Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Աշխարհում թերեւս դժվար գտնվի մի պետություն, որտեղ չեն կիրառվել ինքնաշեն պայթուցիկ սարքեր (IED): Ինքնաշեն պայթուցիկ սարքերը, կարելի է ասել,  վաղուց արդեն ահաբեկիչների սիրելի զենքն են: Ինչպե՞ս հայտնաբերել եւ վնասազերծել այդ մահաբեր սարքերը:

Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնի հրահանգիչները հուլիսի 11-ից Հայաստանում են: Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցելու դասընթացների պարբերական անցկացմանը: Հայաստան են ժամանել «Ռապտոր» սակրավորների ուսուցման կենտրոնի հրահանգիչները: Նրանք վարժանքներ են անցկացնում 40 զինծառայողների հետ: Նրանցից 25-ը խաղաղապահ ինժեներական գումարտակից է, իսկ 15-ը` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից: Նրանք հայ զինծառայողներին  ուսուցանում են նմանատիպ սարքերի հետ գրագետ  վարվելու մեթոդները: Խաղաղապահ ինժեներական գումարտակում արդեն երկու շաբաթ տեսական եւ գործնական վարժանքներ են անցկացվում, թե ինչպես ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալներ հավաքել, ինչպես ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերել դրանք:

 

Մեր ակնկալիքները

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանում նմանատիպ դասընթաց առաջին անգամ է կազմակերպվում: Ինժեներական զորքերի վարչության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Հայրիկ Սարգսյանը նշում է, որ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, ահաբեկչական կառույցների ակտիվությունը, նոր տեխնոլոգիաներով պատրաստված պայթուցիկ սարքերի կիրառումը, զինված ուժերում որոշում է կայացվել զարգացնելու կարողությունները. «Խմբում ընդգրկել ենք փորձառու զինծառայողների: Լավագույնները հետագայում կդառնան հրահանգիչներ եւ կվարժեն մեր ստորաբաժանումները: Ամիսներ անց օտարերկրյա հրահանգիչները նորից կժամանեն Հայաստան, եւ կմեկնարկի վարժանքների երկրորդ փուլը, իսկ 3-րդ փուլում՝ հունվարին, կգան որպես դիտորդ ու կհետեւեն արդեն իբրև հրահանգիչ հանդես եկող մեր զինծառայողների  աշխատանքին»:

Ամերիկյան կողմը կաջակցի նաեւ ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում. «Հուսով ենք, որ մինչեւ տարեվերջ կունենանք դասընթացների շրջանակներում կիրառվող ռոբոտների եւ ականորսիչների արդիականացված նմուշները»,- ասաց Հայրիկ Սարգսյանը:

ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային զորամասի հրամանատար, գնդապետ Վոլոդյա Զալունցն ասում է, որ մեր սակրավորներն աշխատում են ականորսիչներով, որոնք իրենց ցուցանիշներով զիջում են դասընթացի ժամանակ կիրառվող սարքավորումներին. «Մեր ունեցած միջոցները հայտնաբերում են միայն մետաղ պարունակող առարկաներ: Այսօր տեխնոլոգիաները զարգացել են եւ կիրառվում են մետաղ չպարունակող ականներ: Ուստի պետք է սովորենք աշխատել ոչ մետաղական օտար մարմիններ հայտնաբերող սարքավորումներով: Հաճախ հարկ է լինում վնասազերծել պատերազմից մնացած պայթուցիկ ինքնաշեն զանազան սարքեր: Նաեւ` երբ հանրապետության որեւէ հաստատությունում ռումբի գտնվելու մասին ահազանգ է ստացվում, մենք առաջինն ենք տեղ հասնում: Պետք է անհրաժեշտության դեպքում կարողանանք վստահ գործել»:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդեն երկու տարի է, ինչ հակառակորդը միջդիրքային հատվածներում սկսել է օգտագործել ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Դրանք գործում են անսպասելի, խաբուսիկ են եւ հետեւաբար ավելի դժվար են հայտնաբերվում: Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Վահան Թադեւոսյանը նշում է, որ մեր սակրավորները հիմնականում առնչվել են գործարանային արտադրության ականների հետ եւ փակ աչքերով էլ կարող են վնասազերծել դրանք: Ինքնաշենների առումով փորձ գրեթե չունենք: Դասընթացը ինքնաշեն պայթուցիկ սարքերի մասին ավելին իմանալու հնարավորություն է. «2015 թվականի փետրվարին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան  ուղղությամբ հակառակորդը կիրառեց ինքնաշեն պայթուցիկ սարք, որը զգայուն էր,  որսում էր ցանկացած շարժ 15-20 մետր հեռավորության վրա, ապա եւ պայթում:  Այս դասընթացների ժամանակ սպաներն ու պայմանագրայինները սովորում են, թե  ինչպես գտնել, ինչպես մոտենալ նմանատիպ պայթուցիկներին: Հաջորդ փուլում կսովորեն` ինչպես վնասազերծել»:

