ՀԱՅ ՍՊԱՅԻ ԿՈՂՔԻՆ…
Հուլիսի 25-ին «Սպայի մայր» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մխիթարյանն այցելեց գնդապետ Սամվել Գրիգորյանի հրամանատարությամբ գործող ԼՂՀ սահմանամերձ զորամաս, որտեղ էլ հրամանատարի հետ միասին ծանոթացավ զորամասի առօրյային, սպաներին հուզող խնդիրներին:
Հանդիպման ընթացքում հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը բարձր գնահատեց հասարակական կառույցի աջակցությունը բանակին և կարևորեց նման այցերի դերը բարոյահոգեբանական առումով: Միաժամանակ նա նշեց, որ սպաների բոլոր խնդիրները լուծելի են՝ վստահեցնելով, որ սպան մշտապես պետության ուշադրության ներքո է: Իր հերթին Ս. Մխիթարյանը կազմակերպության անունից զորամասին մշտական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեց՝ նշելով, որ իր ղեկավարած հասարակական կառույցի գործունեությունը միտված է հայ սպաների իրավունքների և շահերի պաշտպանությանը: Կազմակերպության ղեկավարը դիրքապահներին որպես նվիրատվություն հանձնեց նաև շապիկներ, ճտքավոր կոշիկներ, ծխախոտ:
-Հանդիպման ժամանակ մեզ մասնավորապես հետաքրքրում էին սպաների սոցիալական և առողջապահական խնդիրները: Եվ մենք ստացանք բավարար տեղեկատվություն: Մենք խոստացանք աջակցել զորամասին բոլոր այն հարցերում, որոնց կարիքը կզգացվի, – նշում է Ս. Մխիթարյանը
Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, «Սպայի մայր» բարեգործական ՀԿ-ի անդամները այցելել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ իրենց բուժումն են ստանում ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորականները: Կազմակերպության անդամները սեփական նախաձեռնությամբ և անձնական միջոցներով իրենց համեստ ներդրումն ունեցան վիրավորներին սատարելու գործում, ինչպես նաև իրենց սերն ու ջերմությունը փոխանցեցին և շուտափույթ ապաքինում մաղթեցին հերոսներին:
«Սպայի մայր» բարեգործական կազմակերպությունը գործում է 2016 թ.-ի ապրիլից: Հասարակական կառույցի գործունեությունը միտված է նպաստելու հայ սպաների սոցիալ-տնտեսական, հոգևոր եւ մշակութային խնդիրների լուծմանը՝ իրականացնելով հայրենասիրական, իրավական, կրթական, սոցիալական ծրագրեր, ինչպես տեղական, տարածաշրջանային, այնպես և միջազգային մակարդակներում: Կազմակերպությունը նախաձեռնում է նաև ստեղծել տեղեկատվական բանկ հայ սպաների, նրանց ընտանիքների մասին՝ անհրաժեշտության դեպքում ձեռք մեկնելու և օգնություն ցուցաբերելու նրանց:
Կազմակերպության ծրագրերին աջակցել ցանկացողները կարող են դրամական փոխանցում կատարել «Սպայի մայր» բարեգործական ՀԿ-ի բանկային հաշվեհամարներին հետևյալ տվյալներով.
Սպասարկող բանկ՝ «Արդշինբանկ» ՓԲԸ, Հայաստան, 0015, Երևան Գրիգոր Լուսավորչի փող., 13 շենք (Կենտրոն վարչ. շրջան):
Հաշվեհամարներ՝
2473604308930000 ՀՀ դրամի համար
2473604308930030 եվրոյի համար
2473604308930020 ՌԴ ռուբլու համար
2473604308930010 ԱՄՆ դոլարի համար
Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Բանակ և հասարակություն