ԲԱՆԱԿԻՑ՝ ՄԻԱՅՆ ՀԱՃԵԼԻ ՀՈՒՇԵՐՈՎ
Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցի զորամաս: Տեղ հասանք ուշ գիշերին: Իջա մեքենայից, աչքի տակով ուսումնասիրեցի թեթև լուսավորված տարածքը, մի պահ աչքերս փակեցի ու սկսեցի մտքումս խոսել. «Ես՝ Արսեն Մնացականյանս, պատրաստ եմ ծառայության: Ես հստակ գիտակցում եմ, որ այսօրվանից սկսած ուղիղ երկու տարի պետք է իմ ծառայակից ընկերների հետ միասին անառիկ պահեմ իմ երկրի սահմանները: Ինչ էլ որ լինի, կհաղթահարեմ բոլոր դժվարությունները: Լավ կծառայեմ, լավ զինվոր կդառնամ, որ ծնողներս, բոլոր հարազատներս հպարտանան ինձնով…»: Սպաների խոսակցություններից սթափվեցի, խորհելու ժամանակ դեռ շատ կունենայի՝ բարի գալուստ, տղե՛րք, ես զորամասի հերթապահն եմ…
Նախքան զորակոչվելս բանակի մասին տարբեր պատկերացումներ ունեի: Այստեղից-այնտեղից, նույնիսկ չծառայած մարդկանցից կարծիքներ էի լսում, գնահատականներ տալիս: Բայց արդեն ծառայության ընթացքում հասկացա, որ իրական բանակային կյանքը մի ուրիշ աշխարհ է, շատ է տարբերվում թե՛ մարդկանց ներկայացրածից և թե՛ իմ պատկերացրածից: Բանակն ինձ համար կյանքի դպրոց է եղել: Դպրոց, որտեղ ես սովորել եմ ընդհանուր լեզու գտնել տարբեր խառնվածքի տեր մարդկանց հետ, իրարից տարբերել ճիշտն ու սխալը, իրականն ու կեղծը: Ամենակարևորը՝ հասկացել եմ, որ բանակում չկա ես, այլ կա մենք:
Երազում էի, որ ծառայությունս անցներ դիրքերում, և երազանքս իրականություն դարձավ: Ֆիզիկական լավ պատրաստվածության շնորհիվ երիտասարդ մարտիկի ծրագիրը յուրացնելուց հետո ինձ տեղափոխեցին հետախուզական ստորաբաժանում: Հետախուզությունը թեև դժվարին, բայց և արկածային, հետաքրքիր ծառայություն է: Նաև դրա շնորհիվ ծառայության ընթացքում ես շատ բան եմ տեսել ու սովորել: Սկզբում, երբ լսում էի դիրքեր բարձրանալու մասին, մարմնովս դող էր անցնում… Երեք ամսվա ծառայող էի, տագնապով բարձրացանք դիրքեր, ու այդ օրվանից ես հաղթահարեցի իմ մեջ եղած վախը, այն կարծես չէր էլ եղել: Աստիճանաբար ծառայության ընթացքում բացահայտեցի և ճանաչեցի ինքս ինձ:
Որոշ ժամանակ անց, երբ արդեն հմուտ զինվորներ էինք, հրամանատարը կանչեց մեզ և ասաց, որ հակառակորդի կողմում ակտիվ շարժ է նկատվում, և մենք դիրքերն ամրացնելու նպատակով անորոշ ժամանակով պետք է բարձրանանք դիրքեր:
Սա իմ ծառայության ամենադժվար և կարևոր փուլերից մեկն էր:
Դիրքերում մնացինք երկար: Այդ օրերի ընթացքում կարողացա հաղթահարել բոլոր հույզերս: Անչափ հպարտ էի: Զենքը ձեռքիս խրամատում կանգնած՝ ինձ հայրենիքիս իսկական պաշտպանն էի զգում: Պատասխանատու էի ինձ վստահված տեղամասի համար և ամեն ինչ անում էի, որ հանկարծ չթերանամ: Հիշում էի վարժանքների ժամանակ սովորածս ու փորձում ճիշտ կիրառել: Կարող եմ միայն նշել, որ հակառակորդի պլանները տվյալ հատվածում ձախողվեցին:
Հետագա ծառայությունս դասավորվեց այնպես, որ ամսվա կեսից ավելին լինում էի դիրքերում: Իսկ դիրքերում ծառայել նշանակում է միշտ զգոն ու ամեն ինչին պատրաստ լինել: Դժվարությունները շատ էին, բայց ծառայությանս մնացած հատվածը շատ շուտ անցավ, նույնիսկ մի քիչ տխրել էի զորացրման ժամանակ: Որովհետև հենց այդ պահին էլ առավել խորն ես գիտակցում քո կատարած գործի կարևորությունն ու նշանակությունը: Թող խոսքս վերամբարձ չհնչի, բայց սիրով եմ ծառայել, ինչպես և ընկերներս, պատրաստ եմ եղել անձնազոհության՝ հանուն իմ մարտական ընկերոջ, մեր դիրքի անվտանգության, խոշոր հաշվով՝ հանուն հայրենիքի:
Ծառայության ընթացքում բազմիցս քաշել եմ վառոդի հոտը, զգացել եմ մեր զինվորի և սպայի մարտական ոգին: Վստահ կարող եմ ասել՝ ցանկացած հայ զինծառայող առանց վարանելու կկանգնի հակառակորդի առաջ և մի լավ դաս կտա:
Զորացրվելուց հետո հենց այս գաղափարն եմ տարածում իմ շրջապատում, զրուցում դեռ չծառայած իմ ծանոթների, պարզապես պատահական զրուցակիցների հետ: Ուզում եմ, որ ամեն մի երիտասարդ, բանակ մեկնելուց առաջ, կասկածներ չունենա, ինչպես ես ունեի ժամանակին: Համոզվի, որ ծառայությունը յուրաքանչյուր հայ երիտասարդի սուրբ պարտքն է:
Պատրաստեց Լիլիթ ՈՒՆԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #17 (1137) 11.05.2016 - 17.05.2016, Բանակ և հասարակություն