ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆՆԵՐԸ
Դժվար է գերագնահատել թիկունքային ծառայության ճիշտ կազմակերպման նշանակությունը զորքերի մարտունակության ապահովման գործում։ Ռազմադաշտում բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ ունեցող զինվորը կարող է արհամարհել հոգնածությունը, քաղցն ու ծարավը եւ շարունակել կռվել, կատարել մարտական առաջադրանքը, սակայն նույնը չի կարող անել վառելանյութն սպառած տեխնիկան։ Արցախյան պատերազմի ընթացքում հակառակորդի կորցրած ռազմական ինքնաթիռների թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե վառելանյութի պակասություն չլիներ, եւ զորային ՀՕՊ միջոցներն աշխատեին առանց ընդհատումների։
Ազգային բանակի կազմում գործունեության տասնինը տարիների ընթացքում թիկունքի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների հետ արել է հնարավորը` զորքերի մատակարարման ճկուն ու անխափան համակարգ ստեղծելու համար։ Համագործակցության ամուր կապեր հաստատելով տեղական արտադրողների հետ` բանակի համար արտասահմանից ներկրվող ապրանքների տեսականին ու քանակությունը հասցվել են նվազագույնի։ Բոլոր ծառայությունների գծով ստեղծված են անհրաժեշտ պաշարներ` երկար ժամանակաշրջանի համար։ Ինչպես ազգային բանակի մյուս զորատեսակները, թիկունքի վարչությունն էլ, առաջնորդվելով մարտական պատրաստության համապատասխան ծրագրով, ամենօրյա նպատակային աշխատանք է տանում` առաջընթացն ապահովելու, հնարավոր ամենաբարդ առաջադրանքների կատարմանը միշտ պատրաստ լինելու։
♦♦♦
Մասնագիտական տոնը թիկունքայինները նշեցին հունիսի 25-ին` գնդապետ Ռ. Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասում։ Միջոցառմանը ներկա էին համակարգի բոլոր զորամասերի հրամանատարները, հրավիրված էին զորատեսակի նախկին զինծառայողները։
Հանդիսության սկզբում գնդապետ Ռ. Բուդաղյանը ԶՈւ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին զեկուցեց զորատեսակի օրվա առթիվ անձնակազմի շարված լինելու մասին։ Ընդունելով զեկույցը՝ գեներալ-լեյտենանտ Ա. Փայտյանը ողջունեց եւ շնորհավորեց զորամասի անձնակազմին եւ ազգային բանակի բոլոր թիկունքայիններին։
Այնուհետեւ համակարգի զինծառայողներին եւ բոլոր աշխատակիցներին շնորհավորեց թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը։
Ազգային բանակում թիկունքի ծառայությունը կազմավորվեց չափազանց դժվար պայմաններում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում նախկին խորհրդային բանակից մնացած ոչինչ չկար, այսինքն` պահեստավորման բազաներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն, եւ այլն, ինչն էլ պետք է ստեղծվեր «զրոյից»։ Մենք հաղթահարեցինք բոլոր դժվարությունները, եւ այսօր կարող եմ հպարտությամբ զեկուցել, որ թիկունքային ծառայությունը լիովին կայացած կառույց է, եւ մեր նյութական միջոցները մեզ հնարավորություն են տալիս զինված ուժերն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտ ամեն ինչով։ Մեր մեծ հայրենակից ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը շուրջ տասը տարի եղել է ԽՍՀՄ բանակի թիկունքի պետ։ Երբ նրան հարցրել են, թե՝ ի՞նչ է անհրաժեշտ թիկունքային ծառայությունը լավագույնս կազմակերպելու համար, նա պատասխանել է՝ նյութական միջոցներ, բարվոք վիճակում գտնվող ճանապարհներ եւ փոխադրամիջոցներ։ Մենք ունենք փորձառու զորահրամանատարի կարեւորած բոլոր բաղադրիչները, ունենք նաեւ բարձր որակավորմամբ կադրեր, նվիրված զինծառայողներ, որոնք ի վիճակի են պատշաճորեն կազմակերպելու բոլոր ծառայությունները,- ասաց գեներալ-մայոր Տ. Գասպարյանը։
Շարունակելով խոսքը` նա նշեց նաեւ, որ տարբեր տարիներին ծառայությունը ղեկավարել եւ թիկունքի զարգացման գործում իրենց ներդրումն են բերել պաշտպանության նախարարի տեղակալներ` Սերգեյ Մարտիրոսյանը, Աշոտ Պետրոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Ալիկ Միրզաբեկյանը, Գեւորգ Վարդանյանը եւ Լեոնարդ Պետրոսյանը։
Հրապարակվեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ թիկունքի վարչության պետ գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանի հրամանները` զորատեսակի մի շարք զինծառայողների մեդալներով, շնորհակալագրերով ու պատվոգրերով պարգեւատրելու ու խրախուսելու մասին։ Պարգեւատրման արարողությունից հետո տեղի ունեցավ զորատեսակի նորաստեղծ թանգարանի բացումը։
Ներկաները, վարչության հին ու նոր ծառայողները հետաքրքրությամբ ծանոթացան զորատեսակի ստեղծման եւ զարգացման պատմությունը ներկայացնող ցուցանմուշներին։
ԶՈՐԱՏԵՍԱԿԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ
Մայոր Վարուժան Ստեփանյանը զինծառայողի կարգավիճակով վերջին անգամ մասնակցեց զորատեսակի տոնին։ Նա շատ շուտով զորացրվելու է պահեստազոր։ Մեծ է մայոր Վ. Ստեփանյանի ավանդը թիկունքի, հատկապես վառելիքաքսուքային ծառայության ստեղծման, զարգացման գործում։
Ծնվել եմ Երեւանում, սովորել եմ N 58 միջնակարգ դպրոցում։ 1977-79թթ. ծառայել եմ խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո սովորել եմ նախկին պոլիտեխնիկական ինստիտուտում։