Ի դեպ, օգոսոտսի 25-ին վերապատրաստված զինծառայողները կմեկնեն Գերմանիա` մասնակցելու ինժեներական զորավարժությունների եւ արդեն տեղում կկիրառեն իրենց գիտելիքները:

 

Ռոբոտ-սակրավորը

Դասընթացների ժամանակ կիրառվող «Talon» (ճիրան) հեռակառավարվող ռոբոտի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Այս ռոբոտը մշակել է ամերիկյան Foster-Miller ընկերությունը  զինվորականների, հրշեջների եւ փրկարարների համար: Պայթուցիկ սարքեր որոնող եւ վնասազերծող այս ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է 2000 թ. Բոսնիայում: Այնուհետեւ կիրառվել է Իրաքում եւ Աֆղանստանում: Այժմ այն առավել տարածված ռազմական ռոբոտն է. ամբողջ աշխարհում օգտագործվում է մոտ 3000 օրինակ «Talon»: Ռոբոտը կարող է գործել ցանկացած եղանակային եւ լուսավորության պայմաններում, հաղթահարել բարդ պատնեշները, տեղափոխվել անանցանելի տեղանքով եւ նույնիսկ աշխատել ջրում` 30 մ խորությամբ: Քաշը 52-71 կգ է, շարժվում է 8.3 կմ/ժ արագությամբ, կարող է «զինվել» մինչեւ 45 կգ համալիրներով, օրինակ` հակատանկային նռնականետով: Նորմալ ռեժիմով շարունակական շահագործումը 8.5 ժամ է: Այն չի պահանջում ծախսատար վերանորոգում, քանի որ բոլոր բաղադրիչները բավականին պարզ կառուցվածք ունեն: Գինը պայմանավորված է լրացուցիչ սարքավորումների առկայությամբ. նվազագույն արժեքը 60 հազար ԱՄՆ դոլար է:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՀրահանգիչ Թրեյվիս Օլիերին մեր այցելության պահին լվանում էր ռոբոտը: Ասում է` լուսանկարում պետք է պատշաճ տեսք ունենա: Հրահանգիչը 17 տարի ծառայել է ռազմածովային ուժերում որպես սակրավոր: Անցել է թոշակի եւ մեկ տարի է արդեն, ինչ ինքն է ուսուցանում. «Ռոբոտն ինքնին ոչինչ է: Կարեւոր է, թե ով եւ ինչպես այն կկառավարի: Հմուտ ղեկավարելու համար պետք է շարունակ վերապատրաստվես: Ինչպե՞ս է երեխան սովորում համակարգչային խաղեր խաղալ: Ինչքան շատ ժամանակ է տրամադրում, այնքան ավելի լավ է ստացվում: Նույնն էլ այս պարագայում է»:

Թրեյվիս Օլիերին մեզ ուղեկցում է օպերատորի մոտ: Նա ռոբոտը կառավարում է մոտ 400 մետր հեռավորությունից, բայց հրահանգիչը ասում է, որ ռոբոտի վրա առկա ուղղորդված ալեհավաքը մեծացնում է կիրառելիության հեռավորությունը մինչեւ 1200 մ: Ճամպրուկ հիշեցնող սարքը ռոբոտի «ուղեղն» է. օպերատորը մոնիտորի վրա հսկում է «Talon-ի» տեղաշարժը, իսկ համապատասխան կոճակներով ուղղորդում գործողությունները: Հրահանգիչը նշում է, որ ճիշտ կիրառելու դեպքում ռոբոտը վերածվում է պարզ, բայց արդյունավետ գործիքի, ստորաբաժանման մի անդամի, որ կռվում է զինծառայողի հետ ուս ուսի:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՊայմանագրային զինծառայող, դասակի հրամանատարի տեղակալ, սերժանտ Արտավազդ Գրիգորյանն էլ ավելացնում է, որ սարքը ապահովում է սակրավորի անվտանգությունը: Այն, ինչ պետք է արվի մարդու ձեռքով, արվում է ռոբոտի միջոցով. «Առաջին անգամ էի գործածում նման տեխնիկա, մինչ այդ միայն համացանցի միջոցով էի կարդացել «Talon-ի» հնարավորությունների մասին: Գիտեի, որ 2011 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո նմանատիպ մի ռոբոտ 45 ժամ աշխատել է ավերածության էպիկենտրոնում: Մեկ շաբաթվա ընթացքում մենք էլ սովորեցինք ռոբոտի օգնությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք գտնել-վնասազերծել: Ամենակարեւորը` աչքդ չպիտի թարթես, պետք է ուշադիր հետեւես էկրանին երեւացող պատկերներին»:

«Talon-ով» հիացած է նաև սերժանտ Հայկ Զաքարյանը. «Հրաշք գործիք է, անհամբեր սպասում եմ, թե երբ մենք էլ այդ ռոբոտից կունենանք: Ինձ ամենաշատը զարմացրեց այն, որ սարքը կարող է բարձրանալ աստիճաններով: Պատկերացնո՞ւմ եք»:

 

Խելացի ականորսիչը

«The Vallon Minehound VMR2+» ականորսիչը արտադրված է Գերմանիայում: Այն ունի երկու տեսակի համակարգ` մետաղորսիչ եւ GPR: Նախատեսված է մետաղական եւ ոչ մետաղական, նաև կոմբինացված ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման համար: «The Vallon VMR2 +»-ի մետաղական ալեփոխարկիչը խիստ զգայուն է, ինչն էլ օպերատորին թույլ է տալիս հայտնաբերելու ցանկացած նյութից պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք: Ինչպես նաեւ որսում է հակատանկային եւ հակահետեւակային ականները, այդ թվում` PMA-3 եւ M-14: Քաշը 4 կգ 300 գրամ է:  Աշխատում է թե՛ հողի, թե՛ սառույցի վրա, նաեւ` ջրում: Ունի ե՛ւ ձայնային, ե՛ւ լուսային, ե՛ւ  վիբրացիոն ազդանշանային համակարգեր:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՎարժադաշտում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնի հրահանգիչ Ռոբերտ Նիլը անցկացնում է գործնական պարապմունք: Նա նմանատիպ դասեր է անցկացրել աշխարհի 23 երկրներում:  Մինչ հրահանգիչ աշխատելը 13 տարի ծառայել է որպես սակրավոր: Դժվարանում է հիշել, թե քանի հարյուր ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերել ու  վնասազերծել: Ասում է` այս ականորսիչն իրեն միշտ արդարացրել է. «Նախանշված տարածքում ական որսալու համար սարքը պետք է  ճիշտ կիրառես: Առաջին` ականորսիչի գլխիկի եւ գետնի միջեւ հեռավորությունը պետք է լինի 5 սմ: Երկրորդ` արմունկդ պետք է հենես կոնքիդ: Երրորդ` պետք է սարքը անընդհատ շարժես մեկուկես մետր շառավղով աջից ձախ: Այդ գործողությունը պետք է կատարվի մեկ վայրկյանում: Պետք է ուշադիր լինես եւ տարբերակես ազդանշանները»:

Հրահանգիչը նշում է, որ հայ  զինծառայողներն ընդունակ են և արագ են սովորում, նաեւ շատ հարցեր են ուղղում իրեն. «Ամենից տարածված հարցն է` ինչ խորությամբ է ականորսիչը գտնում պայթուցիկ սարքը: Պատասխանում եմ` մեկ մետր: Հետաքրքրվում են, թե ինչքան է կշռում ամենափոքր չափսի մետաղը, որն ունակ է հայտնաբերելու այս սարքը: Նման դեպքում ես գրպանիցս հանում եմ փորձանմուշը, որ  կշռում է 2.5 գրամ»:

Զորամասի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արթուր Բայրամյանը նշում է, որ ականազերծման աշխատանքների ժամանակ իրենք օգտագործել են «Vallon» ականորսիչները, սակայն այս մեկը շատ ավելի կատարելագործված նմուշ է. «Համակարգը խելացի է, կարգավորումները մեծ հնարավորություն են տալիս, եւ ականի հայտնաբերումը մի քանի անգամ հեշտանում է: Հրահանգիչը մատչելի է բացատրում»:

ԽԵԼԱՑԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ` ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԽաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորային վաշտի դասակի հրամանատար, լեյտենանտ Մկրտիչ Վարդանյանը դասընթացի երեք փուլերից հետո կստանձնի հրահանգչի պարտականությունները. «Ինձ դուր եկավ այն, որ ականորսիչը ունի երեք դիրքով աշխատելու հնարավորություն: Կարող ես օգտագործել կանգնած կամ ծնկած, եթե իրականացնում ես հումանիտար ականազերծում, եւ հակառակորդի հետ անմիջական շփում չկա: Գլխիկի շարժունակության շնորհիվ սարքը կարող ես կիրառել նաեւ պառկած վիճակում, ինչը կարեւոր է հատկապես պատերազմական իրավիճակում եւ հետախուզություն իրականացնելիս անցումներ բացելու ժամանակ»:

 

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #28 (1148) 27.07.2016 - 02.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


27/07/2016