ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՍՏԱՆՁՆԱԾ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 8-ին մասնակցել է Լոնդոնում անցկացվող ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով պաշտպանության նախարարների հանդիպմանը:
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հյուրընկալած այս հանդիպումը հանդիսանում է 2015թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության թեմայով գագաթաժողովի շարունակությունը: Լոնդոնյան հանդիպման նպատակն է ամփոփել գագաթաժողովի ընթացքում նախորդ տարի ստանձնած հանձնառությունների շրջանակներում կատարված աշխատանքն ու ստանձնել նոր հանձնառություններ:
Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում տեղակայելու նպատակով հանձնառություն էր ստանձնել կազմավորել լրացուցիչ կարողություններով՝ երկրորդ մակարդակի դաշտային հոսպիտալ և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման ստորաբաժանում:
Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը երկկողմ հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների գործընկերների հետ:
Խորագիր՝ Նորություններ