Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԴՈՒՄ



«Ցնծացե՛ք, ձեր զավակներին բախտ վիճակվեց դառնալու հայոց բանակի զինվորներ»:

Գնդապետ Սերգեյ Շաքարյան

գնդի հրամանատար

 

9-1-1ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Դիզակ (Տիզակ, Դուզախ) գավառի մելիքության տարածքը սկսվում էր Դիզափայտի լեռնային գոտուց եւ Իշխանագետից ու տարածվում մինչեւ Արաքս գետը` Խուդափերինի կամրջի մոտ: XVIII դ. սկզբից Դիզակ գավառի իշխողներն էին Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ), որոնց ամրոցը գտնվում էր Տող ավանում, Գտիչ վանքի դիմաց:

XVIII դ. մղված թուրք-պարսկական պատերազմում Ղուկաս վարդապետի որդի Մելիք-Եգանը օսմանյան թուրքերի դեմ պայքարում ցուցաբերած եռանդի համար Նադիր շահից ստացել է Խամսայի մելիքությունների գերագահությունը: Նրա անունով տոհմի անդամները սկսել են կոչվել Մելիք-Եգանյաններ (Մելիք-Ավանյաններ): Մելիք-Եգանը 1736 թ. փետրվարին Մուղանի դաշտավայրում մասնակցել է Նադիր շահի թագադրությանը, այնուհետեւ վերջինիս կողմից նշանակվել Խամսայի (Արցախի) մելիքությունների խան եւ բեկլարբեկ (իշխանաց իշխան):

Մելիք Եգանի տոհմական զինանշանը

 

Մարդաշատ էր ԼՂՀ Հադրութ քաղաքի կենտրոնական այգին, որը նվիրված է Հադրութի շրջանի ազատագրության համար զոհված ազատամարտիկների հիշատակին: Ահա այս պատմական վայրում՝ Արցախի Դիզակ գավառի պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկ զինվորների երդման արարողությունը:

Մեկ րոպե լռությամբ հարգվեց Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը: Զինվորական նվագախումբը կատարեց ՀՀ և ԼՂՀ օրհներգերը:

Զինվորական երդումից հետո տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ:

Բանախոսների կողմից առանձնահատուկ ընդգծվեցին ոչ միայն Արցախյան ազատամարտի, այլև 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմում հայ զինվորների և սպաների կատարած սխրագործությունները: Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հայ զորականը ցույց տվեց իր բազկի ուժը՝ ոսոխին տալով արժանի հակահարված:

Ելույթ ունեցողները հատկապես շեշտեցին ռազմական գործը խոր ուսումնասիրելու անհրաժեշտությունը: Զինծառայողներից մեկն իր ելույթում շեշտեց, որ պատվով կկատարի իր պարտականությունները:

ԵՐԴՈՒՄՆորակոչիկներից մեկը մասնավորապես ասաց. «Մենք ձեզ ճանապարհել ենք երգով ու պարով և այդպես էլ պատրաստ ենք ընդունելու: Սիրելի՛ սպաներ, մենք ձեզ ենք հանձնել ամենաթանկագինը՝ մեր զավակներին, պահեք և պաշտպանեք և՛ ձեզ, և՛  նրանց»:

Հաջորդ բանախոսը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ և նորակոչիկի ծնող Աշոտ Ղուլյանն էր. «Սիրելի զինվորներ, պարոն գեներալ, պարոնայք սպաներ և հարգելի ծնողներ ու զինվորներ: Մեր որդիների կյանքում այսօր պատմական օր է: Նրանք առաջին անգամ երդվեցին հայրենիքին, և վստահ եմ, որ չեն դրժի իրենց երդումը ու  կծառայեն անմնացորդ, անառիկ կպահեն մեր սահմանները և կապահովեն մեր ժողովրդի անվտանգությունը: Ես կարծում եմ, որ մեր որդիները շատ լավ են հասկանում, թե ինչ է նշանակում երդվել: Դա իրենց առաջին սահմանադրական պարտականությունն է: Թող որևէ մեկը չկասկածի, որ այսօրվա զինվորը իր հայրերից ավելի պինդ և ավելի ամուր է պաշտպանելու հայրենի հողը: Դրա մասին են վկայում վերջին՝ ապրիլյան իրադարձությունները, երբ հակառակորդը նոր ռազմական ագրեսիա ձեռնարկեց: Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում եմ խաղաղ ու բարի ծառայություն մեր որդիներին: Եթե կարիքը լինի, մենք կրկին մեր որդիների կողքին կլինենք»:

