ԲԱՆԱԿԸ ՈԳԻ Է, ԱՐՎԵՍՏԸ՝ ՈԳՈՒ ԿԵՐՏՈՂ
Զրույց ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ
-Պարոն Գրիգորյան, «Հայ զինվորը» շնորհավորում է Ձեզ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ։ Մեր մաղթանքն ու ցանկությունը մեկն է՝ ավելի հաճախ եւ երկար տարիներ Ձեզ տեսնենք բեմում՝ մեծ, ամենահեղինակավոր բեմահարթակներում, որտեղ կհնչի մեր հայկական անուն-ազգանունը եւ մեկ անգամ եւս կհիշեցնի, որ մենք տաղանդավոր ու մշակութային ազգ ենք, որ ազգի մեծությունը ոչ թե նրա թվաքանակով է պայմանավորված, այլ կերտած արժեքներով, տաղանդով, մտքի ուժով։
-Շնորհակալ եմ։ Շատ հուզիչ-պարտավորեցնող է շնորհավորանք ստանալ բանակի թերթից, որովհետեւ, երկրի ու ժողովրդի գոյությունը խարսխվում է երեք հենասյուների վրա՝ բանակ, մշակույթ, կրթություն։ Կրթությունը ապահովում է ազգի առաջընթացը, բանակը պաշտպանում է ազգը ֆիզիկապես, մշակույթը ազգի հոգեւոր պաշտպանն է։ Մարտունակ բանակ, հզոր մշակույթ եւ ազգային կրթություն ունեցող ժողովրդին ոչ ոք չի կարող հաղթել։ Ի դեպ, առանց մշակույթի եւ կրթության չի կարող լինել ուժեղ բանակ, եւ հակառակը՝ վտանգված ու անպաշտպան երկրում չի կարող ստեղծվել ինքնատիպ մշակույթ եւ ազգային կրթություն։
-Պարոն Գրիգորյան, օպերային արվեստի սիրահարներին քաջ ծանոթ է Ձեր գործունեությունը, Ձեր կյանքը՝ բեմի վրա, տասնամյակներ շարունակ եղել է հայ եւ արտասահմանցի ունկնդրի աչքի առաջ։ Համոզված եմ, որ Ձեր երկրպագուները կցանկանան փոքր-ինչ ճանաչել Գեղամ Գրիգորյան մարդուն։ Ի՞նչ կպատմեք ինքներդ Ձեր մասին՝ Ձեր արմատների, մանկության, պատանեկության… թերեւս՝ ամենակարեւորը, ամենահիշարժանը, ամենասրտամոտը…
-Մանկություն ասելիս առաջին հերթին ընկերներիս եմ հիշում։ Բակն ինձ ձգում էր, շատ էի սիրում խաղալ ընկերներիս հետ՝ ղայիշ-լախտի, բանկա-փլավ, չլիկ-դաստա։ Երաժշտություն էի սիրում։ Հայրս նվագում էր բազմաթիվ գործիքներով, իսկ ես հաճախ նվագակցում էի նրան, մենք նույնիսկ ջուր լցրած շշերից էինք մեղեդի «քամում»։
-Ձեր հայրը երաժի՞շտ էր։
-Ո՛չ, ծնողներս մասնագիտությամբ ինժեներ էին, բայց շատ մոտ էին արվեստին, մանավանդ՝ երաժշտությանը, մեր տանը միշտ բարձր երաժշտություն է հնչել, ինչը, ըստ իս, շատ կարեւոր է։ Մարդու հոգում պետք է ձեւավորել ճաշակ, նրբազգացություն, սեր գեղեցիկի հանդեպ ամենավաղ տարիքից, երբ հոգին անապական է, ընկալունակ։ Հայրս երազում էր ինձ ջութակահար տեսնել, հակառակ «քսիլաֆոնի» հանդեպ իմ անդիմադրելի ձգտումին։ Նա ցանկացել էր ջութակահար դառնալ, սակայն հանգամանքների բերումով երազն անկատար էր մնացել։ Մի տեսարան ամուր տպավորվել է հիշողությանս մեջ։ Երբ առաջին անգամ ուսուցիչս մեզ հանձնեց իմ փոքրիկ ջութակը, հայրս զգուշությամբ, գրեթե երկյուղածորեն վերցրեց այն ու սկսեց նվագել վարանոտ, մեղմ, գործարանում աշխատող մարդու կոշտացած մատներով։
-Փաստորեն, Դուք էլ ջութակահար չդարձաք։
