ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ ՊԱՆԹՈՒՐԱՆԻԶՄՆ ԷՐ, ՈՉ ԹԵ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԿՐՈՆԸ
Վերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համալսարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Պրոֆ. Ռիչարդ Ռուբինշտեյնը, իր՝ «Հայոց ցեղասպանությունը որպես ջիհադ» զեկույցում, հայերի զանգվածային սպանությունները վերագրում է քրիստոնյաների դեմ իսլամական մոլեռանդությանը: Սա հաճախ թյուրըմբռնված թեմա է նույնիսկ հայերի կողմից, որոնք հպարտությամբ հայտարարում են՝ առաջին ազգն են, որ քրիստոնությունը որպես պետական կրոն ընդունել են 301 թվականին: Այս թյուրըմբռնման հիման վրա ստեղծվել է մի ամբողջ բանահյուսություն, որ հայերը նահատակվել են իրենց հավատքի համար և կրոնափոխությունը մերժելու պատճառով: Հաշվի առնելով ներկայիս հակաիսլամական մոլուցքը Միացյալ Նահանգներում և այլուր, որոշ մարդիկ ապակողմնորոշվում են այս սխալ պնդումներով:
Պրոֆ. Ռուբինշտեյնն իր ելույթն սկսում է սխալ հիմնավորմամբ, երբ նկարագրում է մի զարհուրելի տեսարան Հոլիվուդում 1919 թ. նկարահանված «Հոշոտված Հայաստան» համր ֆիլմից, որը ցուցադրում է փայտե խաչերին գամված մի քանի մերկ հայ կանանց: Համարելով, որ «թուրքերը» մտադիր էին նման սարսափելի տեսարաններով որոշակի հակահայկական և հակաքրիստոնեական ուղերձ հղել, պրոֆ. Ռուբինշտեյնը սխալմամբ պնդում է, որ այդ ֆիլմը «չէր կարող նկարահանվել առանց թուրքական իշխանությունների ներգրավման և համաձայնության»:
Պրոֆ. Ռուբինշտեյնը Հայոց ցեղասպանության կրոնական շարժառիթի իր ենթադրությունները հիմնավորում է այն հանգամանքով, որ «Օսմանյան կայսրությունը կառավարվում էր որպես կրոնապետական (թեոկրատական) պետություն, որի գլխին կանգնած էր սուլթանը՝ միաժամանակ որպես պետության և սուննի մահմեդականների ղեկավար՝ խալիֆ, որպես այդպիսին՝ Մարգարեի իրավահաջորդ և իսլամի բարձրագույն պաշտպան»:
Պրոֆեսորը պնդում է Հայոց ցեղասպանության կրոնական պատճառական գործոնը՝ նույնիսկ հայտնի ցեղասպանագետ Վահագն Տատրյանից մեջբերում անելուց հետո, որը հակասում է իրեն: Ըստ Տատրյանի՝ «Միություն և առաջադիմություն» կամ «Իթթիհադ» կոմիտեի անդամները, որոնք իշխանության եկան 1908 թվականին և կազմակերպեցին Հայոց ցեղասպանությունը, չեն եղել «իսլամի սկզբունքների» հետևորդներ… Մինչ «Իթթիհադը» շարունակում էր պետությունը ղեկավարել հիմնականում որպես կրոնապետություն, նրա առաջնորդները անձամբ աթեիստներ և ագնոստիկներ էին»: Դժվար է հավատալ, որ բարեպաշտ մահմեդականը կարող էր սպանել որևէ մարդ արարածի, չխոսելով արդեն միլիոնավոր մարդկանց մասին…
