BRINKMANSHIP!!
♦ Ինչպես կարելի է 10 տարում լուծել ԼՂՀ հիմնահարցը:
♦ Ի՞նչ է բխում «Ճգնաժամերի կառավարման» տեսությունից:
♦ Ինչո՞ւ Ադրբեջանը չի կարող brinkmanship-ը կիրառել Հայաստանի դեմ:
Հունիսի 24-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումը ԼՂ հարցում «բեկումնային» չէր: «Ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ»,- հանդիպումից հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բեկում կարող է լինել միայն մի դեպքում. եթե Ադրբեջանի քաղաքական վերնախավը կորցնի ռեւանշի հնարավորության հույսը: Իսկ վերջինս սնուցվում է երկու աղբյուրից. ա) նավթադոլարների աճող հոսքից, բ) տարածաշրջանում գերտերությունների ուժերի հավասարակշռության խախտման եւ Թուրքիայի հզորացման ակնկալիքից: Հետեւաբար՝ մեր տարածաշրջանում խաղաղության բանաձեւը հետեւյալն է. պետք է սպասել մինչեւ Ադրբեջանի նավթադոլարների հոսքը թուլանա՝ ընթացքում պահպանելով մեր տարածաշրջանում շահեր հետապնդող ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռությունը: Դա նշանակում է հզորացնել Հայաստանը, կանխել Թուրքիայի հզորացումը, կայունություն ապահովել Իրանում, բարելավել ռուս-վրացական հարաբերությունները եւ նպաստել ռուս-ամերիկյան համագործակցությանը Կովկասյան տարածաշրջանում: Ահա թե ինչ կարող են անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ ադրբեջանա-հայկական նոր պատերազմը կանխելու համար: Եթե այս քաղաքականությունն իրականացվի եւս 10 տարի, ապա Ադրբեջանում ոչ ոք այլեւս հաղթանակի չի հավատա, եւ ԼՂՀ հիմնահարցը կլուծվի ինքնըստինքյան:
Այս բանաձեւի ճշմարտացիությունն ապացուցվում է «ստատուս-քվոն» փոխելու՝ Ադրբեջանի տենդագին ջանքերով: «Մենք այլեւս չենք կարող սպասել»,- հայտարարում են Ադրբեջանի ղեկավարները: Ինչո՞ւ: Որովհետեւ նավթն արդեն սկսում է սպառվել: Որովհետեւ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտման սպասված պահը համառորեն չի գալիս (խեղճ Վաֆա Գուլուզադեի աչքը ջուր կտրեց՝ սպասելով, որ Ռուսաստանը կթուլանա ու դուրս կմղվի տարածաշրջանից, իրենք էլ Թուրքիայի հետ միասին կուլ կտան Հայաստանը, ինչպես մի անգամ արդեն եղել է):
Գլխավոր հարցն այս պահին հետեւյալն է. Կազանի հանդիպումն էլ անցավ, հետո՞ ինչ է լինելու: Ի՞նչ է անելու Ադրբեջանը: Կարելի է վստահաբար ասել, որ Ադրբեջանը կշարունակի վարել մի քաղաքականություն, որն արեւմտյան քաղաքագիտության մեջ կոչվում է brinkmanship՝ «հավասարակշռություն պատերազմի եզրին»: Արտահայտությունն առաջացել է սառը պատերազմի տարիներին եւ նշանակում է գերտերությունների այն գործելակերպը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրը կարող է առաջ բերել միջուկային պատերազմի վտանգ պարունակող քաղաքական ճգնաժամ (գործը հասցնել պատերազմի եզրին)՝ հույս ունենալով, որ հակառակորդն այդ պայմաններում կգնա զիջումների: Brinkmanship-ի օրինակ են 1961թ. Բեռլինի պատի ճգնաժամը կամ 1962թ. Կուբայում հրթիռների ճգնաժամը:
