Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ և ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՅՈՒՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹԻՆ



ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 15-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ և Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին և մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ և ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից:
Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը` Իրինա Առաքելյանը, մարտական ընկեր Մարտիկ Հայրապետյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Առանձնահատուկ կարևորելով արցախյան ազատամարտում Յուրա Պողոսյանի ունեցած ավանդը` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Յուրա Պողոսյանը այն անհատներից է, որոնք կանգած են հայկական բանակի ստեղծման ակունքներում»: Խոսելով ազգային հերոսի թողած հոգևոր ժառանգության մասին` պաշտպանության նախարարը նշել է, որ նրա պատգամները այսօր կատարում են հայոց բանակի զինվորները` աչալուրջ հսկելով մեր հայրենիքի սահմանները:

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Նորություններ


16/06/2011