ԾԱՌԱՅԵՑԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
Ծնվել եմ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։ Ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետը, որից հետո զորակոչվել ազգային բանակ։ Ծառայում եմ փոխգնդապետ Ա. Ցականյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Ավելի ճիշտ, երբ զինվորական ծառայության մասին մտորումներս հասնեն ընթերցողին, արդեն զորացրված կլինեմ։
Ասեմ, որ ծառայության ընթացքում հասել եմ ավագ սերժանտի կոչման, պարգեւատրվել «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» կրծքանշաններով, որոնք կրել եմ անթաքույց հպարտությամբ։
Զինվորական ծառայությունն ինձ տվեց հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունք։ Բանակային երկու տարիները ինձ վարժեցրին ինքնուրույնության, սովորեցրին ինքնուրույն որոշումներ կայացնել և իրագործել։ Մինչեւ բանակ զորակոչվելս ինքնադրսեւորման, ինքնակազմակերպման որոշակի դժվարություններ ունեի, որոնք հաղթահարվել են, ինչը համարում եմ ծառայության շնորհիվ իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը։
Բանակը ինձ համար եղավ ինքնատիպ դպրոց, որտեղ կոփվեցի, և որն իմ մեջ զարգացրեց դիմացկունություն ու համբերատարություն, վճռականություն եւ կամք։ Զինվորական ծառայությունը հրաշալի միջոց եղավ` ճանաչելու ինձ, երկիրս, հայրենիքս, մեր պետությունը։ Միշտ ինքս ինձ հարց եմ տվել` արդյոք հայրենասե՞ր եմ եւ չեմ կարողացել վստահ, համոզված պատասխան տալ։ Այժմ արդեն ինձ իրավունք եմ վերապահում բարձրաձայնելու, որ ես նույնպես հայրենասեր եմ, քանի որ կատարել եմ քաղաքացիական պարտքս` ազնվորեն եւ արժանապատվորեն ծառայելով երկրիս, հայրենիքիս ու ժողովրդիս։
Իմ խորին համոզմամբ, հայրենասեր է նա, ով ինչ-որ կերպ եւ ինչ-որ ձեւով ծառայություն է մատուցում երկրին` փոխարենը չակնկալելով ոչինչ։
Մեր երկրի հանդեպ մեզանից յուրաքանչյուրի պարտքը իր նշանակությամբ ու մեծությամբ չի զիջում ծնողի հանդեպ ունեցած պարտքին։ Ես լսել եմ, որ Իսրայելում բոլորը և մասնավորապես երիտասարդությունը առաջնորդվում են «Նախ` երկրիդ համար, հետո՝ ծնողիդ» կարգախոսով։ Կարծում եմ, որ հայերիս համար ծնողն ու հայրենիքը պետք է արժեքային նույն հարթության մեջ լինեն:
Երկու խոսք էլ ասեմ իմ առաջիկա ծրագրերի մասին: Նպատակ ունեմ իմ ծննդավայր Կարբի գյուղում զբաղվելու մարզչական աշխատանքով. ժամանակին պարապել եմ ծանրամարտ, փորձելու եմ այս մարզաձեւում հմտություններս կատարելագործել և ստանալ մարզչի հավաստագիր։
ՌԱՖԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ավագ սերժանտ