1961թ. հոկտեմբերի 28-ին ամերիկացիները ծրագրում էին քանդել Բեռլինը երկու մասի բաժանող սահմանային արգելափակոցները, որոնց կառուցումը սկսվել էր օգոստոսի 13-ին՝ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի հրամանով: Սակայն խորհրդային ռազմական հետախուզությունը նախօրոք իմանում է օպերացիայի ճշգրիտ տեղն ու ժամը: Նշված օրը Գերմանիայի եւ Բեռլինի խորհրդանիշը համարվող Բրանդենբուրգյան դարպասների (կառուցվել է 1789-1791թթ.) մոտ գտնվող հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ սկսում են շարժվել ամերիկյան 3 ջիփ, դրանց ետեւից՝ բուլդոզերներ, իսկ վերջից՝ 10 տանկ: Խորհրդային ուժերն այդ հատվածում բաղկացած էին մեկ գումարտակից եւ տանկային մեկ գնդից: Երբ ամերիկյան ջիփերն անարգել անցնում են ՀԱԿ-ը, մոտակա փողոցներից դուրս են գալիս խորհրդային տանկերը: Բուլդոզերներն արգելափակված են մնում քաղաքի արեւմտյան հատվածում: Խորհրդային ու ամերիկյան տանկերն ամբողջ գիշեր մնում են դեմ դիմաց՝ միմյանց վրա ուղղված փողերով: (Խորհրդային կործանիչները շրջափակել էին Արեւմտյան Բեռլինում գտնվող Թեպմելհոֆ օդանավակայանը, եւ ամերիկացիները չէին կարող օգնության հասնել իրենց զորքին): Ասում են, որ ամերիկյան հրամանատարությունը տպավորված էր խորհրդային տանկիստների կարգապահությունից. ամբողջ գիշերվա ընթացքում նրանցից ոչ ոք տանկից դուրս չի եկել: Հենց այդ գիշերվա լարված իրավիճակն էլ ստացել է Բեռլինի ճգնաժամ անվանումը: (Առավոտյան կողմերը հետ են քաշում իրենց ուժերը, եւ Արեւմուտքը ճանաչում է «սոցիալիստական Գերմանիայի» սահմանները):
Հիշեցնենք նաեւ Կարիբյան ճգնաժամի պատմությունը: 1959թ. Կուբայում հաջողությամբ է պսակվում սոցիալիստական հեղափոխությունը, եւ իշխանության է գալիս Ֆիդել Կաստրոն: 1961թ. ԱՄՆ-ի զինված ուժերը փորձում են ներխուժել Կուբա, սակայն անհաջողության են մատնվում: 1962թ. սեպտեմբերին ԽՍՀՄ-ը միջին հեռահարության առաջին հրթիռներն ու արձակման կայանքները տեղադրում է Կուբայի տարածքում, ինչը ամերիկացիները հայտնաբերում են «Ս-2» օդանավից կատարված լուսանկարների միջոցով: Հոկտեմբերի 16-ին ԱՄՆ-ը շրջափակում է Կուբան՝ արգելելով հրթիռների հետագա մուտքն այնտեղ ու միաժամանակ Խրուշչովից պահանջում հանել հրթիռները: Ի պատասխան՝ ԽՍՀՄ-ը պահանջում է Թուրքիայից հանել ամերիկյան միջին հեռահարության հրթիռները: Հոկտեմբերի 26-ին Խրուշչովը գաղտնի նամակ է գրում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիին, որում առաջարկում է հրթիռները դուրս բերել՝ Կուբայի շրջափակումը վերացնելու եւ Կուբա ներխուժելուց ամերիկացիների հրաժարվելու դիմաց: Հոկտեմբերի 27-ին Խրուշչովն ուղարկում է արդեն բաց նամակ, որում պահանջում է նաեւ ամերիկյան հրթիռները հանել Թուրքիայից: Նույն օրը խորհրդային «ցամաք-օդ» հրթիռը Կուբայում վայր է գցում ամերիկյան մի օդանավ: ԱՄՆ-ի պատասխան հարվածը թվում է անխուսափելի: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահի եղբայրը՝ Ռոբերտ Քենեդին, առաջարկում է համաձայնել Խրուշչովի գաղտնի նամակի պայմաններին, իսկ բանակցության ձախողման դեպքում միջուկային պատերազմի պատասխանատվությունը դնել Խրուշչովի վրա: Վերջինս ընդունում է ամերիկացիների պայմանը, եւ հոկտեմբերի 28-ին ճգնաժամն ավարտվում է: (Հետագայում ամերիկացիներն իրենց հրթիռները հանում են ոչ միայն Թուրքիայից, այլեւ Եվրոպայից):
Հրթիռների ճգնաժամի հիման վրա Արեւմուտքում ստեղծվում է գիտության նոր ճյուղ՝ «Ճգնաժամի կառավարում»: Այդ գիտության շրջանակներում ուսումնասիրվում է Կարիբյան ճգնաժամի օրերին ԱՄՆ անվտանգության խորհրդում որոշումների ընդունման ամբողջ գործընթացը եւ բացահայտվում է երկու հիմնական կանոն.
