշներից տարբերվում են, ավելի ձիգ են քայլում, կարգապահ են, հարգալից, կազմակերպված»։ Հպարտ ենք նրանցով: Կրթահամալիրը մեր երկրորդ ընտանիքն է։ Տարբեր վայրերից եկած երեխաներ են՝ տնից-տեղից կտրված։ Նրանց շրջապատում ենք ջերմությամբ, բոլորին անչափ սիրում ենք։ Մեր շրջանավարտները որտեղ էլ որ մեկնում են ծառայության, բարձր են պահում կրթահամալիրի պատիվը, զորամասերից շնորհակալագրեր ենք ստանում։ Դա եւս հպարտանալու հաճելի առիթ է։ Մենք եւ մեր սաները միշտ կապ ենք պահում բանակում ծառայող մեր շրջանավարտների հետ, ծանրոցներ եւ նամակներ ենք ուղարկում նրանց։ Մեր սաներից շատերն այսօր հրաշալի զինվորականներ են դարձել, հաճախակի այցելում են մեզ։ Մի քանիսի համար նույնիսկ հարսնախոսության ենք գնացել՝ տեղը տեղին, իսկական ծնողի պես»…
Այստեղ ուսուցիչները ոչ միայն գիտելիք, այլեւ իրենց հոգու լույսն ու ջերմությունն են տալիս սաներին։ Ուզում եմ անպայման նշել նրանց անունները՝ Նարինե Առաքելյան, Լուսինե Սարոյան, Դիանա Դավթյան, Արփինե Մելիքյան, Էլմիրա Ազարյան, Հասմիկ Ջաղացպանյան, Գայանե Հովսեփյան, Արմինե Բաբլումյան, Սվետա Սաֆարյան, Անի Մկրտչյան, Ֆիալետա Մկոյան, Ջանիբեկ Սրապիոնյան, Ամալյա Աղամալյան, Արմինե Բաբայան, Ջուլիետա Եղոյան, Սեդա Սարգսյան, Ռուզան Լալայան, Անահիտ Մելիքսեթյան, Շուշանիկ Բայաթյան, Ռազմիկ Ենոքյան, Տիգրան Անանիկյան, Դավիթ Ներսիսյան, Սաթենիկ Սարգսյան, Թագուհի Անտոնյան։ Անմնացորդ նվիրումով են աշխատում նաեւ մայոր Իվան Բաբայանը, վաշտի եւ դասակի հրամանատարներ Արտակ Տոնոյանը, Տիգրան Միքայելյանը, Արտաշես Մելքոնյանը, Խաչիկ Սարգսյանը, Արկադի Խաչատրյանը, Վահե Հարությունյանը, Տարոն Սիմոնյանը, Նորայր Բոդուրյանը, Հակոբ Մխիթարյանը, Արկադի Դավեյանը, Հակոբ Հակոբյանը, Վլադիմիր Մարգարյանը, Գեւորգ Ազգալդյանը։ Մի խոսքով՝ կրթահամալիրում բոլորն էլ իրենց գործի նվիրյալներ են։
Կրթահամալիրում գործում են դաշնամուրի, նկարչության, թատերական, բնապահպանական խմբակներ եւ երգչախումբ։ Ամեն ինչ միտված է փոքրիկ հայկազունների մտավոր եւ ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը։
… Շարահրապարակով խրոխտ քայլքով անցնում են հայկազունների ջոկերը՝ Հայկյան, Արարատյան, Արտաշեսյան, Արշակունյաց, Մամիկոնյանց, Արծրունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան, Օրբելիների, Ֆիդայական, Սարդարապատի, Արցախյան. յուրաքանչյուր ջոկ ունի իր դրոշն ու զինանշանը։
Հայկազունների հպարտ կեցվածքը, խելացի եւ կշռադատված խոսքը, հարգալից պահվածքը վկայում են, որ կրթահամալիրի ղեկավարությունն ու ուսուցչական կազմը աշխատում են ճիշտ եւ արդյունավետ` երբեք չբավարարվելով ձեռք բերածով։ Այստեղ ձեւավորվում են մեր վաղվա հայրենապաշտ զինվորները, որոնք իրենց ուժով, իրենց գիտելիքով մեր երկիրը դարձնելու են մեր երազների Հայաստանը։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #22 (887) 8.06.2011 – 15.06.2011, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


15/06/2011