«ՏՂԱՆԵՐՍ ԱՊԱՑՈՒՑԵՑԻՆ, ՈՐ ՀԵՐՈՍ ԵՆ…»
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ փոխգնդապետ Նվեր Ներսիսյանի հրամանատարությամբ գործող գումարտակն աչքի ընկավ մարտական բարձր պատրաստականությամբ: Ստորաբաժանումն առաջինն իր վրա ընդունեց թշնամու հարվածը: Կապիտան Ուրֆանյան, շարքային Սլոյան, կրտսեր սերժանտ Աբրոյան… Մարտական և հրամանատարական բարձր պատրաստվածության, անձնակազմին ժամանակին և ճիշտ մոբիլիզացնելու համար գումարտակի հրամանատար Նվեր Ներսիսյանը պարգևատրվեց «Արիության» մեդալով, բայց դա 32-ամյա փոխգնդապետի առաջին և միակ պարգևը չէ. դեռ 2014 թվականին նա պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: 2016 թվականին փոխգնդապետ Ներսիսյանը ճանաչվել է ԼՂՀ ՊԲ գումարտակի լավագույն հրամանատար:
Նվեր Ներսիսյանն ավարտել է Վազգեն Սարգյանի անվան ռազմական համալսարանը: 2005 թվականին դասակի հրամանատար էր, 2011-2014-թթ. գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար՝ 2014 թվականից:
– Ես շատ գոհ եմ իմ ենթականերից: Դեռ մինչև ապրիլյան դեպքերը ես վստահ էի, որ անձնակազմը պատրաստ է հակառակորդի ցանկացած գործողությունների, իսկ այդ օրերին մեր տղաները կարողացան ոչ միայն կատարել իրենց անմիջական պարտականությունները, այլ նաև անձնական նախաձեռնություն ցուցաբերել: Տղաներն ապացուցեցին, որ կարող են եւ պատրաստ են հերոսանալ:
Միշտ ձգտել եմ, որ իմ հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը լինի լավագույնը: Ստեղծել եմ ամուր և առողջ կոլեկտիվ: Իհարկե, տարբեր օջախներից, տարբեր մտածելակերպի տեր անձինք են, բայց դա հաղթահարելի է, եթե կա հստակ նպատակ: Եվ շատ կարևոր է, որ այդ ընկերական մթնոլորտը կառուցվի արդարության, հավասարության վրա: Սահմանագիծը պարտավորեցնում է լինել զինվորի հետ, նրա կողքին: Թիկունքային զորամասում բոլորը քո աչքի առաջ են, անմիջապես քո կողքին, իսկ այստեղ՝ ամբողջ ռազմաճակատով ցրված:
Սահմանագծում կարգապահությունը խախտող զինվորը պետք է պատժվի: Երբ զինվորը գալիս է քո ստորաբաժանում, դու արդեն պատասխանատու ես նրա համար: Եվ եթե նա զանցանք է գործում՝ մեղավորը նաև դու ես. ուրեմն ինչ-որ բան աչքիցդ վրիպել է, ինչ-որ տեղ թերացել ես… Զինվորին պետք է դաստիարակել… Եթե սխալ է կատարել, ուղղվելու հնարավրություն տալ: Սահմանին կանգնած զինվորին հրամանատարը ոգևորում է իր անձով, իր գործով, օրինակով: Ես փորձում եմ զինվորին օրինակ ծառայել ոչ միայն մարտական պարտականությունների կատարման ժամանակ, այլ նաև՝ բանակային խաղաղ առօրյայում:
Հրամանատարի խոսքով՝ ղեկավարը պետք է կարողանա նաև լսել ենթականերին, հաշվի նստել նրանց կարծիքի, պատկերացումների հետ:
– Դա կարող է օգնել, որ բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվես: Ապրիլին այդ մոտեցումը շատ օգնեց մեզ: Առաջին ժամերին լսեցի նաև դիրքերի ավագներին, ի մի բերեցինք մեր անելիքը: Պետք է նաև թույլ տալ, որ ենթակաները կարողանան լինել նախաձեռնող. հրամանատարը կարող է ֆիզիկապես ներկա չլինել այդ վայրում, բայց պարտավոր է պահել կապը: Եթե ես այդ ժամերին կորցնեի այն, մենք ավելի շատ զոհեր կունենայինք: Պետք չէ նաև մի տեղ կենտրոնացնել ստորաբաժանման ամբողջ անձնակազմը: Կարծում եմ, որ դա սխալ է: Ես մարտի ժամանակ ետ ուղարկեցի բուժակին, և նա փրկվեց: Եվ էլի նման օրինակներ կարող եմ բերել:
Լինելով սահմանապահ ստորաբաժանման հրամանատար՝ փոխգնդապետ Ներսիսյանը հաճախակի է լինում դիրքերում.
– Հաճախակի եմ կանգնում և ուսումնասիրում առաջնագիծը, ուսումնասիրում հակառակորդին, փորձում հասկանալ նրա մտադրությունները: Վախ այլևս չկա: Այդ զգացողությունը գնաց մարտական ընկերներիս հետ: Վախ չկա, քանի որ ես ամուր եմ իմ անձնակազմով: Հրամանատարը իրավունք չունի թուլանալու եւ իր վախը ի ցույց դնելու, – նշում է հրամանատարը:
Փոխգնդապետ Ն. Ներսիսյանը խիստ կարևորում է դիրք բարձրացող զինվորի հետ նախապատրաստական աշխատանքը, նրա հոգեբանական կոփումը: Նրա խոսքով՝ դիրքապահ զինվորը պետք է նախևառաջ զգոն և սթափ լինի, կարողանա գնահատել իրավիճակը և ճիշտ որոշումներ կայացնել:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Խորագիր՝ #30 (1150) 10.08.2016 - 16.08.2016, Ազգային բանակ