Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԱՆԿՈՅԻ ՍԻՐՏԸ



ԴԱՆԿՈՅԻ ՍԻՐՏԸՆոր Հաճն քաղաքի համայնքապետարան էի գնացել 2008թ. զոհված զինվորներից մեկի` Հայկ Գալուստյանի ընտանիքին այցելելու նպատակով: Բայց համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արարատ Դումանյանը զինվորական լրագրողի տեսնելով` հիշեցին իրենց ցավը: Համայնքը մեկ զոհ ունեցավ ապրիլ ամսին, մեկ զինվորի կորուստ: Ու այնպիսի սիրով, այնպիսի մեծարանքով ու հպարտությամբ խոսեցին Գևորգ Մղդեսյանի մասին, որ չէի կարող վերադառնալ Նոր Հաճնից, առանց Մղդեսյանների տուն մտնելու, առանց զինվորի մորը, հորն ու եղբորը տեսնելու: Առանց փառաբանության, խոնարհումի ու մխիթարանքի խոսքեր ասելու նրանց: Մայրը չի խոսում` ինձ զգուշացրին համայնքապետարանում: Այդուամենայնիվ, ես չփոխեցի որոշումս: Մղդեսյանների տանը լռողը մենք էինք, որովհետև հրաշք կատարվեց. որդու իրերի ու հուշերի փոքրիկ անկյունում ներամփոփված Անժելա Մղդեսյանը հանկարծ բարձրացրեց հայացքը, եկավ նստեց կողքիս… ու ազատություն տվեց հիշողություններին, հույզերին, մորմոքին ու կարոտին…

 

Գևորգս այնքան խելացի, ուշիմ երեխա էր: Նրա սովորած առաջին ոտանավորը «Հայր մերն» է եղել: Հետո սկսեց հայրենասիրական երգեր երգել: Ֆիդայական երգեր շատ էր սիրում: Յարխուշտա էր պարում: Իմ առաջնեկն էր, աշխարհի չափ սիրում էինք, օր ու գիշեր իրենով էինք զբաղված: Գևորգիս բոլորն էին սիրում, ով մեկ անգամ շփվում էր տղայիս հետ, էլ չէր ուզում բաժանվել նրանից, որովհետև զգում էր նրա բարությունը, մեծ ու փուխր սրտի ջերմությունը: Մենակ օգներ, ինչ-որ մեկի մատից փուշ հաներ, ինչ-որ մեկի թիկունքին կանգներ: Պատմում են, որ մի օր դասի ժամանակ թույլտվություն է խնդրել ուսուցչից ու դուրս է եկել դասարանից: Պարզվում է` տեսել է մի անծանոթ տատիկ ծանր տոպրակներ է տեղափոխում, վազել է տատիկի ձեռքից տոպրակները վերցրել: Էս պատմությունը հիշեցի, երբ վիրավոր ոտքը նոր վիրահատած և բեկորներից մեկն էլ դեռ ոտքի մեջ` եկել էր տուն՝ մայրական խնամքի, շենքի մոտ տեսել էր` մեր հարևաններից մեկը ծանր տոպրակներով գալիս է: Ձեռքից տոպրակները վերցրել էր ու բարձրացրել աստիճաններով, հասցրել տուն: Հետո մի ուրիշը ասել էր` Գևորգ ջան, բա էդ ոտքով քեզ կարելի՞ է ծանրություն բարձրացնել: Մեր հարևանը ոնց էր նեղվել, ասում էր` ո՞նց էի մոռացել ոտքի մասին, թե չէ՝ տոպրակներս իրեն չէի տա:

Ամեն ինչում ուզում էր առաջինը լինել, առաջինը հասնել, առաջինը օգնել, ճանապարհ բացել, դժվարություններն իր վրա վերցնել:

…Գևորգիս սիրտը ասես մաշկի տակ էր խփում: Վերնաշապիկը թրթռում էր ամեն սրտխփոցի հետ: Ուսուցչուհին ասել էր` քո սիրտը ասես Դանկոյի սիրտը լինի` մեծ, տաք ու լուսավոր սիրտ է, ուրիշների ճանապարհին փարոսի պես վառվող: Շատ էր ուրախացել այս համեմատությունից: Հարցնում էի` Գևորգ ջան, ինձ ինչքա՞ն ես սիրում, ցույց էր տալիս թրթռացող վերնաշապիկը, ասում էր` Դանկոյի սիրտը քեզ համար է բաբախում:

