ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ, ՈՐ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐՆ ԵՆ
Գերմանական մամուլում բունդեսվերի ներքին փաստաթղթերից հատվածներ են տպագրվել, որոնցում տարբեր օղակների հրամանատարներ իրենց անհանգստությունն են հայտնել անձնակազմի պատրաստվածության ցածր մակարդակի առթիվ:
Փաստաթղթերն առնչվում են 2009-2010թթ. Աֆղանստանում գերմանացիների գործողություններին: Սպաները, մասնավորապես, նշել են, որ զինվորների մի մասը չունի անհրաժեշտ կրակային պատրաստվածություն, տվյալ տարածքում զրահամեքենաների վարման հմտություններ, չի կարողանում վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերել: Անձնակազմի նախապատրաստման բացթողումների հետևանքը վթարների մեծ քանակն է և գերմանացի զինծառայողների անվտանգության ընդհանուր մակարդակի նվազումը:
Խնդիրների թվում նշվել են նաև ականների հայտնաբերման և դրանցից պաշտպանվելու ժամանակակից միջոցների բացակայությունը, դաշնակիցների կազմում ամերիկացի զինծառայողների քանակի կտրուկ աճը, ինչը թույլ չի տալիս մյուս երկրներին ազդել Աֆղանստանում որոշումների կայացման վրա:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան