Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ



ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆՀայրենիքի անկախության եւ ազատության համար Արմեն Հովհաննիսյանը (Բերդաձորի Արմեն) չխնայեց ամենաթանկը՝ իր կյանքը: Կռվեց եւ զոհվեց քաջին վայել, հերոսի նման:

Ավարտել էր պոլիտեխնիկական ինստիտուտը, աշխատում էր «Հայէլեկտրագործարանում», երբ սկսվեց Շարժումը: Արմենը գործարանի «Արցախ» բարեգործական միության ակտիվիստներից մեկը դարձավ: Արցախ էին տեղափոխում սննդամթերք, կենցաղային իրեր: Նրա նախաձեռնությամբ եւ «Հայ դատի» հովանավորությամբ 1990թ. հրատարակվեցին «Զորավար Անդրանիկ», իսկ 1991թ.՝ Գարեգին Նժդեհի մասին պատմող «Հավատամք» գրքերը:

Մայրաքաղաքում, հանրապետության տարբեր մարզերում ցույցեր եւ միտինգներ էին… Սակայն ցույցերով, միտինգներով, վեր  պարզած բռունցքներով հայրենիք չես ազատագրի… Զինված պայքարն այլեւս անխուսափելի էր: Արմեն Հովհաննիսյանը «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի, Շենգավիթի  առաջին վաշտի կազմում մասնակցում է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ եւ ԼՂՀ Շուշիի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Լաչինի շրջանների, Բերդաձորի ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին: Ազատամարտիկ- հրամանատարին ջոկատում բոլորն էին հարգում եւ սիրում, նրան հավատում էին, վստահում  եւ նրա հետեւից գնում առանց վարանելու, առանց մի վայրկյան իսկ տատանվելու: Արմենն  ամուր շաղախ էր, որ իրար էր կապում տարբեր տարիքի, տարբեր բնավորության, մտածելակերպի մարդկանց, դարձնում գաղափարակիցներ ու ընկերներ:

…1994թ. ապրիլին Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում  վաշտն ընկնում է շրջափակման մեջ: Արմենը եւ իր 13 զինակիցները կրակը վերցնում են իրենց վրա՝ ապահովելով վաշտի մնացած ազատամարտիկների անվտանգ նահանջը: Զինամթերքը սպառվում է, տղաները նետվում են ձեռնամարտի եւ զոհվում…

Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է ՀՀ  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Նրա անունով է կոչվել Երեւանի թիվ 194 դպրոցը:

Ամեն տարի մայիսի 24-ին Արմենենց տանը հավաքվում են ընկերները՝ նշելու հերոս քաջորդու ծննդյան օրը, հիշում են պատերազմական օրերից տարբեր դրվագներ, ու ամեն պատումի մեջ է՛լ ավելի է ուրվագծվում Արմենի հերոսական կերպարը, մարդկային վեհ նկարագիրը:

ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ«Արմենը  բացառիկ անձնավորություն էր: Բնությունը շռայլորեն օժտել էր նրան, տվածուրիկ էր: Ազդեցիկ էին նրա թե՛ խոսքը, թե՛ կեցվածքը, պահելաձեւը. այս ամենով հանդերձ, անասելի զուսպ էր, համեստ: Ազնիվ  ու պարզ էր ամեն հարաբերությունում: Թշնամու գերու վրա երբեք ձեռք չէր բարձրացնի, մյուսներին էլ թույլ չէր տալիս, ասում էր՝ ընկածին, անզենին չեն խփում: Արմենը գաղափարի, ոգու զինվոր էր,- այսպես է բնութագրում խիզախ հայորդուն մարտական ընկերը՝ Կարապետ Կարապետյանը (Մորուք Կարոն) ու շարունակում: -Հաճախ չափազանց կարեւոր առաջադրանքները հենց Արմենին էին հանձնարարում, հոգուս խորքում մի քիչ նեղսրտում էի՝ ախր, ես էլ կարող էի դա անել: Հիմա տարիների հեռվից, երբ վերլուծում եմ դրա պատճառները, հասկանում եմ՝ ես մի քիչ տաքարյուն էի, բռնկվող, իսկ Արմենը չափազանց հավասարակշիռ էր, կշռադատված:  Ամենածայրահեղ պահերին անգամ, երբ շատերը գուցե խուճապի մատնվեին, նա նույնիսկ դիմախաղով ցույց չէր տալիս, թե որքան լարված է, անհանգիստ… Հիմա առավել հաճախ եմ վերլուծում Արմենի արարքները, գործերը:  Նրա ամեն  խոսքը, միտքը, գաղափարները տարիներ անց էլ շարունակում են արդիական մնալ: Ամենաուշագրավներից մեկը նշեմ, ասում էր՝ «Երկու սերունդ եթե փրկվի ամեն տեսակի վայրիվերումներից, ազգի սերուցքն էլ չկորցնենք, Հայաստանը կծաղկի, իրեն կվերագտնի, ու մեր երազների Հայաստանը իրեղեն կդառնա…»: Արմենը հայրենիքը շատ էր սիրում ու իր կյանքով դա  ապացուցեց: Այսօր Արմենը ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց մեզ հետ է նրա լուսավոր կերպարը… Մի գաղտնիք բացեմ. որդիս՝ Հակոբը, որ հիմա զինվոր է, բարով վերադառնա, ամուսնացնելու եմ, արու զավակին էլ, առաջ Աստված, նրա պատվին Արմեն եմ  կոչելու»:

«Արմենիս անունով դպրոց է անվանակոչվել,- զրույցին միանում է հերոս քաջորդու մայրը՝ տիկին Լաուրան,- այնտեղ՝ փառքի սրահում, տղայիս անձնական իրերն են, նրա մասին թերթերում տպագրված հոդվածները: Աշակերտները հաճախ են այստեղ լինում: Այս դպրոցով եմ շնչավորվում, ապրում: Որդիս իր արածների մասին երբեք չէր պատմում, ընկերների պատմածներով  ենք  միայն տեղեկացել նրա կատարած  գործերի մասին: Հպարտ եմ, որ այսպիսի որդի ունեմ, բայց վիշտս անփարատ է, ցավը սրտումս ապրում եմ:

Աշխարհը նորից խաղաղ չէ, նորից մեր զավակներն են զոհվում, ու ամեն կորուստ իմ սրտի, հոգու միջով է անցնում: Երբ լուրերով լսեցի դիվերսիայի ժամանակ զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մասին, սիրտս հազար կտոր եղավ: Որդուս անունն էր, որդուս ազգանունը: Սպիտակ վարդերի փունջ վերցրի, գնացի Եռաբլուր… Ուզում էի մոտենալ Արմենի ծնողներին, մխիթարանքի խոսքեր ասել, ոտքերս առաջ չէին գնում, ինքս էլ մխիթարանքի, տաք խոսքերի կարիք ունեի…  Վիշտս ծանր է, շատ ծանր, բայց հպարտ եմ, որ Արմենիս պես նվիրյալ ու քաջ տղաները այսօր էլ քիչ չեն, ու այսօր էլ  նրանք  իրենց սխրագործություններով, անձնազոհությամբ ամուր են պահում հայրենի եզերքի սահմանները՝ թույլ չտալով  թշնամուն ոտք դնել մեր հերոս զավակների արյամբ ավելի սրբացած  հողին»:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

մայոր

Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ճակատագրեր


25/05/2016