ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. 12 ՏԱՐԻ ԱՆՑ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մայիս-հուլիս ամիսներին կանցկացվի պարտադիր ժամկետային զինծառայության և այլընտրանքային զինվորական ծառայության զորակոչ, ինչպես նաև կհամալրվեն այլընտրանքային աշխատանքային ծառայության կոչվածների շարքերը: Սակայն, ինչպես մեզ հայտնեց ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի զորակոչի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գագիկ Մանուկյանը, այլընտրանքային ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելու 12 տարիների ընթացքում այլընտրանքային ծառայության անցած ՀՀ քաղաքացիների թիվը ոչ միայն չի գերազանցել ընդհանուր զորակոչերի 0,1 տոկոսը, այլև նկատելի է այլընտրանքային ծառայության անցնելու դիմումների նվազման միտում:
Այլընտրանքային է համարվում ժամկետային պարտադիր զինվորական ծառայությանը փոխարինող ծառայությունը, որը կապված չէ զենք կրելու, պահելու, պահպանելու և օգտագործելու հետ ու իրականացվում է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական հիմնարկներում: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2003թ.-ին և գործողության մեջ մտել 2004թ.-ից: Նման օրենք ունենալը Հայաստանի համար Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորություններից էր բխում: Օրենքը լուրջ փոփոխությունների և լրամշակման է ենթարկվել 2013 թվականին:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այլընտրանքային զինվորական ծառայություն կարող է իրականացնել ՀՀ այն քաղաքացին, որի «կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը», իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի «կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը»: Ընդ որում՝ պարտադիր զինվորական ծառայություն անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել այլընտրանքային ծառայությունը, իսկ այլընտրանքային ծառայություն անցնող քաղաքացին չի կարող հրաժարվել իր ծառայությունից և ընտրել պարտադիր զինվորական ծառայությունը: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս: Այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս:
Լինելով մտքի, խղճի և կրոնի ազատության բաղադրիչ՝ զինծառայությունից խղճի թելադրանքով հրաժարման իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի փաստաթղթերի հետզհետե աճող ծավալներով: Թեեւ այն բացահայտորեն ամրագրված չէ այնպիսի լրջագույն միջազգային պայմանագրերի տեքստում, ինչպիսիք են «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» Միավորված ազգերի միջազգային դաշնագիրը (ՔՔԻՄԴ) կամ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (ՄԻԵԿ), այնուամենայնիվ, այդ իրավունքը բացահայտ եզրերով ճանաչել են հիշյալ պայմանագրերի մոնիթորինգային և մեկնաբանող մարմինները:
2003-2004 թվականներին, երբ ընդունվել է օրենքը, այլընտրանքային ծառայության է անցել շուրջ 27 ՀՀ քաղաքացի՝ մեծամասամբ հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունների հետեւորդներ: Այնինչ 2005 թվականին այլընտրանքային ծառայության համար դիմումներն ընդհատվեցին, ինչը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կառույցների պահանջով հանգեցրեց օրենքում լուրջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության: 2013 թվականին Ազգային ժողով ներկայացվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Ծավալված թեժ քննարկումների ընթացքում նախագծին տրվող հակասական գնահատականները հիմնականում պտտվում էին «ազգային անվտանգություն կամ մարդու իրավունքներ» երկընտրանքի շուրջ՝ շեշտադրելով պետության պաշտպանության առաջնահերթությունը: Պատգամավորները մտահոգություն էին հայտնում, որ կրոնական կամ այլ համոզմունքների հիմքով այլընտրանքային ծառայության դիմելու հնարավորությունը կարող է չարաշահվել ծառայությունից խուսափել ցանկացողների կողմից, ուստի հարկավոր է օրենքում այլընտրանքային ծառայության անցնելու հստակ չափորոշիչներ սահմանել կոռուպցիոն և այլ ռիսկերից խուսափելու համար: Օրենքի նախագծով կրճատվել են նաև այլընտրանքային ծառայության ժամկետները՝ զինվորական ծառայության համար 36-ի փոխարեն՝ 30, իսկ աշխատանքային ծառայության համար՝ 42-ի փոխարեն 36 ամիս:
Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2013 թվականին ստեղծվել է Հանրապետական հանձնաժողով, որը կազմված է տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, ոստիկանության և պաշտպանության ոլորտի կառավարման պետական լիազորված մարմինների, ինչպես նաև՝ ազգային փոքրամասնությունների և կրոնի ոլորտները համակարգող կառավարման մարմինների մեկական ներկայացուցիչներից: Այլընտրանքային ծառայության անցնելու հայտ-դիմումներն ընդունվում են համապատասխանաբար՝ մինչև մայիսի 1-ը և հոկտեմբերի 1-ը: Այլընտրանքային ծառայության մասին դիմումներն ընդունվում և քննվում են մեկ ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում դիմումատուն բուժհետազոտության է ենթարկվում, ուսումնասիրվում են տարկետման հնարավորությունները, սոցիալական պայմանները: Այլընտրանքային ծառայության անցնելու մասին որոշումը կայացվում է հանձնաժողովի ընդհանուր կազմի 2/3-ով:
