Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖՐԱՆՍԻԱՆ ԶԻՆՈՒՄ Է ԼԻԲԻԱԿԱՆ ՑԵՂԵՐԻՆ` ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՄԱԿ-Ի ԲԱՆԱՁԵՎԸ



«Le Figaro»-ն հաղորդում է, որ Ֆրանսիան գաղտնի, առանց տեղյակ պահելու դաշնակիցներին, զենք է մատակարարում Տրիպոլիից հարավ գտնվող լեռներում բնակվող բերբերյան ցեղերին, որոնք պայքարում են Քադաֆիի ռեժիմի դեմ: Ֆրանսիական ռազմաօդային ուժերը Նաֆուսի լեռներում հատուկ պատրաստված հրապարակներում անկարգելների (պարաշյուտների) միջոցով նետում են նռնականետներ, հակատանկային կառավարվող հրթիռներ, գնդացիրներ և ինքնաձիգներ, որոնց շնորհիվ ապստամբները հասել են նկատելի հաջողությունների:

«Պարաշյուտային մատակարարումների» փաստը հաստատել է նաև Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը: Ըստ նրա` խոսքը վերաբերում է միայն թեթև զինատեսակների ու դրանց զինամթերքի մատակարարումներին: Ֆրանսիական կողմի պնդմամբ, այդ քայլը պայմանավորված է հիշյալ շրջաններում առաջացած հումանիտար աղետով, իսկ Լիբիային զենքի մատակարարումների մասին ՄԱԿ-ի թիվ 1973 բանաձևով սահմանված արգելքը չի խախտվել. թեթև սպառազինությունը բերբերյան ցեղերին տրամադրվում է «խաղաղ բնակչության պաշտպանության» շրջանակներում, քանի որ ինքնաձիգներով զինված բնակչությունն իրեն կարող է պաշտպանել Քադաֆիին հավատարիմ զորքերի հարձակումներից:

Զուգահեռաբար Մուամմար Քադաֆին սպառնում է Լիբիայի օդային ռմբահարումները չդադարեցնելու դեպքում իր հերթին մարտական գործողություններ ծավալել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների տարածքում. «Նրանց տները, ընտանիքներն ու գրասենյակները մեր թիրախներն են: Անհրաժեշտության դեպքում մենք մորեխի, մեղվի պարսի պես կհեղեղենք Եվրոպան»,– հայտարարել է գնդապետ Քադաֆին` հուլիսի 1-ին հեռախոսային ուղերձով դիմելով իր կողմնակիցներին:

Սակայն ԱՄՆ և Իսպանիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ լիբիական հեղափոխության առաջնորդի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն ունենա Հյուսիսատլանտյան դաշինքի ձեռնարկած մարտական գործողությունների ընթացքի վրա:

Հիշեցնենք, որ կառավարական զորքերի ու ապստամբների շփման գիծն այժմ անցնում է Տրիպոլիի արվարձաններից 50 կմ հեռվում գտնվող Նաֆուսի լեռնաշղթայով:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


05/07/2011