Բարձրագույն կրթություն ստանալուց հետո Վարուժանն աշխատել է «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումում, այնուհետեւ ռետինատեխնիկական գործարանում` որպես գլխավոր էներգետիկի տեղակալ, ավելի ուշ աշխատանքը շարունակել է Երեւանի ավտոլիցքավորման կոմբինատում։ 1989թ. Արցախյան շարժման հետ անդամագրվել է ՀԱԲ-ին։ 1992թ. ծառայության է անցել կազմավորվող ազգային բանակում եւ նշանակվել թիկունքի վարչության վառելիքաքսուքային ծառայության բաժնի պետի տեղակալ, այնուհետեւ՝ պետ։ Այդ ծանր տարիներին նա ակտիվ մասնակցել է վառելիք եւ առաջին անհրաժեշտության այլ նյութեր տեղափոխելու գործին։
– Ամենադժվարը շարասյուների անցկացումն էր հարեւան հանրապետության տարածքով, որովհետեւ բազմաթիվ խոչընդոտներ էին ստեղծվում, եւ մեծ համբերություն, հաճախ էլ հնարամտություն էր պետք դրանք հաղթահարելու համար։
Մայոր Վարուժան Ստեփանյանը պարգեւատրվել է «ԼՂՀ մայրական երախտագիտություն», «Դրաստամատ Կանայան», «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով։
ԳՆԴԱՊԵՏ ՆԻԿՈԼ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Ծնվել է Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղում։ 1979-81թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո աշխատել է Գորիսի «ԳԱՄՄԱ» եւ «Միկրո» գործարաններում։ 1988-ից ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատագրական շարժմանը, եղել է հատուկ նշանակության ջոկատի անդամ, մասնակցել է պաշտպանական բազմաթիվ մարտերի, իսկ 1990թ. ընտրվել է Հատուկ գնդի Գորիսի վաշտի հրամանատար։ 1992թ. Նիկոլ Առուստամյանն անդամագրվում է ազգային բանակին եւ նշանակվում առանձին գումարտակի հրամանատար։ 1997թ. նա հիմնականում կատարում է թիկունքային ծառայություն։
Գնդապետ Նիկոլ Առուստամյանը սիրված ու ցանկալի անձնավորություն է բոլոր մարտիկների, սպաների ու զինվորների համար։ Նա պարգեւատրվել է «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մարտական ծառայության», «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար» առաջին եւ երկրորդ աստիճանի մեդալներով, բազմաթիվ այլ պարգեւներով։
ՄԱՅՈՐ ԱՆԱՀԻՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Վարչության բաժնի սպա մայոր Անահիտ Ղազարյանը ծնվել է Երեւանում, սովորել է N 138 միջնակարգ դպրոցում։ 1982թ. ավարտել է Մոսկվայի ժողտնտեսության ինստիտուտի շինարարության էկոնոմիկայի եւ պլանավորման ֆակուլտետը, որից հետո աշխատել է տարբեր կազմակերպություններում` որպես տնտեսագետ, գլխավոր հաշվապահ, կադրերի պետ։ 1992թ. Անահիտ Ղազարյանը ծառայության է անցել ազգային բանակում։
Մայոր Անահիտ Ղազարյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար» առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի մեդալներով։
ԳՆԴԱՊԵՏ ՌՈԲԵՐՏ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Ծնվել է Եղեգնաձորում։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ուլյանովսկ եւ ընդունվել տեղի ռազմական տեխնիկական ուսումնարանը։ 1992-ին ավարտել է ուսումը եւ վերադառնալով հայրենիք` ծառայության անցել ազգային բանակում։ Տարբեր զորամասերի կազմում մասնակցել է պաշտպանական մարտերին, որոնցից մեկի ժամանակ էլ վիրավորվել է։ Ապաքինվելով` Ռոբերտ Բուդաղյանը վերադարձել է ծառայության եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ։ 1999թ. նա զորամասի հրամանատար է։ Նրա ղեկավարությամբ զորամասը դարձել է լավագույններից մեկը վարչության կազմում, ճանաչվել է զորատեսակի լավագույն զորամաս, խրախուսվել է պատվոգրերով։
– 2010թ. ուսումնական տարին ավարտել ենք «լավ» գնահատականով, նույն արդյունքով ենք հանձնել նաեւ այս ուսումնական փուլի քննությունները։ Կարեւորն այն է, որ բոլոր առաջադրանքները կատարվում են ժամանակին ու առանց թերությունների։ Մեր անձնակազմի մի մասը քաղաքացիական հաստիքով աշխատողներ են, եւ մենք ինչպես զինծառայողների, այնպես էլ նրանց համար ստեղծել ենք ծառայության ու հանգստի բավարար պայմաններ։
Գնդապետ Ռ. Բուդաղյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայության համար» երկրորդ աստիճանի, «Մարտական ծառայության», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, այլ պարգեւներով։ Ամուսնացած է, ունի երեք որդի։
ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ՄԽԻԹԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ծնվել է Վայքում, սովորել է տեղի N 1 միջնակարգ դպրոցում։ 1990թ. Մխիթարն ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ, որն ավարտելուց հետո 1996-ին ծառայության է անցել ազգային բանակում։
Փոխգնդապետ Մխիթար Ալեքսանյանը պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» եւ «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալներով։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուս՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