Բա եղբորը` Արմենին ինչքան էր սիրում, հոգի էր տալիս Արմենի համար: Ո՞նց էր խնամում եղբորը, հոգ տանում: Բայց մի անգամ հուզված, նեղված եկավ տուն, թե` մա՛մ, Արմենը սխալ բան էր արել, ամոթից մեռա: Ասեցի` ոչինչ, դու եղբորդ պիտի պաշտպանեիր: Զարմացած նայեց, ասաց` մա՛մ, ճիշտը մի հատ է: Ու իմ ախպերը ճիշտ չէր:

Դպրոցում էդքան էլ լավ չէր սովորում, բայց, երբ միջնակարգն ավարտեց, ասաց. «Պա՛պ, եթե պոլիտեխնիկ ընդունվեմ, կարո՞ղ ես մի կիսամյակի վարձը տալ, մնացածը ես կաշխատեմ, կվճարեմ»: Հայրը ասաց. «Այ բալա, մի կիսամյակի վարձն էլ կտամ, երկուսինն էլ, բայց դու պոլիտեխնիկ ընդունվո՞ղ ես, առանց պարապելու»: Ասաց. «Էդ արդեն ինձ թող»: Ընդամենը երեք ամիս էր մնացել ընդունելության քննություններին: Գիշերը ցերեկ արեց, կարդաց ու կարդաց, մեկ էլ էն իմացանք, որ ընդունվել է պոլիտեխնիկ ինստիտուտ: Էնքան թասիբով տղա էր, խոսքի տեր, լուրջ, պատասխանատու: Ոնց որ հասուն տղամարդ լիներ:

…Բա ինչքան զուսպ էր, շոր ուզել չկար, զոռով էինք շոր առնում: Մի օր հանկարծ նկատեցի, որ կոշիկի տակը ծակ է: «Այ բալա,- ասում եմ,- ինչի՞ չես ասել, որ կոշիկդ ծակվել է»: Չէր թողնում որևէ բան ուղարկեինք զորամաս, ասում էր` ամեն ինչ կա, ոչ մի բանի կարիք չունեմ: Ասում էի` այ տղա ջան, ուրիշները իրենց զինվորներին շոր են ուղարկում, փող, ուտելիք, էդ քո զորամասը հատուկ է, որ ոչ մի բանի կարիք չունես: Ասում էր` ինչ էլ ուղարկեք, հետ եմ ուղարկելու: Շատ էր ուզում Ղարաբաղում ծառայել, սահման պահել, ասում էր` ես Ղարաբաղ եմ գնալու, վե՛րջ: Իր ուզածով եղավ: Երբ զանգում էինք, ասում էր` ամեն ինչ լավ է, ցենտր: Իր համար միշտ ամեն ինչ «ցենտր» էր: Շատ ուրախ, կյանքը սիրող տղա էր իմ Գևորգը, միշտ ժպիտը դեմքին, նեղվել չկար, ընկճվել չկար, բողոքել չկար:

Զանգում էր ու կատակով Ղարաբաղի բարբառով էր խոսում` հունց ե՞ս. հինչ կա՞… Ու ծիծաղում էր լիաթոք: Տղայիս հրամանատարներն էլ էին շատ սիրում, ընկերներն էլ: Մի օր մի զինվոր եկավ մեր տուն: Ասաց. «Էդ ինչ լավ տղա ունես, տոտա ջան: Ես չէի հարմարվում ծառայությանը, խնդիրներ ունեի, փախչելու էի զորամասից, եթե չհանդիպեի Գևորգին: Գևորգը հետս ընկերություն արեց, խոսեց, բացատրեց, խնդիրներս հարթեց: Որոշ ժամանակ հետո ես գնացի ու խնդրեցի, որ ինձ դիրքեր տանեն»:

…Զանգեցի, ասացի. «Մեռնեմ ջանիդ, զորամասից եկել, քեզ գովում էին, ես էլ հպարտանում էի, որ քեզ նման տղամարդ տղա ունեմ»: Ոնց էր նեղվում, որ իրեն գովում էին, ասեց. «Մամ, գիտես, որ տենց ղզիկ խոսակցություններ չեմ սիրում, ինձ մի գովա, էլի»:

Էնքան հումորով էր: «Նելսոն Ստեփանյան» մեդալ էր ստացել, հրամանատարն ասել էր` սրանով ուսմանդ վարձը կզեղչվի: Զանգեց, ասաց. «Մա՛մ, էնքան մեդալ եմ ստանալու, որ հլա մի  բան էլ պոլիտեխնիկն ինձ փող տա»: Ասում էր ու բարձրաձայն ծիծաղում: Օգոստոսին, որ ընդհարում եղավ թուրքերի հետ, մեկը զանգեց ամուսնուս, ասաց, որ Գևորգը ոտքից վիրավորվել է: Հոսպիտալում է: Հայրը տաքսիով ճանապարհ ընկավ Ղարաբաղ: Հիմա ճանապարհին զանգում է Գևորգին, հարցնում է` ո՞նց ես: Ասում է` ցենտր, զորամասում տղերքով նստած ենք: Հայրն ասում է` զորամասո՞ւմ ես, թե՞ հոսպիտալում: Հիմա մի ներվայնանալ է ներվայնացել, ասում է` չգաս, հետ դարձի տուն, դու ստեղ անելիք չունես:

Ոտքը վիրահատեցին, երկու բեկորները հանեցին, բայց մյուսը վտանգավոր տեղ էր, ձեռք չտվեցին: Այդպես բեկորը ոտքի մեջ մի քանի օրով արձակուրդ եկավ ու էլի գնաց զորամաս: Մենք էլ, բժիշկներն էլ առաջարկում էինք մնալ Երևանում ու կենտրոնական հոսպիտալում վիրահատվել, չհամաձայնեց, ասեց` չէ, պիտի զորամաս գնամ, տղերքը դիրքերում են, գնամ-հասնեմ տղերքին:

Զոռ արեց, բարձրացավ դիրքեր:

Քառօրյա պատերազմի ժամանակ թուրքի դեմ կռիվ էր տալիս, մեզ զանգում էր, ասում`  ամեն ինչ ցենտր է: Որ տղայիս բերեցին, մարմնի վրա դեռ ջրծաղիկի հետքեր կային… Հետո իմացանք, որ ջրծաղիկ է տարել, պառկել է հոսպիտալում ու մեզ չի ասել, որ հիվանդ է:

Իմ տղան էնքան մեծ հավատք ուներ Տիրոջ հանդեպ: Էնքան Աստվածապաշտ էր: Երբ առաջին անգամ տեսավ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցին, ասաց. «Սա իմ եկեղեցին է, ես գտա իմ եկեղեցին»:

Տղաս բարության ծով էր, ուրիշ էր, ոչ մեկին նման չէր: Մարտական ընկերը պատմում է, ասում է` մի քիչ նիհարել էր: Ասում էր` մամաս, որ ինձ նիհարած տեսնի, նեղվելու է,  արձակուրդ գալու նախորդ շաբաթը զոռով հաց էր ուտում, լցնում էր բերանը ջրով՝ կուլ տալիս, որ չաղանա…

Սիրած աղջիկ ուներ, երազանքներ ուներ… Ասում էր` մեդալս լավ պահեք, մինչև բանակից գամ: Հիմա երկուսն ունի, իր «Մարտական ծառայության» մեդալը տղաս չտեսավ: Շատ կուրախանար:

Ես հիմա չգիտեմ` ոնց ապրեմ, ինչի համար ապրեմ…

 

Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Հ.Գ. Նոր Հաճնում «Հայ զինվորի» և համայնքապետարանի համատեղ այցը զոհված զինվորների ընտանիքներին ավարտվեց 2008թ. զոհված Հայկ Գալուստյանենց տանը: Գալուստյանների ընտանիքի մասին պատմող հոդվածը կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում:

Խորագիր՝ #27 (1147) 20.07.2016 - 26.07.2016, Ազգային բանակ


20/07/2016