Պրոֆ. Ռուբինշտեյնն ընդգծում է իսլամի գլխավոր դերը թուրքերի կողմից հայերի զանգվածային ջարդերի մեջ, թեև նա ընդունում է, որ «[Ռոնալդ] Սունին և այլ մասնագետներ պնդել են, որ արյունահեղ միատարրության հիմնական դրդապատճառը եղել է ազգայնականությունը, և կասկած չկա, որ մեծ դեր է խաղացել արմատական ազգայնականությունը»: Ռուբինշտեյնը անտեսում է պանթուրքական ազգայնականության հարցը՝ պնդելով, որ ««էթնիկ զտումների» ծրագրերի համար ամենակարևոր շարժառիթը եղել է կրոնական և, հատկապես՝ իսլամի որոշ ասպեկտների անփոփոխ բնության հետևանքը»:
Ցույց տալու համար, որ թուրք ղեկավարների նախագծերում հիմնական որոշիչ գործոնը եղել է կրոնը՝ պրոֆ. Ռուբինշտեյնը ասում է. «1914 թ. նոյեմբերի 2-ին Օսմանյան կայսրությունը պատերազմ հայտարարեց Անտանտի երկրներին՝ Բրիտանիային, Ֆրանսիային, Ռուսաստանին և նրանց դաշնակիցներին: Նոյեմբերի 13-ին, օսմանյան սուլթանը՝ որպես խալիֆ, հանդես եկավ ջիհադի կոչով: Հաջորդ օրը, Մուսթաֆա Հայրի բեյը՝ շեյխ-ուլ-իսլամը, և Օսմանյան աշխարհում որպես սուննի կրոնական իշխանության առաջնորդ, պաշտոնական (և հրահրիչ) ջիհադ հայտարարեց «ընդդեմ անհավատների և իսլամի թշնամիների»: Ջիհադի գրքույկները արաբերենով բաժանվեցին նաև ամբողջ մուսուլմանական աշխարհի մզկիթներում, որոնք պարունակում էին գործողությունների մանրամասն ծրագիր «անհավատների» սպանության և բնաջնջման համար, բացառությամբ Գերմանիայի՝ պատերազմի ժամանակ կայսրության դաշնակցի քաղաքացիների: Մահվան ջոկատները և դրանց ղեկավարները «ոգևորված էին ջիհադի գաղափարախոսությամբ և եվրոպական ազգայնականության ազդեցությունը կրող պանթուրքիզմով»: Չնայած ջիհադի գործնական ազդեցությունը զանգվածների վրա սահմանափակ էր, «այն ավելի ուշ հեշտացրեց հայ ժողովրդի դեմ կառավարության իրականացրած ցեղասպանության ծրագիրը»:
Կրոնի փոխարեն, հայերի ոչնչացման առաջնային դրդապատճառ եղել է նրանց վերացումը որպես թուրքացման արգելակ և խոչընդոտ՝ մինչև Կենտրոնական Ասիա հասնող պանթուրանական կայսրության հաստատման թուրք ղեկավարների մեծ ծրագրի: Չնայած մահմեդական լինելուն՝ նաև բազմաթիվ քրդեր են սպանվել միայն այն պարզ պատճառով, որ նրանք թուրք չէին:
Քրիստոնյա հայերը երբեք խնդիր չեն ունեցել բարեպաշտ մահմեդականների և նրանց դավանանքի հետ: Ի դեպ, Հայոց ցեղասպանության բազմաթիվ վերապրածներ ապաստան են գտել մահմեդականների մոտ՝ Եգիպտոսում, Իրանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում, Պաղեստինում և Սիրիայում: Հայերը լավ են հիշում Մեքքայի Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիին, որը 1917 թ. հրաման արձակեց՝ պարտավորեցնելով մահմեդականներին պաշտպանել ցեղասպանության հայ վերապրածներին այնպես, ինչպես կպաշտպանեն իրենց սեփական ընտանիքները:
Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի կողմից հայերի բնաջնջման ծրագրի շարժառիթը ավելի շուտ ոչ թե պանիսլամական մոլուցքն էր, այլ պանթուրքական մոլեռանդ ազգայնականությունը…
Թարգմանությունը՝
Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Տարածաշրջան