-Իմ հետաքրքրությունների շրջանակը մեծ էր, ես լավ նկարում էի, երգում, հաճույքով ճաշ էի պատրաստում (հիմա էլ շատ շնորհքով խոհարար եմ)։ Ես կազմակերպված երեխա էի։ Եղբայրս ընդամենը մեկ տարով էր փոքր ինձնից, սակայն ծնողներս նրան թողնում էին իմ խնամքին եւ գնում էին աշխատանքի, ես կերակրում էի եղբորս, հոգ էի տանում։ Ինչ վերաբերում է հորս, նա երջանիկ էր, որ ընտանեկան հավաքույթների ժամանակ «փոքրիկ տղան մի վարդ տեսավ» երգող երեխան՝ իր որդին, տարիներ անց սկսեց կատարել իր սիրած արիաները մեծ բեմերից։
-Դժվարությա՞մբ հասաք մեծ բեմեր, ինչպե՞ս անցաք այդ ճանապարհը։
-Չեմ կարող ասել, թե փորձություններով լի ճանապարհ եմ անցել, ինձ հենց սկզբից նկատեցին։ Ես հիմա գիտեմ, թե որոնք են իմ հաջողության երաշխիքները։ Ես յուրաքանչյուր դահլիճում, յուրաքանչյուր ունկնդրի համար կատարել եմ հնարավոր վարպետությամբ, ներդնելով ամբողջ կարողություններս եւ միշտ հարգել եմ հանդիսատեսին։ Մասնագիտական հմտությունները, ինչ խոսք, կարեւոր են, բայց արվեստը առաջին հերթին հոգու երկխոսություն է, հոգու կապ եւ չի հանդուրժում կեղծիք ու կեցվածք։ Ես միշտ ազնիվ եմ եղել իմ ունկնդրի հետ։ Ի վերջո, արվեստագետի առաքինություններից ամենագլխավորը հայրենասիրությունն է, ավելի ճիշտ՝ ազգային միջուկը, որ կա քո ներսում, ամուր, անխզելի կապը անցյալի հետ, ազգային ակունքից սնվելու ցանկությունը։ Ազգայինը այն հենքն է, որից սկսվում են բոլոր թռիչքները։ Այն երգիչները, ովքեր փորձել են ինքնահաստատվել, կայանալ արտերկրում, ձախողվել են, թեեւ եղել են օժտված եւ տաղանդավոր։ Հայրենիքից հեռու նրանք կտրվել են իրենց սնուցող ավիշից, կորցրել են հենման տիրույթը։
-Շատերը հակառակն են պնդում։ Նրանց կարծիքով՝ Հայաստանն իր փոքրիկ հնարավորություններով սահմանափակում է արվեստագետի առաջխաղացումը ու զրկում միջազգային ասպարեզ դուրս գալու, ճանաչում ձեռք բերելու հնարավորությունից։
-Ո՛չ տարածությունը, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ մարդիկ չեն կարող խոչընդոտ լինել մեծ ու հաստատուն ձգտումների ճանապարհին։ Հայաստանը կարող է սահմանափակել միայն փող վաստակելու հնարավորությունը (եկեք ազնիվ լինենք եւ իրերն իրենց անուններով կոչենք), սակայն կայանալու, ինքնահաստատվելու եւ ճանաչվելու համար Հայաստանում ապրելը ոչ մի արվեստագետի համար խոչընդոտ չէ։ Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, նշել բազմաթիվ արվեստագետների անուններ, որոնք ապրել ու ստեղծագործել են հայրենիքում, բայց դրանից նրանց արվեստի հանրաճանաչությունը չի նվազել, ու չի փոքրացել նրանց կշիռը՝ որպես արվեստագետի։ Արտագաղթը պատուհաս է հատկապես փոքրաթիվ ազգերի համար, յուրաքանչյուր հեռացողի հետ ինչ-որ չափով նվազում է մեր ուժը, խարխլվում է մեր հավաքականությունը։ Մեղադրելը, բարոյախոսելը արտագաղթը վերացնելուն միտված ամենաարդյունավետ միջոցը չէ։ Պետք է վերացնել արտագաղթ ծնող պատճառները, որոնցից ամենագլխավորը սոցիալական արդարության բացակայությունն է։ Որոշ մարդկանց (պաշտոնյաների) անբարեխղճության, անպատասխանատվության, ավելին՝ պարզապես հայրենադավության պատճառով մարդիկ կորցնում են սեփական երկրում ազնիվ աշխատանքով, եթե ոչ բարեկեցության, ապա գոնե ավուր հաց վաստակելու հույսը։ Ուզում եմ խոսել նաեւ մշակութային քաղաքականության մասին, այն պետք է ունենա հայեցակարգ, գաղափարախոսություն, պետք է լինի հասկանալի, տրամաբանված։ Պետական հովանավորությունից պետք է օգտվեն պետության անունը բարձր պահող, վսեմ արժեքներ ստեղծող արվեստագետները եւ ստեղծագործական կոլեկտիվները։
