ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՊԱՇՏՊԱՆԻՆ
Մեր դարավոր թշնամին` հայոց օջախի կրակն ու հավատի ջահը մարելու գիշատիչ բնազդով լեցուն, ապրիլի սկզբին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ: Քառօրյա պատերազմում, ցուցաբերելով անձնուրաց հերոսության բազում օրինակներ, անկոտրում կամք ու վճռականություն, ջախջախիչ հարվածներ հասցնելով հորդաներին, Դուք կասեցրիք նրանց առաջխաղացումն ու սանձեցիք արյունարբու թշնամուն՝ երիցս հաստատելով հայոց զինավառ ուժի փառքը:
Հայ ժողովուրդը սրբորեն կամրագրի բացառիկ խիզախություն եւ անձնական արիություն ցուցաբերած անկախության սերնդի քաջազունների անունները մեր պատմության էջերում:
Զինակի՛ց եղբայր, եղի՛ր զգոն, զգոնության պահպանումն այսօր առավել քան երբեւէ գերխնդիր է ու բախտորոշ, քանզի ոսոխը չի հանդարտվել եւ շարունակում է սադրել՝ մեր սրբության եզերքում սողոսկելու տեղ գտնելու մոլուցքով: Գիտեմ, որ իսկապես դժվար է, բայց հայրենիքի պաշտպանությունը զոհողություն, զրկանքներ, հոգեւոր ու ֆիզիկական ուժերի համախմբում պահանջող գործ է, ընտրյալների ու նվիրյալների առանձնաշնորհ, սուրբ եւ պատվավոր առաքելություն: Ուստի հորդորում եմ լինել համբերատար ու տոկուն, զերծ մնալ մարդկային անընդունելի կորուստներ ծնող արատավոր վարքագծից, յուրայինների հանդեպ լինել զգոն, ներողամիտ ու հանդուրժող, կիսել ու դարմանել դիմացինի ցավը, բարձր պահել Հայրենյաց պաշտպանի վեհ կոչումը:
Թշնամին այսօր էլ կանգնած է մեր դեմ եւ դարանակալ կրակոցներով ու դիվերսիաներով ամեն ժամ աշխատում է սպանել քեզ ու քո ընկերոջը: Պետք է անողոք ու անհանդուրժող լինել իրական ոսոխի նկատմամբ, որի գազանային բնույթը, հավաստիացնում եմ, դարերի ընթացքում դույզն-ինչ չի փոխվել:
Կոչ եմ անում ձեզ, իմ զինակից ընկերներին, հայոց բանակի բոլոր մարտիկներին ապավինել մայր հողին, պատվով կատարել Հայրենիքի պաշտպանի սուրբ պարտականությունը, արհամարհել վտանգն ու թշնամուն, գերադասել պատվավոր մահն անպատիվ կյանքից, մարտնչել հարկ եղած տեղում, հարկ եղած ժամանակ եւ պատշաճ կերպով:
Հայոց քաջարի՛ մարտիկներ, հավաստիացնում եմ, որ հանրապետության եւ զինված ուժերի ղեկավարությունն անում է ամեն ինչ՝ մեր բանակի բոլոր կարիքներն ապահովելու եւ օր առաջ թշնամու նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Իմացա՛ծ եղե՛ք, ձեր սխրագործությունները համախմբել են ողջ ժողովրդին ու այսօր «հայրենիքի պաշտպան են» ոչ միայն զինվորն ու սպան, այլեւ աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը, բոլոր նրանք, ում համար հայրենիքը գերագույն արժեք է: Գիտցեք նաեւ, որ հայ մայրերը ծնկաչոք աղոթում են ձեր զենքի հաջողության համար եւ ձեր քաջագործությամբ կկոփվի մեր հաղթանակը, քանզի դուք եք մեր ազգի հարատեւության բանալին:
Թող մեր հերոս նախնյաց, Արցախյան ազատամարտի ու ապրիլյան այս վերջին հերոսամարտի նահատակների ոգին ուժ տա, առաջնորդի, ոգեւորի եւ զորացնի ձեզ: Դուք փառահեղ հաղթանակներ կերտած բանակի զինվորներ եք: Եղե՛ք արժանի հայոց զենքի եւ անվան փառքին:
Անսացեք մեծն Նժդեհի պատգամին. «Հաղթում է նա, ով նպատակ է դրել հաղթել ինչ գնով էլ լինի»:
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ
գեներալ-գնդապետ
Խորագիր՝ #16 (1136) 04.05.2016 - 10.05.2016, Ազգային բանակ