-Դիմումները ներկայացվում են տեղական զինկոմիսարիատներ: Հանրապետական հանձնաժողովը քննարկում է, թե ինչու, ինչ շարժառիթներով է դիմումատուն հրաժարվում զենք կրելուց, ծանթանում է նրա կրոնագաղափարական համոզմունքներին, ստուգում նշված փաստերի հավաստիությունն ու հիմնավորվածությունը: Դիմումը բավարարելուց հետո քաղաքացին Հանձնաժողովից ծանուցում է ստանում, թե երբ և որտեղ է անցնելու այլընտրանքային ծառայությունը,- նշում է փոխգնդապետ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ գործող օրենքի համաձայն՝ այլընտրանքային աշխատանքային ծառայողը ծառայության վայրում լինում է շաբաթական 48 ժամ՝ 6 աշխատանքային օր, ծառայության վայրը անձի գրանցման կամ բնակության վայրից չի կարող ավելի քան 30 կմ հեռավորության վրա լինել, հակառակ դեպքում՝ պետությունը պարտավորվում է հոգալ նրա տրանսպորտային ծախսերը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության համար նախատեսված քաղաքացիական կազմակերպությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Այլընտրանքային աշխատանքային ծառայողը ստանում է նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված աշխատավարձ, տարեկան 10-օրյա արձակուրդի հնարավորություն, իսկ ծառայությունը գումարվում է քաղաքացու աշխատանքային ստաժին: Այլընտրանքային զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն օգտվում են «Զինապարտության մասին» օրենքի դրույթներից, ստանում անվճար բուժօգնություն:
-Ըստ օրենքի՝ այլընտրանքային զինվորական ծառայության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է պաշտպանության նախարարությունը, իսկ աշխատանքային ծառայությունը վերահսկում են կառավարության սահմանած ոչ ուժային կառույցները: Այսինքն՝ աշխատանքային ծառայության դեպքում անձը զինվորական կառույցների հրամանատարության կամ վերահսկողության տակ չի լինում: Նա պետք է կատարի աշխատանքներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում զինվորական ծառայության հետ՝ ճանապարհաշինություն, ծերանոցներ, հիվանդանոցներ, մի խոսքով՝ ինչ կորոշի պետությունը: Այլընտրանքային զինվորական ծառայության կանչվելու ընթացքում քաղաքացին կրում է ՀՀ կառավարության սահմանած հատուկ համազգեստ, ապրում է զինծառայության օրակարգով, բայց չի մասնակցում մարտական հերթափոխի,- մասնավորեցնում է զորակոչային բաժանմունքի պետը:
Փոխգնդապետ Գ. Մանուկյանը շեշտում է, որ այն անձինք, ովքեր կրոնական համոզմունքներից դրդված չեն ցանկանում զինվորական ծառայության անցնել, ոչ թե ազատվում են բանակից, այլ պարտավոր են այլընտրանքային ծառայություն իրականացնել: Ուստի, նրա խոսքով, այլընտրանքային ծառայության ավարտից հետո նրանք հաշվառվում են ՀՀ ԶՈՒ պահեստազորում և ստանում են զինգրքույկ:
«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ դատվածություն չունեցած են համարվում կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական պատասխանատվության ենթարկված անձինք:
-Այս հիմքով պատիժը կրող անձինք հնարավորություն ունեն ազատվելու պատժի հետագա կրումից և անցնելու այլընտրանքային ծառայության: Դատաքննության, հետաքննության կամ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերը կարճվում են, իսկ քրեական հետապնդումը դադարեցվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանրապետական հանձնաժողովին կներկայացնեն այլընտրանքային ծառայության անցնելու մասին դիմում, որը կբավարարվի, – նշում է զորակոչային բաժանմունքի պետը:
Հատկանշական է, որ 2013 թվականին կրոնական կամ այլ համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար Հայաստանում հաշվառվել է 34 դատապարտված քաղաքացի: 2012թ. նոյեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Խաչատրյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռով դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց դիմումատու 17 «Եհովայի վկա» կրոնական համայնքի ներկայացուցիչների վճարել ընդհանուր առմամբ 112 հազար եվրո փոխհատուցում:
Ներկայումս դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված այլընտրանքային աշխատանքային ծառայության անցնելու դիմումների նվազման միտումը և այլընտրանքային զինվորական ծառայության անցնելու դիմումների բացակայությունը:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավագ լեյտենանտ
Խորագիր՝ #19 (1139) 25.05.2016 - 31.05.2016, Ազգային բանակ