Գնդի զինվոր, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սան, ապագա սարկավագ, սերժանտ Գալստյանը շնորհավորեց իր զինակիցներին և իր խոսքում մասնավորապես ասաց. «Սիրելի՛ նորակոչիկներ, այսօր այստեղից մեզ համար բացվում է մի նոր ճանապարհ, որն իր մեջ ներառում է թե՛ դժվարություն, թե՛ հպարտություն: Լինենք միասնական, ընկերասեր: Միշտ պետք է հիշենք, որ հայրենիքը մի մեծ ընտանիք է, և այդ ընտանիքի սիրտը մեր բանական է, մեր զինվորը: Մեր Տեր Քրիստոսն ասել է . «Եվ այն ամենը, որ կցանկանան քեզ անել, դու էլ արա դիմացինիդ»: Սերժանտն իր ելույթն առաջարկեց ավարտել տերունական աղոթքով, որին մասնակցեցին զինծառայողները և ծնողները:

Գեներալ-մայոր Վարդան Բալայանը դիմեց ծնողներին. «Այս երկու տարիների ընթացքում ձեզ փոխարինելու են մեր սպաները, և ասեմ, որ նրանք նույնքան հոգատար կլինեն, որքան դուք, վստահ եմ՝ նրանք կլինեն ավելի պահանջկոտ, որպեսզի կարճ ժամանակահատվածում տղաները տիրապետեն զինվորական մասնագիտությանը, դառնան իսկական հայրենիքի զինվորներ»:

ԵՐԴՈՒՄԱրարողության վերջում ելույթ ունեցավ գնդի հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանը: Նա հավաքվածներին համառոտ ներկայացրեց իր կենսագրությունը, մարտական ուղին: Հրամանատարը մասնավորպես ասաց. «Հավաստիացնում եմ, որ ձեր զավակներն այստեղ կտիրապատեն զինվորական մասնագիտությանը, ֆիզիկապես կկոփվեն, ձեռք կբերեն նոր ընկերներ և շրջապատված կլինեն մշտական հոգածությամբ և հոգատարությամբ: Ցնծացե՛ք, ձեր զավակներին բախտ վիճակվեց դառնալու հայոց բանակի զինվորներ: Դուք ունեցաք ձեր սեփական պաշտպանը մեր փառապանծ բանակում»:

Միտինիգի ավարտին հրամանատարությունը զինվորներին արտոնեց կարճատև հանդիպում հարազատների հետ:

Ավարտից հետո կարճ զրույց ունեցա գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Լ. Բաղդասարյանի հետ: Ինձ հետաքրքրում էր առավել կարևոր հիմնախնդիրը, որն անհանգստացնում է մեր սպաներին: Լ. Բաղդասարյանն առաջին հերթին առանձնացրեց հետևյալը՝ շարքային զինծառայողների մի մասի շրջանում պատմական տարբեր հիշարժան փաստերի վերաբերյալ անտեղյակությունը, գիտելիքի ոչ բավարար պաշարը, որին կոչված են լրացնելու սպաները համապատասխան պարապմունքների միջոցով: Օգտագործվում է նաև բուհեր ավարտած և ուսանող երիտասարդների ներուժը:

Մեր կողմից հավելենք, որ նշված հիմնախնդրի լուծմանը նպաստում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը, որը, սկսած 2010 թվականից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և այլ հաստատությունների գիտա-դասախոսական կազմի ուժերով պարբերաբար կազմակերպում է դասախոսություններ զինծառայողների համար:

Ռուբեն ՍԱՀԱԿՅԱՆ

Խորագիր՝ #32 (1152) 24.08.2016 - 30.08.2016, Բանակ և հասարակություն


24/08/2016