Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ «ԿԱՍԿԱՆ» ԿԶՈՐԱՑՐՎԵՐ…



ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ «ԿԱՍԿԱՆ» ԿԶՈՐԱՑՐՎԵՐ...Ապրիլյան պատերազմից հետո թեժ կետի վերածված հարավարեւելյան սահմանում է ծառայել հրաձգային վաշտի ջոկի գնդացրորդ, կրտսեր սերժանտ Խաչատուր Հարությունյանը («Կասկան»): Նա հայտնի էր որպես անվրեպ գնդացրորդ: Ավելի ճիշտ, Խաչատուրը ծառայել է հայտնի տասնութերորդ դիրքում, որին թշնամին այդպես էլ չկարողացավ տիրանալ: Ավելին, չկարողացավ անգամ դիրքի մատույցներին մոտենալ: Դիրքը գրավելով՝ ադրբեջանցիները կներթափանցեին պաշտպանական բանակի թիկունք: Խաչատուրն այստեղ է կռվել ու այստեղ էլ զոհվել՝ 2016 թվականի մայիսի 16-ին՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից:

«Մարտական ծառայության» մեդալի արժանացած քաջ զինվորը ծնվել է Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում: Ծննդավայրի՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա հանձնում է միասնական քննությունները եւ ընդունվում  տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ, որտեղից էլ  զորակոչվում է ազգային բանակ:

Կարդում ենք դպրոցի տնօրեն Արտյուշա Ղազարյանի բնութագիրը մերօրյա հերոսի  մասին. «Անչափ համեստ ու վերին աստիճանի ամոթխած պատանի էր՝ դասարանի սիրված աշակերտներից մեկը: Լավ էր սովորում, ուներ ընդգծված հակում ճշգրիտ գիտությունների նկատմամբ»:

Լուսաղբյուր համայնքի ղեկավարությունը եւ դպրոցի տնօրինությունը որոշել են դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է խիզախ գնդացրորդը, անվանակոչել նրա անունով՝ վստահ, որ այն երեխաները, ովքեր երջանկություն կունենան սեպտեմբերի 1-ին հաճախելու անվանակոչված դասարան, արիության ու հայրենասիրության բազում դասեր կառնեն իրենց համագյուղացու նվիրական ու վեհ կերպարով:

 

Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Խորագիր՝ #33 (1153) 31.08.2016 - 06.09.2016, Ազգային բանակ, Բանակ և հասարակություն


31/08/2016