Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍՈՒՆԱՑՐԵՑ ՄԵԶ



Հուլիսի 18-ից 21-ը և 26-ին գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում անցկացվել են ցուցադրական զորավարժություններ, որոնց ներկա են եղել ԼՂՀ ՊԲ  մյուս զորամասերի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Զորամասի պատրաստվածությունը գնահատվել է «լավ»:

Հրամանատարը իր զրույցում գոհունակությամբ նշում է, որ հնչող գնահատականները զորամասի մարտական բարձր պատրաստվածության, զորամասում առկա ռազմահայրենասիրական և ընկերասիրական ոգու, ինչպես նաև անձնակազմի հետ տարվող քրտնաջան աշխատանքի արդյունք են:

Գումարտակն իրեն լավագույնս դրսևորեց ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ լիարժեք կատարելով իր առջև դրված խնդիրները:  ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը բարձր է գնահատել հրետանային դիվիզիոնների ավանդը սահմանների պաշտպանության գործում. պարգևատրվել են շուրջ 70 զինծառայողներ, որոնցից 44-ը՝ ժամկետային: Տասնմեկ հոգի պարգևատրվել է պետական բարձր պարգևներով, փոխգնդապետ Կարեն Քարամյանը և մայոր Արմեն Հակոբյանը՝ «Արիության» մեդալով: Աչքի են ընկել և խրախուսվել դիվիզիոնների հրամանատարներ՝ փոխգնդապետ Ա. Թայիրյանը և փոխգնդապետ Գ. Հայրումյանը, որոնց ստորաբաժանումները կարողացան ետ մղել հակառակորդի գրոհը՝ խափանելով նրա բոլոր ծրագրերը: Մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, պարտականությունների ճշգրիտ կատարմամբ և նվիրվածությամբ աչքի է ընկել նաև կապիտան Կ. Վարդանյանը:

Ապրիլյան դեպքերից հետո լուրջ աշխատանքներ են տարվել նաև մարտական դիրքերի ամրապնդման, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հրամանատար Հ. Թևոսյանը շեշտում է՝ դիրքերը համապատասխան ձևով կահավորված և ամրացված էին նաև մինչև պատերազմական օրերը, ինչը հնարավորություն տվեց խուսափելու մարտական կորուստներից, լիարժեք կատարելու մարտական խնդիրները: Ապրիլից հետո մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել հատկապես հրամանատարական դիտակետերում:

***

Բացի մարտական պատրաստությունից՝ սահմանը պահող այս զորամասում ամեն օր, ամեն ժամ նկատելի աշխատանքներ են տարվում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, կարգապահության ամրապնդման ուղղությամբ: Զորամասում գործում է «Հայ ասպետ» գիտակների ակումբը, որը երկու տարի անընդմեջ իրեն լավագույնս է դրսևորել զինված ուժերի զորամասերի մրցույթներում: Այստեղ գործում է նաև գրադարան, որը թե՛ զինծառայողների և թե՛ հասարակական կառույցների ու անհատների շնորհիվ շարունակում է համալրվել մեծ քանակությամբ գրքերով: Յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր մարզական անկյունը, անցկացվում են մշակութաժամանցային միջոցառումներ:

Ինչպես նշում է զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Քամալյանը, զինծառայողների առօրյայի ճիշտ կազմակերպումը, մշակութաժամանցային միջոցառումները, անհատական մոտեցումը անձնակազմի ներսում խթանում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորումը, ինչն էլ իրեն առավել նկատելի զգացնել տվեց հենց ապրիլյան փորձությունների ժամանակ:

Փոխգնդապետ Ա. Քամալյանը զորամասում ծառայում է 2013 թվականից:

– Բանակաշինության գործընթացը շարունակական է և երբեք չի ավարտվում, ամեն ինչ կատարելագործվում է: Պետք է մշտապես առաջ նայել,- ասում է նա՝ գոհունակությամբ արձանագրելով, որ այս տարի, անցածի համեմատ, զորամասում խիստ կրճատվել է բռնությունների, ոչ կանոնադրական հարաբերություններով պայմանավորված դեպքերի թիվը: Նրա գնահատմամբ՝ ստորաբաժանումների հրամանատարները դարձել են ավելի լրջախոհ, պատասխանատու, նվազել են ժամկետային զինծառայողների շրջանում երբեմն նկատվող «երեխայական» դրսեւորումները:

-Մեր մարտական ոգին շատ բարձր է, մանավանդ ապրիլյան դեպքերից հետո: Եվ, ընդհանրապես, իմ կածիքով, մեր նոր սերունդը ակնհայտ գերազանցում է ավագ սերնդին: Ավելի լուրջ ու սթափ է գնահատում իրավիճակը, հայրենիքի առջև կանգնած մարտահրավերները,- շեշտում է փոխգնդապետը:

Կարևորելով դպրոց-բանակ և բանակ-հասարակություն զարգացող կապերը, զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալը նշում է, որ անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, կարգապահության ամրապնդման գործում զգալի դրական ներգործություն ունեն նաև հասարակական կառույցները:

-Տեղի բնակչության և կազմակերպությունների ուշադրությունը մեր զորամասի նկատմամբ, իրոք, շատ մեծ է: Զինվորն իրեն միայնակ չի զգում, եւ բնականաբար մեծանում է նաև պարտավորվածությունը հասարակության առջև: Հասարակության սերն ու ուշադրությունը հավելյալ լիցք են հաղորդում դիրքեր բարձրացող զինվորականին, նախապատրաստական հոգեբանական աշխատանքները մղում է՛լ ավելի արդյունավետ հուն:

-Մարտական հերթապահության նախօրեին անձնակազմի հետ անցկացնում ենք անհատական զրույցներ՝ ոգեւորում եւ տրամադրում ենք հոգեբանորեն դժվարին ծառայությանը: Հիմնականում զրույցների ընթացքում շեշտը դնում ենք կարգապահությանը, քանի որ դիրքերում խիստ անհրաժեշտ է թիմային մտածողությունը: Զինվորին լավատեսություն ենք ներշնչում,- շեշտում է փոխգնդապետ Ա. Քամալյանը:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավագ լեյտենանտ

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍՈՒՆԱՑՐԵՑ ՄԵԶ

ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՍՈՒՆԱՑՐԵՑ ՄԵԶ

Խորագիր՝ #29 (1149) 03.08.2016 - 09.08.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


03/08/2016