Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍ



ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության պլանի համաձայն` զինված ուժերի ուսումնական զորամասերում անցկացվում են ամփոփիչ ավարտական քննություններ:

Ավարտական քննությունների շրջանակում անհատապես ստուգվում և գնահատվում են կուրսանտների` կրտսեր հրամկազմի պատրաստության ծրագրով և մարտական պատրաստության նորմացույցներով նախատեսված տեսական և գործնական գիտելիքները: Ավարտական քննությունները հաջողությամբ հանձնած ու կրտսեր հրամանատարների ու մասնագետների որակավորում ստացած կուրսանտները համալրում են զինված ուժերի ստորաբաժանումները:

Ձևավորված ավանդույթի համաձայն` ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում հունիսի 19-ին կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Ուսումնական գործընթացն ավարտած կուրսանտներին շնորհավորելու և ողջունելու նպատակով զորամաս էին այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզում տեղակայված զորամասերի հրամանատարներ, վետերաններ:

Մասնագիտական որակավորում ստացած զինծառայողներին ուղղած իր ողջույնի խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ուսումնական զորամասի դերակատարությունը կրտսեր հրամանատարների պատրաստման, զինծառայողների դաստիարակության և մարտական պատրաստության կատարելագործման հարցում՝ ընդգծելով, որ զինված ուժերի ստորաբաժանումները համալրող կրտսեր հրամանատարներն ուսումնական զորամասում ստացած իրենց գիտելիքներով և հմտություններով նպաստում են զինված ուժերի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատվոգրեր, արժեքավոր նվերներ եւ գերատեսչական մեդալներ է հանձնել ուսումնառության ընթացքում լավագույնս աչքի ընկած կուրսանտներին, զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչներին:

Խորագիր՝ Նորություններ


20/06/2016