-Այդպես էլ Արցախյան պատերազմի թեմաներով ոչ մի օպերա չգրվեց, մեր պատերազմը իր հերոսականությամբ, բարոյական շեշտադրումներով արժանի էր, ասենք «Բորիս Գոդունովի» նման մոնումենտալ ստեղծագործության նյութ դառնալու։ Բայց՝ ավաղ։ Ի դեպ, տարիներ առաջ Դուք ասացիք, որ Արցախյան պատերազմի մոտիվներով գրված շատ հզոր ու վեհաշունչ օպերայի բեմադրությանն եք պատրաստվում։ Ի՞նչ ճակատագրի արժանացավ այն։
-Մենք, օգտագործելով «Դավիթ Բեկի» սյուժեն, բեմադրեցինք մի գործ, որը մարմնավորեց մեր հերոսական պայքարի գաղափարը բոլոր ժամանակներում եւ բոլոր թշնամիների դեմ։ Մեր ազգայինը, որպես լինելություն, ամուր պետականության եւ հաղթանակի խորհրդանիշ, դարձավ բեմադրության առանցքային կերպարներից մեկը։ Բեմադրությունը ջերմ ընդունելության արժանացավ, ավելի քան քսան րոպե դահլիճը հոտնկայս ծափահարում էր, մարդիկ արցունքոտվելու աստիճան հուզվել էին։ Այնուամենայնիվ, անկեղծ լինելու համար պիտի ասեմ, որ հայ ժամանակակից կոմպոզիտորների մեջ «Բորիս Գոդունովին» հարիր ներուժ արթնացնելու համար երկար տարիների նպատակասլաց աշխատանք, ֆինանսական ու բարոյական խթաններ են հարկավոր: Արցախյան պատերազմը կարող էր եւ պետք է դառնար հայրենասիրական օպերայի նյութ։ Պարզապես անհրաժեշտ էր պետպատվեր եւ պետական հովանավորություն, ինչն ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում։ Նման բեմադրությունը կդառնար յուրատեսակ տուրք հաղթանակին, հող ազատագրած ռազմիկներին ու զոհվածների հիշատակին, կդառնար ռազմահայրենասիրական, բարոյական վերելքի խթան, կոգեւորեր ժողովրդին։
-Ի՞նչ են տալիս բանակն ու արվեստը երկուստեք։
-Բանակն ու արվեստը պետք է շատ մոտ լինեն իրար, բանակը ոգի է, արվեստը՝ ոգու կերտող։ Բանակը ուժ է, իսկ այդ ուժը մարդու հոգու մեջ է։ Բանակը պետք է օգտագործի այն զինվորների ուժը, որոնք արվեստի բնագավառում հաջողությունների հասնելու նախադրյալներ ունեն։ Շատ երկրներում բանակի գեղարվեստական խմբերը միջազգային ճանաչում ունեն եւ անգնահատելի գործ են կատարում զորքի, զինվորի ոգին բարձրացնելու ուղղությամբ։ Առհասարակ, հայրենասեր, ազգասեր, գիտակից ու բարոյական անհատ ձեւավորելու գործում արվեստը, մշակույթը ունեն հենքային դերակատարում։ Անհատի ու արվեստի կապը պետք է սկսվի դպրոցից։ Եթե ես լինեի որոշողը, անպայման հանրակրթական դպրոցների ծրագրերում կներառեի այնպիսի առարկաներ, ինչպիսիք են արվեստի հիմունքները, մշակույթի պատմությունը, իսկ մայրենի լեզու եւ գրականություն առարկային կտայի հատուկ կարգավիճակ։ Սրանք այն առարկաներն են, որոնք գիտելիք տալուց բացի, կրթում են մարդու միտքն ու հոգին, արթնացնում են բարոյական մղումներ, ազնիվ գաղափարներ։
-Պարոն Գրիգորյան, չեմ կարող չհիշել, որ հենց այս պահին հազարավոր զինվորներ են կանգնած հայոց սահմաններին։
-Խորին հարգանք ու խոնարհում նրանց սրբազան գործին։ Երախտապարտ եմ նրանցից յուրաքանչյուրին։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր