ԼՈՒՍԱՆԿԱՐԱՅԻՆ ՌԵՊՈՐՏԱԺ
ԼՂՀ ՊԲ հարավային ուղղություն
Միավորման ծառայության պետ, մայոր Կարեն Աթայանը մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին բացատրում-հիշեցնում է անվտանգության պահանջները, հետաքրքրվում է զինծառայողների առողջական վիճակով, խնդիրների կատարմամբ. «Անվտանգության կանոնները պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում, անկախ հանգամանքներից: Ոչ մի դեպքում չի կարելի առանց սաղավարտի ու զրահաբաճկոնի մտնել խրամատ կամ էլ տարածքի մաքրությամբ զբաղվել. մի հանեք անգամ ջրի գնալիս: Ջրի պետք է գնալ առնվազն երկու հոգով, մեկը՝ պարտադիր զինված: Պահպանեք ձեր միջեւ պահանջվող հեռավորությունը: Զինվորի շարժման երթուղին է՝ խրամատ-կացարան-ճաշարան, տեղերը նախանշված են, մնացած երթուղիները համարեք փակ: Մանրակերտի վրա ցուցադրված են ականապատ դաշտերը, տեղադրված են համապատասխան նշաններ: Մի շեղվեք անվտանգության պահանջներից: Եվ միշտ հիշեք՝ հակառակորդը քնած չէ»:
Դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Սողոմոնյանը պատմում է իր զինվորի մասին. «Ապրիլին Էդգար Սարգսյանը հակառակորդի հետ մերձամարտի է բռնվել: Հակահարված է հասցրել թշնամուն, բայց պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Ապաքինվելուց հետո նորից ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակել նույն դիրքում: Այսպիսի զինվորի հետ կողք կողքի կանգնելը հպարտություն է սպայի համար»: Իսկ Էդգարը ավելացնում է. «Հիմա ավելի աչալրջորեն եմ հետեւում հակառակորդին. արդեն գիտեմ՝ ինչ կարող է լինել»:
Ապրիլյան կռիվներից հետո ավագ սերժանտ Վաչիկ Խաչատրյանը ստանձնել է հենակետի ավագի պաշտոնը: «Հակառակորդը այսօր փորձում է հոգեբանորեն ճնշել մեզ. տանկերը անընդհատ աջից ձախ է շարժում եւ հակառակը: Բայց քառօրյա պատերազմից հետո այլեւս ո՛չ տանկը, ո՛չ հրետանին, ո՛չ էլ հարվածային անօդաչու թռչող սարքերը մեզ չեն կարող վախեցնել»,- վստահեցնում է կրտսեր հրամանատարը: Նա նշում է, որ առաջնագիծը ամրացել է, սպառազինության ծավալը՝ ավելացել, սակայն իրենց համար կարեւոր փոփոխությունը նոր հրամանատարն է. «Փոխգնդապետ Հայիրյանի սիրտը զինվորի համար ցավում է: Իսկ սա շատ մեծ բան է դիրքում կանգնածի համար»:
Կրտսեր սերժանտ Արմեն Սահակյանի ծառայության փորձը համեստ է. յոթ ամիս է, ինչ զորակոչվել է, բայց արդեն ստանձնել է դիրքի ավագի պարտականությունները. «Վերապատրաստվել եմ, մասնակցել սերժանտական դասերի»:
Մհեր Առաքելյանն առաջին անգամ է դիրքում. «Ամբողջ գիշեր անհանգիստ էի. մտածում էի՝ ոնց կանցնի հերթապահությունս: Տեղ հասա: Պարզվեց՝ այն դիրքում եմ հերթապահելու, որը չորս օր շարունակ փորձել է գրավել թշնամին: Մի անբացատրելի ուժ մտավ մեջս: Դժվարությամբ եմ վայր դնում հեռադիտակս. ուզում եմ ամեն ինչ ուսումնասիրել, տեսնել, իմանալ՝ որոնք են հակառակորդի թույլ եւ ուժեղ կողմերը: Խոստանում եմ՝ իմ բաժին սահմանը պինդ կպահեմ»:
Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ
Խորագիր՝ #35 (1155) 14.09.2016 - 20.09.2016, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում