Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՂՐԱԾՈՐ ԱՇԽԱՐՀ



ՄԵՂՐԱԾՈՐ ԱՇԽԱՐՀՆվիրում եմ այն չքնաղ երկրին, որի համար իրենց երիտասարդ կյանքը տվեցին ընկերներս

Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Մեղրածորիկ ելեւէջով`
Հովաթաթախ, սրտաճմլիկ,
Անտառներով ու լեռներով
Զեփյուռի հետ մեղմ խաղալով,
Ականջ շոյող ղողանջներն են լցվում հոգիս:
Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Երգն է ծորում Գանձասարից, Ամարասից:
Ու թռչում է սիրտս տեղից՝
Սավառնելով ժայռերից վեր,
Արծիվների ճախրանքի հետ
Մտնում անտառ,
Խաղ է անում թփերի մեջ,
Հետո իջնում գետը Թարթառ:
Խոյակների մեջքին հեծած՝
Գալարվելով վազում է ցած,
Ու հոգնելով ալիքների գիժ խաղերից,
Նորից երկինք է սավառնում,
Իջնում է ցած,
Սոսիներից համբույր պոկում,
Գիրկն է մտնում ծաղիկների ու թփերի,
Թաթախվելով նեկտարի մեջ`
Խնկաշաղախ, մեղրածորիկ
Իբրեւ նշխարհք`
Նորից գալի՜ս, լցվում հոգիս:
Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Ծը՜նգ-ծըլը՜նգ…
Երգն է ծորում Ամարասից…

Խաչիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Ազատամարտիկ
1998թ. ք. Ստեփանակերտ

Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Հոգևոր-մշակութային


12/05/2016