Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԱԿԱՆԸ



ԱՆԾԱՆՈԹ ԳՆԴԱՊԵՏԸ

Շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը, բարեբախտաբար, կեղծ էր: Արտակարգ իրավիճակների Երեւանի վարչության եւ շտապօգնության անձնակազմերը, ոստիկանները եւ ԶՈՒ ԳՇ ինժեներական վարչությունից եկած անծանոթ գնդապետը իրենց մասնագիտական հմտությունները գործի դնելու կարիք չունեցան: Հայտարարված «Տագնապից» մինչեւ դրա վերջը ժամանակն անցավ համանման իրավիճակների մասին հետաքրքիր պատմություններով: Պատմություններից մեկն էլ գնդապետի մասին էր.

-… Բոլորը հետ քաշվեցին, իսկ նա մոտեցավ, վերցրեց նռնակն ու… սկսեց քանդել,- զգացվում էր, որ պատմողը մինչեւ հիմա էլ զարմացած է տարիներ առաջ իր տեսածից:- Ինչ ուզում եք ասեք՝ այդ աստիճան ռիսկի գնալը ճիշտ չեմ համարում, դա նորմալ չէ:

Ներկաները նույնպես անթաքույց զարմանքով նայեցին պատմության հերոսին, որն ասես ուզում էր արդարանալ, բայց այդպես էլ ոչինչ չասաց: Բոլորիս հետ մի քանի ժամ շարունակ կանգնած մնաց ու, թեպետ վաղուց արդեն պարզ էր, որ շենքում ռումբ չկա, դեպքի վայրից հեռացավ վերջինը՝ այն ժամանակ, երբ բոլոր «ծակուծուկերը» ստուգվել էին: Հետո միայն իմացա, որ նա ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության բաժնի պետ գնդապետ Հենրիկ Աբաջյանն էր, որի աջ ոտքը պրոթեզ է, իսկ ձախը՝ բազմաբեկորային կոտրվածքից հետո հինգ տեղից կպցված:

ՍԿԻԶԲԸ

Ե՞րբ է սկսվել այս պատմությունը: Միգուցե 1990թ. հունվարին, երբ հանրահավաքում Աշոտ Մանուկյանի (զոհվեց 1994թ.) կոչից հետո դավիթաշենցիները հավաքվեցին՝ ստեղծելու «Սասունցի Դավիթ» աշխարհազորային միությունը: «Հայհիդրոշինի» 38-ամյա աշխղեկ Հենրիկ Աբաջյանը ցուցակում դարձավ 12-րդը, հետո էլ ջոկատ բերեց իրենց թաղի Յուրա Հովհաննիսյանին, որը հետագայում հռչակվելու էր որպես «26-ի Յուրա»: Նկատի ունենալով Աբաջյանի կուսակցական եւ ղեկավար աշխատանքի փորձը՝ նրան ընտրեցին ջոկատներից մեկի հրամանատար:

Զինվորագրվելու՝ դպրոցահասակ երկու երեխաների հոր որոշումն ընտանիքում նույնիսկ չքննարկվեց:

-Միայն մի անգամ տատս ասաց՝ «Ա՛յ բալա ջան, էտոնք թուրք են, կզարկեն»: Իսկ հորական պապս՝ Սանդրոն, պատասխանեց. «Ինքը որ չերթա, ո՞վ պիտի երթա»,- պատմում է Հ.Աբաջյանը:

Միգուցե ամեն ինչ սկսվել է հենց խնուսցի Սանդրո պապի՞ց, որը ծառայել է եւ՛ ցարական բանակում, եւ՛ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակում, եւ՛ Կարմիր բանակում, եղել է գնդացրորդ, մասնակցել Սարիղամիշի եւ Բաշ-Ապարանի հերոսամարտերին: Նրա ավագ եղբայրներին՝ Ենոքին ու Սենեքերիմին, թուրքերը 1918թ. տանջամահ են արել:

Կամ էլ մորական՝ բասենցի Ղանդիլ պապի՞ց, որն իր բոլոր ազգականներով զորավար Անդրանիկի ջոկատում է կռվել: «Անդրանիկը հեռվեն կուգա, յուր երեսունութ քաջերով» երգում հիշատակվող 38 քաջերն էլ Ղանդիլ պապի ազգականներն են եղել:

Ղանդիլ պապը գաղթել է Բասենի Գոմաձոր գյուղից եւ 1918թ. բնակություն հաստատել Լենինականի մոտ՝ սահմանամերձ Հայկավան գյուղում: Լինելով շինարար՝ իր համար տուն չէր կառուցում, ամեն օր սպասում էր, որ սահմանը պետք է բացվի, եւ ինքը վերադառնա հայրենի օջախ: Սպասեց մինչեւ 1960-ականների սկիզբը: Իր համար, այնուամենայնիվ, տուն կառուցեց (երեք երեխաների համար կառուցելուց հետո). դրեց վերջին քարն ու մահացավ:

-Ադրբեջանցիները Ղանդիլ պապիս շատ էին հարգում՝ թե՛ որպես արհեստավորի եւ թե՛ որպես մարդու (պապս օսմաներեն գիտեր, թուրքերի հետ ազատ շփվում էր), նրա թաղմանը անկեղծորեն սգում էին,- պատմում է Հ.Աբաջյանը:- Եւ նույնիսկ վայելելով ադրբեջանցիների հարգանքը՝ պապս հաճախ էր կրկնում. «Շունը ախպերդ էլ լինի, փետը ձեռիցդ չպետք է գցես»:

-Ես բախտ եմ ունեցել երկու պապերիս հետ էլ ապրելու,- շարունակում է գնդապետը:- 1964թ., երբ 13 տարեկան էի, մահացավ Ղանդիլ պապս, իսկ 1993թ.՝ Սանդրո պապս՝ 94 տարեկանում: Դպրոցական տարիներին ամառային արձակուրդիս մի մասն ապրում էի Ղանդիլ պապիս հետ, մյուսը՝ Սանդրոյի: Նրանք մեծ ազդեցություն են ունեցել իմ անհատականության ձեւավորման վրա:

ԱՌԱՋԻՆ ՄԱՐՏԸ

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային միությանն անդամագրվելիս Հենրիկ Աբաջյանը «շան դեմ փետ բանեցնել» արդեն գիտեր. գերազանցությամբ ավարտել էր պոլիտեխնիկական ինստիտուտի ռազմական ամբիոնը՝ ստանալով ինժեներ-սակրավորի մասնագիտություն, 1970-72թթ. ծառայել ՀՕՊ զորքերում: Հետագայում, աշխատանքի անցնելով որպես հիդրոշինարար, տիրապետել էր նաեւ պայթեցնողի մասնագիտությանը եւ ուներ պայթեցման աշխատանքների մեծ փորձ:

Նրա առաջին մարտը Երասխում էր՝ 1990թ. հունվարին:

-Հենց այնտեղ էլ ծանոթացա Վազգեն Սարգսյանի հետ: Նա ինձ ու եւս երեք հոգու առաջադրանք տվեց, որը, սակայն, չկարողացանք կատարել՝ խանգարեցին,- պատմում է Հ.Աբաջյանը:- Երասխի մարտին ես մասնակցում էի ընդամենը երեք փամփուշտով: Այդ օրվանից փամփուշտ խնայելու սովորությունը մտել է արյանս մեջ, մինչ օրս:

ՎԱԶԳԵՆԸ Ի ՎԵՐՋՈ, ՏԵՂԻ ՏՎԵՑ

«Սասունցի Դավիթ» աշխարհազորային միության կազմում Հենրիկ Աբաջյանը մասնակցում է Հայաստանի սահմանամերձ շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի պաշտպանությանը: Բագրատաշենում եւ Ոսկեպարում մարտական խնդիրներ լուծելիս ծանոթանում է Ֆելիքս Գզողյանի հետ, որի միջնորդությամբ էլ 1990թ. նոյեմբերին ծառայության է անցնում Հատուկ գնդում՝ որպես պայթեցնող մասնագետ: Ֆիդայուց զինվորի վերածվելը նշանավորվում է մորուքը սափրելով. «1991թ. հունվարի 6-ին Վազգենը հրամայեց սափրվել, հետո զեկուցել»,- հիշում է գնդապետը:

Վազգեն Սարգսյանի հրամանով՝ 1991թ. հունվարից Հատուկ գնդում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, որոնք ավարտելուց հետո Հենրիկ Աբաջյանը նշանակվում է Գարեգին Նժդեհի անվան վաշտի դասակի հրամանատար, հետո՝ նույն վաշտի հետախուզական դասակի հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար:

1991թ. փետրվարին իր ղեկավարած հետախուզական դասակով «Արցախ» վաշտի հետ նա մեկնում է Հյուսիսային Արցախ՝ Գետաշեն, ապա՝ Մարտունաշեն:

-Արցախ մեկնողներն ընտրվում էին կամավորության սկզբունքով: Ես շատ էի ուզում ընդգրկվել կամավորականների խմբում, բայց զենքս ինքնաշեն էր, եւ Վազգեն Սարգսյանն ինձ շարքից հանեց՝ ասելով. «Պետություն ես ներկայացնում, ինքնաշեն զենքով ո՞ւր ես գնում»,- պատմում է Հենրիկ Աբաջյանը:- Վերջին պահին ավտոբուսի պատուհանից ներս մտա, բայց հրամանատարն ինձ իջեցրեց: Երկրորդ անգամ դռնից մտա: Վազգենը նկատեց, դուրս հանեց: Ստիպված՝ գնացի մյուս վաշտի հրամանատար Գեւորգ Հակոբյանից նրա ինքնաձիգը խնդրեցի ու նորից շարք կանգնեցի: Իմ համառությունը Վազգենի դուրը եկավ, եւ դրանից հետո մարտական առաջադրանքների համար կամավորներ ընտրելիս իմ տեղն ապահովված էր: Ավելին. հետագայում, հաշվի առնելով մարտական առաջադրանքներիս կարեւորությունը, Վազգենն ամեն օր լսում էր օպերատիվ իրավիճակի մասին իմ զեկույցները:

«ՀԵՆՐԻԿԸ ՄԻՇՏ ԱՌՋԵՎԻՑ ԷՐ ԳՆՈՒՄ»

1991թ. մայիսին Գետաշենի եւ Մարտունաշենի անկումից հետո Հ.Աբաջյանի դասակը ստանձնեց Շահումյանի շրջանի Խարխափուտ, Ղարաչինար եւ Մանաշիդ գյուղերի պաշտպանությունը:

-Առաջին խրամատներն ու բլինդաժներն այնտեղ եմ կառուցել,- պատմում է Հենրիկ Աբաջյանը:- Այն ժամանակ (մինչեւ 1992թ.) խրամատում կամ բլինդաժում թաքնվելն ամոթ էր համարվում, վախկոտություն: Պատկերացրեք՝ մարտական ինչ ոգի ունեին մեր ազատամարտիկները: Իհարկե, այդպես մտածելը փորձի եւ գիտելիքի պակասից էր:

-Հենրիկ Աբաջյանը անհանգիստ բնավորություն ուներ: Միշտ ձգտում էր առաջինը լինել,- պատմում է փոխգնդապետ Արթուր Ջվանշիրյանը:- Շահումյանի շրջանում ջոկի հրամանատար էր: Ղարաչինար գյուղի բրիգադավարին թուրքերը գերի էին վերցրել: Նրան ազատելու համար ծրագրում էինք հարձակվել ադրբեջանական Շեֆեկ գյուղի վրա: Ես՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ, առջեւից էի գնում, իսկ Աբաջյանը՝ ինձնից էլ առաջ: Ասում էր՝ «Ես քեզնից տարիքով մեծ եմ, թե մի բան լինի, թող ինձ լինի»: (Բրիգադավարին ադրբեջանցիները վերադարձրին, որպեսզի գյուղի վրա չհարձակվենք):

Հենրիկ Աբաջյանը տիրապետում էր բազմաթիվ զինատեսակների՝ ինքնաձիգի, նռնականետի, ականանետի, երբեմն դիպուկահար հրացան էր գործածում:

-Ռազմական նոր տեխնիկա էինք ստանում՝ մեզ անծանոթ, վախենում էինք ձեռք տալ՝ մտածելով, որ կարող ենք վնասել մեզ կամ զենքը: Բայց Հենրիկը համարձակ մոտենում էր, ուսումնասիրում եւ սովորում գործածելու կերպը: Ղարաչինարում Հատուկ գնդի ամբողջ տեխնիկան ինքն է փորձարկել,- ասում է Ա.Ջվանշիրյանը:

Ընկերների համար «կյանք դնելու» (Ա.Ջվանշիրյանի արտահայտությունն է) շնորհիվ է, որ Հենրիկ Աբաջյանը բազմաթիվ ընկերներ ունի: Նրա մարտական ընկերներն են կապիտաններ Մուշեղ Նավոյանը եւ Սամվել Աբրահամյանը, գնդապետներ Ներսես Եղոյանը («Ինձ ցրտահարությունից է փրկել»,- հիշում է Աբաջյանը), Գեւորգ Հակոբյանը, ներկայումս գեներալներ Ֆելիքս Գզողյանը, Նեսո Սողոմոնյանը եւ Հմայակ Հարոյանը:

«Դե, իսկ ամենամտերիմը մանկությանս չորս ընկերներն են, որոնց հետ մի ամանից հաց ենք կերել` աշխարհահռչակ հոգեբան Երվանդ Գրիգորյանը, Թադեւոս Շամախյանը, Սամվել Առաքելյանը եւ Յուրա Բաղդասարյանը,- ասում է մեր ակնարկի հերոսը:- Արդեն 47 տարի է, ինչ մենք միասին ենք, ոչ մեկիս կյանքում չի եղել ուրախության կամ վշտի մի առիթ, որի ժամանակ մեր անբաժան հնգյակի մյուս անդամները ներկա չլինեն: Ես հպարտանում եմ մեր ընկերությամբ»:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՄԵՆԱԾԱՆՐ ՀՈՒՇԸ

Շահումյանից վերադառնալուց հետո Հ.Աբաջյանի դասակը կատարում է մարտական այլ առաջադրանքներ՝ վերահսկում է Գորիս-Կապան ավտոճանապարհի Շուռնուխ-Կարմրաքար հատվածը, մասնակցում Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Պառավաքար գյուղերի պաշտպանությանը:

1991թ. հուլիսի վերջին հանրապետության ղեկավարության որոշմամբ, Շահումյանի հայաթափումը կանխելու նպատակով նրանց զորախումբը Ջիվան Աբրահամյանի հրամանատարությամբ 5 ուղղաթիռով տեղափոխվում է Գյուլիստան:

Մինչեւ 1992թ. մայիսի վերջը Աբաջյանը մասնակցում է Շահումյանի շրջանի Ղարաչինար, Մանաշիդ, Գաղթութ, Հայ Բորիս, Վերինշեն, Գետաշեն գյուղերի պաշտպանությանը:

-Մանաշենում (Ղարաչինարի թաղամաս էր) մի ընտանիք կար՝ կին, իր երկու երեխաներն ու տեգրոջ երեխան, որոնք իրենց աղքատիկ ապրուստից բաժին էին հանում ազատամարտիկներիս, ջուր էին բերում, երեխեքն էլ (երեքն էլ շիկահեր, անուշ բալիկներ էին) մեզ անընդհատ խնդրում էին՝ պատրոն տվեք, թուրքին խփենք,- պատմում է Հենրիկ Աբաջյանը:- Գյուղն անընդհատ գնդակոծվում էր, ու մարդիկ նկուղներում էին ապրում: Մի օր էլ, երբ կինն ու երեխեքը տանն էին, ադրբեջանցու արձակած պայթուցիկ գնդակից բոլորը զոհվում են: Պատերազմի ընթացքում ես բազմաթիվ դաժան տեսարանների եմ ականատես եղել՝ այլանդակված դիակներ, անդամահատված վիրավորներ, բայց այդ կնոջ ու երեխաների դիակները մինչեւ այսօր աչքիս առաջ են, չեմ կարողանում մոռանալ: Դա պատերազմից մնացած ամենածանր հուշն է ինձ համար:

ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ «ԱՌՅՈՒԾ ՏՂԵՐՔԸ»

1992թ. հունիսից սկսվում է հայոց բանակի կազմավորումը: Հ.Աբաջյանը նշանակվում է գնդի սակրավորային ստորաբաժանման հրամանատար եւ ծառայության պետ:

-Նախ` ստեղծվեցին սահմանապահ զորքերը, հետո միայն՝ ազգային բանակի մյուս ստորաբաժանումները,- պատմում է Հ.Աբաջյանը:- Մեր զորամասը սկզբում կենտրոնական հավաքակայանի տարածքում էր, հետո տեղափոխվեց այլ վայր: Առաջին զինվորները զորամաս ներկայացան մայիս-հունիս ամիսներին:

Այդ զինվորների հետ էլ Հ.Աբաջյանը մասնակցել է հայկական զորքերի բոլոր պաշտպանական մարտերին, նրա ղեկավարած ստորաբաժանումը կատարել է ականապատման եւ ականազերծման աշխատանքներ, զորային եւ ինժեներական հետախուզություն:

Մեր բանակի առաջին ժամկետային զինծառայողները զինվորական մասնագիտությանը տիրապետել են ոչ թե ուսումնական զորամասերում, մի քանի ամիս տեւող դասընթաց լսելուց, քննություն տալուց հետո, այլ հենց մարտադաշտում, արկերի պայթյունների տակ: Սակրավորները ականազերծել են սովորել մարտական եւ ոչ թե ուսումնական ականներով:

Այդ իրավիճակում, ցավոք, անխուսափելի էին նաեւ սխալները: Հ.Աբաջյանը ցավով է հիշում իր զոհված զինվորներին: «Պատերազմի ընթացքում կորցրել եմ երեք սպա` ավագ լեյտենանտներ Ջամբուլ Եփրեմյանն ու Գրիշա Փիլոսյանը, կապիտան Արամ Ղուկասյանը ու երեք զինվոր՝ Հայկը, Վիրաբը, Արմենը: Ցավ եմ զգում հատկապես Արմենի համար, որովհետեւ զոհվեց իր անզգուշության պատճառով»:

-Առաջին զորակոչի զինվորները առյուծ տղերք էին, հերոսներ,- ասում է Հ.Աբաջյանը:- Հաճախ է պատահել, որ մարտական խնդիր կատարելուց առաջ հայտարարել եմ՝ հնարավոր է մարտադաշտից չվերադառնանք, ովքեր չեն ցանկանում, թող չգան: Եւ ոչ ոք երբեք, երբեք շարքում կանգնած չի մնացել:

Հանուն ճշմարտության պետք է արձանագրել, որ զինվորը, ինչքան էլ խիզախ լինի, գնում է միայն այն հրամանատարի հետեւից, որն էլ հենց հարթում է զինվորի անցնելիք ճանապարհը, անտեղի չի վտանգում զինվորի կյանքը, դողում է զինվորի մազի համար: Եւ եթե Հենրիկ Աբաջյանը կամավորների պակաս չի ունեցել, ապա, անկասկած, նաեւ իր անձնական խիզախության եւ մարդկային որակների շնորհիվ:

-Առաջադրանք կատարելիս Հենրիկ Աբաջյանն առաջինն է մտել մարտադաշտ ու դուրս է եկել վերջինը,- պատմում է գնդապետ Ռաֆիկ Հակոբյանը, որ 1993-94թթ. կռվել է Հ.Աբաջյանի ենթակայությամբ:- Նրա կատարած մարտական առաջադրանքներից շատերը հակասում էին մասնագիտական գրականության մեջ սահմանված կանոններին. մի բան, որը մենք հասկացանք արդեն պատերազմից հետո, երբ սկսեցինք խորացնել մեր գիտելիքները: Բայցեւ հետադարձ հայացքով այդ ամենին նայելիս համոզվում ենք, որ Աբաջյանի բոլոր «շեղումները կանոններից» թելադրված էին պատերազմի օրենքներով եւ «ոչ գրքային» իրավիճակներով:

«ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԽԱԲԵԼ»

Մարտընկերների վկայությամբ՝ Հենրիկ Աբաջյանը առանց երկար-բարակ մտածելու նետվում էր կյանքի համար վտանգավոր իրադարձությունների հորձանուտը, այնտեղ, որտեղ ինքնակամ գնալը համարվում էր խելահեղություն, խենթություն: Իր հախուռն բնավորությամբ, անակնկալ որոշումներ ընդունելու հակվածությամբ Հենրիկ Աբաջյանը լեգենդ է դարձել:

-Հայտնի խոսք է՝ սակրավորը սխալվում է մեկ անգամ, բայց Աբաջյանն ապացուցել է, որ սակրավորը կարող է սխալվել մի քանի տասնյակ անգամ,- ասում է գնդապետ Ռ.Հակոբյանը:- Նա կարող էր առնվազն յոթ անգամ զոհվել ականի պայթյունից (4-ը՝ հակատանկային, 3-ը՝ հակահետեւակային): Ահա այդ դեպքերից մեկը. գարնանային ձնհալից հետո ցեխի մեջ երեւում էր մի ական, որի երեւի 60%-ը արդեն քայքայվել էր: Աբաջյանը որոշում է ստուգել՝ ականը պետքակա՞ն է, թե՞ ոչ: Վերցնում է փայտի մի կտոր ու սկսում բզբզել (պատկերացրեք համարձակությունը): Ու երբ ականը պայթում է, ինքն էլ` վիրավորվում, որպես արդարացում ասում է սակրավորների շրջանում «թեւավոր» դարձած այս խոսքը՝ «Փայտը կարճ էր» (այսինքն՝ եթե երկար լիներ, բեկորներն ինձ չէին հասնի):

Արդյոք «մասնագիտական» հետաքրքրության ու համարձակության նույն անխորտակ մղումը չէ՞, որ նրան դրդել էր նռնակ քանդել, ինչի մասին պատմությունը կեղծ ահազանգի օրը այդքան զարմացրել էր մեզ: «Ինչո՞ւ որոշեցիք քանդել նռնակը» հարցին գնդապետը կարճ դադարից հետո պատասխանեց.

-Նայեցի եւ հասկացա, որ կարող եմ: Ես միշտ կանխազգացել եմ՝ կարո՞ղ եմ անել այդ գործը, թե՞ ոչ: Կանխազգացումս ինձ երբեք չի խաբել. նույնիսկ վիրավորվելուցս առաջ. զգացել եմ, որ գործը վատ է վերջանալու, ավելի լավ է՝ չձեռնարկեմ, բայց, չգիտես ինչու, հիմարաբար շարունակել եմ: Գիտեք, վիճակագրություն կա. ցանկացած սակրավոր 2000 ական տեղադրելուց կամ վնասազերծելուց հետո կորցնում է զգոնությունը:

Եթե այդպես է, ապա Հենրիկ Աբաջյանի զգոնությունը 20 տարվա ընթացքում պետք է առնվազն տասնապատիկ նվազած լինի:

«ՄԵՆՔ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԷԻՆՔ ՄՏԱԾՈՒՄ»

1992թ. օգոստոսի 20-ին Հ.Աբաջյանը վիրավորվում է հակահետեւակային ականի պայթյունից: Միքայելյանի անվան ինստիտուտում նրան վիրահատում են ամերիկացի բժիշկները` հեռացնելով աջ ծնկոսկրի մեջ խրված բեկորը: Ընդ որում, եթե ամերիկահայ բժիշկ Հարրի Սիրունյանը գործի բերումով Հայաստանում չլիներ, Հ.Աբաջյանը գուցեեւ չկարողանար շարք վերադառնալ, քանի որ տեղացի բժիշկները հրաժարվում էին վիրահատությունից՝ վախենալով, որ դրանից հետո ոտքը կարող է չծալվել:

Չապաքինված` Հ.Աբաջյանը հոկտեմբերի 25-ին տեղափոխվում է ՀՀ ՊՆ նորաստեղծ ինժեներական զորքերի բաժին եւ հոկտեմբերի 26-ին կրկին հայտնվում է թեժ գծում:

-Ինչո՞ւ առանց ապաքինվելու, հենակով վերադարձաք ռազմաճակատ:

-Իրադրությունն էր թելադրում: Ընկերներիցս շատերը զոհվել էին ու վիրավորվել: Մենք՝ ողջ մնացածներս, մեզ մեղավոր էինք զգում:

Երկրորդ անգամ ձախ ոտքից վիրավորվում է 1993թ. փետրվարին Լաչինի միջանցքում` ֆուգասային ականի պայթյունից:

-Ծառայությունը թողնելու միտք չառաջացա՞վ:

-Ես Վազգեն Սարգսյանի գաղափարակիցներից էի, մեր մեջ նման միտք չէր կարող առաջանալ: Վազգենը կեսլուրջ-կեսկատակ ասում էր՝ կամ ձեզ կպատժեմ, կամ ուսիս դրած՝ կտանեմ Եռաբլուր: Մենք միայն հաղթելու մասին էինք մտածում: Հատուկ գնդի բոլոր մարտիկները նվիրյալներ էին, որոնց աչքերից կրակ էր թափվում, եւ նրանք միայն մի բան էին ուզում՝ զենք, որ կռվեն:

1993թ. սեպտեմբերից մինչեւ 1994թ. մայիսի զինադադարը Հ.Աբաջյանը մասնակցել է Կուբաթլուի ռազմագործողությանը, Քարվաճառի ազատագրմանը, կատարել ականապատում եւ ականազերծում, զորային եւ ինժեներական հետախուզություն: Մի անգամ նույնիսկ հակառակորդի ֆագոտն է թշնամու դիրքերից շալակել-բերել (ֆագոտի քաշը մոտ 20կգ է):

-Մոնթեի հետ Կուբաթլիում գետանցում պետք է կազմակերպեինք, կամուրջ էր պետք սարքել,- պատմում է Հ.Աբաջյանը:- Մետաղյա մեծ խողովակներ կային, որոնք պայթեցնելու միջոցով երկայնքով այնպես կիսեցի, որ կիսագլաններ ստացվեցին՝ պատրաստի կամուրջ: Մոնթեն զարմացավ, որ խողովակները պայթյունից չվնասվեցին, բացականչեց՝ «Աման, աս ի՞նչ կենես»:

ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՈՐԾԸ

Զինադադարից հետո Հենրիկ Աբաջյանը լրջորեն զբաղվեց ինքնակրթությամբ: 1997թ. Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ մեկնեց սակրավորների ակադեմիական 6-ամսյա դասընթացների:

-Վազգենը խնդիր դրեց՝ վերադառնալ գերազանց գիտելիքներով, եւ ես կատարեցի նրա հրամանը:

Հետագա տարիներին Հ.Աբաջյանը ղեկավարել է սահմանային գոտիների ականազերծման աշխատանքները: Նրա անմիջական ղեկավարությամբ եւ մասնակցությամբ ականազերծման մեծածավալ աշխատանքներ են կատարվել ազատագրված տարածքներում, պետությանն են վերադարձվել հազարավոր հեկտար մշակովի հողատարածքներ: Հենրիկ Աբաջյանն իր կյանքի ամենամեծ գործն է համարում 112 բնակավայրերի ականազերծումը (Քարվաճառում, Քաշաթաղում, Զանգելանում, Կուբաթլիում, Մինջեւանում, Մեղրիում եւ այլ շրջաններում), որտեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթած հայ ընտանիքները:

-6 տարվա ընթացքում 5-6 հոգանոց խմբով հանել ենք շուրջ 10 հազար հակահետեւակային եւ հակատանկային ական (կարող եմ փաստաթղթերով հիմնավորել՝ 3 հազարը Քաշաթաղում, 6 հազարը՝ Գորիս-Կապան-Նյուվադի հատվածում, մնացածը՝ այլուր),- ասում է Հ.Աբաջյանը:- Իմ գնահատմամբ, արված է գործի կեսը:

Գնդապետ Ռ.Հակոբյանը նույնպես այն կարծիքին է, որ Հ.Աբաջյանի ղեկավարությամբ մարդասիրական ականազերծումը նրա կյանքի ամենամեծ գործը կարելի է համարել:

-ՌԴ ակադեմիայում սովորելու տարիներին մեր դասախոսներն ասում էին, որ աշխարհում ընդունված չափանիշների համաձայն՝ 10 ական հանած մարդուն Ռուսաստանում ներկայացնում են կառավարական պարգեւի՝ ընդհուպ մինչեւ Ռուսաստանի հերոսի կոչում շնորհելը (իսկ նախկին ԽՍՀՄ-ի օրոք Աֆղանստանում հակատանկային մի քանի ական հանած սակրավորին ներկայացնում էին շքանշանի),- պատմում է գնդապետ Ռ.Հակոբյանը:- Երբ ռուս դասախոսներին ասացի, որ Հայաստանում մարդիկ կան, որոնք հանել են մի քանի հազար ական, նրանք խիստ զարմացան:

Ի դեպ, ՄԱԿ-ում ընդունված չափանիշների համաձայն՝ մեկ ական հանելու պարգեւավճարը 300-1000 ԱՄՆ դոլար է (կախված ականի տեսակից): Ուրեմն՝ Հ.Աբաջյանի ղեկավարած խումբը մեր պետությանը տվել է առնվազն 3 մլն դոլարի օգուտ: Բայց մի՞թե հնարավոր է փողի վերածել կյանքի եւ առողջության գնով կատարված գործը: Մի՞թե կարելի է փողի վերածել նվիրումը:

Մարտական գործողությունների եւ հումանիտար ականազերծման աշխատանքների ժամանակ Հենրիկ Աբաջյանը 7 անգամ վիրավորվել է ականի պայթյունից, ստացել կոնտուզիա, իսկ 1999թ. մարտի 28-ին Տավուշի մարզի Չինար գյուղի անտառաշերտն ականազերծելիս ականի պայթյունից կորցրել է աջ ոտքը, ձախը ստացել է բազմաբեկորային կոտրվածք, ինչի հետեւանքով նրա հասակը կարճացել է 6սմ-ով: Այդ ժամանակվանից պրոթեզ է կրում: 11 անգամ վիրահատվել է եւ բուժվել դիսպանսեր պայմաններում: Ցավոք, առողջական վիճակը գնալով ծանրանում է, վերքը չի փակվում:

-Պատերազմի վերքերն այդպիսին են՝ չեն բուժվում,- ժպտում է գնդապետը:

ԱՄԵՆԱԹԱՆԿԸ

Արցախյան պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի ծառայության մեջ ներդրած ավանդի եւ բարեխղճության համար գնդապետ Հենրիկ Աբաջյանը պարգեւատրվել է ՀՀ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով եւ բազմաթիվ կառավարական ու գերատեսչական մեդալներով:

-Խիղճս հանգիստ է, որ հետեւորդներ ունեմ, որ ՀՀ ուժային կառույցներում են ծառայում իմ պատրաստած կադրերը, որոնց կարող եմ վստահել, ինչպես ինքս ինձ եմ վստահում,- ասում է բազմավաստակ գնդապետը:

Ի դեպ, նրա կադրերից մեկն էլ որդին է՝ Հարությունը («Երկրորդ համաշխարհային պատերազմում անհայտ կորած հորեղբորս անունն է»), որը դեռ 1996-98թթ. հոր հետ ծառայել է սակրավորային գնդում, մասնակցել մարտական առաջադրանքների, Վազգեն Սարգսյանից շնորհակալագիր ստացել: Նա ավարտել է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ենթասպայական դասընթացները եւ այսօր պայմանագրային զինծառայող է մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնում:

Գնդապետ Հենրիկ Աբաջյանի ուրախությունը թոռներն են՝ փոքրիկ Նարեկն ու Հենրիկը:

-Կյանքում ամենաթանկը էս երեխեքն են, մեկ էլ հայրենիքը,- գնդապետը ցույց է տալիս թոռան լուսանկարը՝ իր գրկում:- Ես մեծացել եմ մի տան մեջ, որտեղ չորս սերունդ մի հարկի տակ է ապրել: Կուզենայի, որ նույնը թոռներիս վիճակվի, ապրեմ գոնե մինչեւ նրանց հարսանիքը:

-Ի՞նչն է կյանքում ամենաշատը ուրախացրել Ձեզ:

-Շուշիի ազատագրումը ցնցել է ինձ, թեպետ անակնկալ չէր: Իսկ ամենաշատն ուրախացել եմ մեր հաղթանակով:

-Ինչի՞ համար եք ամենաշատն ափսոսել:

-Մեր ոսկի տղաների կորստյան համար, մեկ էլ՝ որ չկարողացանք հասնել Մոնթեի գծած սահմաններին (Քուռ գետ):

-Ի՞նչ չիրականացած նպատակ ունեք:

-Վնասազերծել մեր երկրում եղած վերջին ականը:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Հ.Գ.- Հուլիսի 3-ին լրանում է գնդապետ Հենրիկ Աբաջյանի ծննդյան 60-ամյակը: Ի սրտե շնորհավորում ենք նրան եւ մաղթում բարի ծառայություն՝ մինչեւ վերջին ականի վնասազերծումը:

Խորագիր՝ #25 (890) 29.06.2011 – 06.07.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


06/07/2011