ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՏԱՍՆՕՐՅԱ ՀԱՎԱՔՆԵՐ
Առաջին զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հոկտեմբերի 17-ից 26-ը մեկնարկել են (ռազմական հաստատություններ ավարտած և ենթակա զորամասերում ծառայության նշանակված երիտասարդ սպաների պլանային հրամանատարական հավաքները) մոտոհրաձգային գնդի բազայի վրա:
Հավաքների պետը զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանն է:
Զորամիավորման հրամանատարի անունից հավաքների բացման առիթով երիտասարդ սպաներին շնորհավորեց հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը` մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ծառայության, դասակի հրամանատարի կարևոր և պատասխանատու գործում:
-Այսուհետ ձեր անելիքներն ուղղված են լինելու ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձրացմանը, մարտական առաջադրանքների կատարմանը, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է, և զինված ուժերի առաջնահերթ խնդիրը մարտական գործողությունների պատրաստ լինելն է,- ասաց նա: -Բառիս բուն իմաստով, ձեզնից է կախված լինելու թե՛ վաշտի, թե՛ գումարտակի մարտական առաջադրանքի հաջող կատարումը: Սրանք պարզապես խոսքեր չեն. եթե դասակի մարտական պատրաստությունը ցածր է, նշանակում է վաշտը չի կարող կատարել մարտական առաջադրանքը, հետևաբար նաեւ գումարտակը:
Դուք որպես երիտասարդ սպաներ պետք է գիտակցեք, որ մենք էլ այսուհետ հայոց պատմության մի նոր էջ ենք կերտելու, և մենք էլ ջանք ու եռանդ չենք խնայելու ձեզ օգնելու, որ փայլեք ձեր գործում և ձեր աշխատանքը կատարեք պատվով, համբերատար: Միայն այս դեպքում հաջողությունը կուղեկցի ձեզ:
Երիտասարդ սպաների հետ անցկացվեցին գաղափարադաստիարակչական, իրավական պատրաստության և իրավագիտակցության բարձրացման, անցանկալի և արատավոր դեպքերի ու պատահարների կանխարգելման, համազորային կանոնադրությունների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման, հայոց բանակի շարքերում մարտական ոգու բարձրացման և այլ կարևոր թեմաներով դասընթացներ:
Զեկուցումներ կարդացին, երիտասարդ սպաների հետ անմիջական զրույցներ ունեցան ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը, զորամիավորման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Մարատ Եփրեմյանը, իրավաբան, ավագ սպա Տաճատ Գնունին:
Հավաքների ընթացքում նորանշանակ սպաների հետ կտարվեն անհատական զրույցներ, կներկայացվեն և կքննարկվեն ինչպես սոցիալական, այնպես էլ մասնագիտական տարբեր հարցեր՝ ծառայության պետերի, հրամանատարության ներկայացուցիչների, վարչակազմի անդամների մասնակցությամբ:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում