ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ
Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամենամյա միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել են համագործակցության իրավական հիմքն ապահովելու նպատակով կողմերի միջև համաձայնեցված պաշտպանական բնագավառում համագործակցության միջկառավարական համաձայնագրի ստորագրման ժամկետները և համաձայնագրով սահմանված ուղղությունների (խաղաղապահություն, ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցություն) իրականացման հեռանկարները: Սերբիայի պաշտպանության նախարարը հրավիրել է Սեյրան Օհանյանին պատասխան պաշտոնական այցով Բելգրադ, որի ընթացքում էլ հնարավոր կլինի համաձայնագրի ստորագրումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է տեղեկատվություն ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և շփման գծում ներկայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը մտահոգություն են հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և կարևորել լարվածության թուլացման ու փոխվստահության մթնոլորտի հաստատման անհրաժեշտությունը:
Խորագիր՝ Նորություններ