1. Որպես հարկադիր դիվանագիտության տարր՝ կիրառել պատերազմի սպառնալիքը՝ հակառակորդին ստիպելով նահանջել: Այդ ընթացքում կարեւոր է ռիսկի դիմելով՝ հավասարակշռությունը պահել պատերազմի եզրին:
2. Հակառակորդին տալ նահանջելու վերջին հստակ հնարավորությունը՝ իրադարձությունների անվերահսկելի զարգացումը կանխելու նպատակով (Ջոն Քենեդին մեծ նշանակություն էր տալիս այն բանին, որ Խրուշչովին չառաջարկվեին այնպիսի պայմաններ, որոնք ստորացուցիչ լինեին նրա համար, ու նա մերժեր ընդունել):
Այսօր Ադրբեջանը փորձում է (եւ կփորձի) հարկադիր դիվանագիտության այդ տարրը կիրառել ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների նկատմամբ: Բայց հաշվի չի առնում մի հանգամանք. Հայաստանը պատերազմի սպառնալիքի ազդեցությամբ ուզենա էլ (թեպետ երբեք չի ուզենա), չի կարող զիջել, քանի որ ցանկացած զիջում մեծացնում է նույն այդ պատերազմի հավանականությունը՝ ի տարբերություն Բեռլինի եւ Կարիբյան ճգնաժամերի (այդ երկու դեպքում էլ կողմերից մեկի զիջումը ի չիք էր դարձնում պատերազմի վտանգը):
«Եթե հայկական կողմը տարածքային զիջում անի, միայն կուժեղացնի Ադրբեջանի դիրքը եւ դրանով իսկ կմեծացնի ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- ասում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Սա նշանակում է, որ brinkmanship-ի դիվանագիտությունը Հայաստանի դեմ կիրառելի չէ:
«Մեկ թիզ հող անգամ չի կարելի զիջել: Եթե զիջենք մեր տարածքի թեկուզ մեկ քառակուսի սանտիմետրը, հետագայում կկորցնենք ամեն ինչ»,- համոզված է ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
«Պատերազմի լինել-չլինելը մեզնից կախված չէ,- ասում է նա:- Նրանք, ովքեր կռվել են, նոր պատերազմ չեն ուզում, բայց եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի: Սպառազինության ու մարդկային ուժի առումով Ադրբեջանի գերազանցությունը մեր նկատմամբ 1992թ. ավելի մեծ էր, քան այսօր: Զինվորին մենք 10 փամփուշտ էինք տալիս եւ ուղարկում ռազմաճակատ եւ հաղթեցինք մեծ զոհերի գնով: Այսօր մեր վիճակը շատ ավելի լավ է, քան այն ժամանակ: Մեր զենքերն են վճռականությունը եւ համախմբվածությունը»:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, ի տարբերություն Հայաստանի, ունեն Ադրբեջանի ստեղծած ճգնաժամը կառավարելու արդյունավետ լծակ՝ տարածաշրջանում պահպանել ուժերի հավասարակշռությունը: Թեկուզ պատերազմի եզրին:
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