Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸ



ԹՈՒՐՔԻԱՅԻ ԾԱՎԱԼԱՊԱՇՏԱԿԱՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԸԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած շաբաթ կրկին փաստեց, որ չի հարգում հարևան երկրների տարածքային ամբողջականությունը և փորձում է խախտել տարածաշրջանային «ստատուս քվոն»: Այս անգամ թուրքական ծավալապաշտական նկրտումների զոհը դարձավ Իրաքը, որտեղ 2015 թվականի դեկտեմբերից թուրքական զինված ստորաբաժանումներ են տեղակայված:

Հոկտեմբերի 12-ին Ստամբուլում Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի ժամանակ Թուրքիայի նախագահը քննադատության ենթարկեց նրանց, ովքեր դեմ էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից Հյուսիսային Իրաքի տարածքը ազատագրելուն Թուրքիայի մասնակցությանը: Էրդողանը հայտարարեց՝ Թուրքիայի բարոյական պարտքն է աջակցել Սիրիային ու Իրաքին: Նրա խոսքով՝ Թուրքիային պետք չէ որևէ ռազմական գործողություն սկսելու նպատակով որևէ մեկի թույլտվությունը.

«Որոշ երկրներ հազարավոր կիլոմետրեր են կտրում, որպեսզի մասնակցեն Աֆղանստանում կամ որևէ այլ երկրում ռազմական գործողությունների, երբ մտածում են, թե իրենց վտանգ է սպառնում, այն դեպքում, երբ Թուրքիան ունի 911 կմ-անոց սահման Սիրիայի և 350 կմ-անոց՝ Իրաքի հետ, բայց նրան թույլ չեն տալիս մասնակցություն ունենալ իր հարևան երկրի սպառնալիքի վերացմանը», – նշել է Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարի այս հայտարարությունը հնչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրաքի բողոքից հետո, որի ԱԳՆ-ն դիմել է արտահերթ նիստ գումարելու հայտով՝ մեղադրելով Թուրքիային իր երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու և ներքին գործերին միջամտելու համար:

Իրաքում թուրքական զինուժի ներկայությունը  թերևս ունի այլ պատճառներ, որոնք Էրդողանը քողարկում է հակաահաբեկչական գործողություններին մասնակից լինելու պատրվակով: Նախ՝ Անկարան դրանով վերահսկում է Հյուսիսային Իրաքում Քրդական ինքնավարության հնարավոր ստեղծման գործընթացը և Իրաքյան Քուրդիստանին միանալու թուրքաբնակ քրդերի ձգտումները: Այդ հարցում թուրքական ղեկավարությունը նույնիսկ իրաքյան քրդերի ղեկավարների հետ մտել է գործարքի մեջ՝ Թուրքիան պատրաստ է աջակցելու ինքնավարության ստեղծմանը կամ գոնե աչք փակելու այդ գործընթացի վրա, համատեղելու Մոսուլից էներգակիրների տեղափոխումը Եվրոպա՝ պայմանով, որ նրանք կսահմանափակվեն միայն Հյուսիսային Իրաքով և չեն աջակցի թուրքաբնակ կամ սիրիաբնակ իրենց հայրենակիցներին: Մոսուլի շրջակայքում իր ներկայությունը Թուրքիան արդարացնում է այդտեղ բնակվող թուրքամանների պաշտպանության անհրաժեշտությամբ:

Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է աշխուժանալ Իրաքում, քանի որ երկիրը դուրս է եկել իր վերահսկողությունից և հետզհետե ավելի ու ավելի կողմնորոշվում է դեպի Մոսկվա ու Թեհրան: Բնականաբար Էրդողանը չի ցանկանում դուրս մնալ խաղից և հայտնվել զուտ դիտորդի կարգավիճակում: Այդ իսկ պատճառով նա գործի է դրել «Իսլամական պետության» դեմ պայքարին մասնակից լինելու քարոզչական հնարքները՝ միաժամանակ իրեն հայտարարելով «թուրքամանների պաշտպան»: Անկարայում սակայն հասկանում են, որ սա Սիրիան չէ, և իշխանությունների օրինականության որեւէ հարց այստեղ չկա:

Իրաքում Թուրքիայի զավթողականությունը հետապնդում է նաև Իրանին ու տարածաշրջանի շիա ազգաբնակչությանը հակադրվելու նպատակներ: Անկարան խորացնում է կապերը Պարսից ծոցի միապետությունների հետ, որոնք լուրջ հակասություններ ունեն և համարվում են Իրանի աշխարհաքաղաքական հակառակորդները: Ծոցի երկրները, մասնավորապես՝ Քաթարը և Սաուդյան Արաբիան, Թուրքիայի հետ Սիրիայում, Իրաքում և Եմենում փաստացի չհայտարարված պատերազմի մեջ են Իրանի հետ: Հյուսիսային Սիրիայում և Հյուսիսային Իրաքում իր ակտիվությամբ Անկարան ու Էր-Ռիադը ցանկանում են ճեղքել շիական առանցքը, որը ձգվում է Իրանից մինչև Լիբանան, Արաբական թերակղզում էլ՝ Բահրեյնից մինչև Եմեն: Համագործակցությունը Պարսից ծոցի երկրների հետ այնքան բարձր մակարդակի է հասել, որ Թուրքիան Քաթարում իր ռազմակայանն է կառուցում: Ծոցի երկրներն ու Անկարան ձգտում են զսպել ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների թուլացումից հետո տարածաշրջանում իրանական գործոնի ազդեցության ավելացումը, որպեսզի արգելակեն շիական գարունը ծոցի ավազանում եւ ամեն գնով տապալեն Ասադի ռեժիմը մսխելու համար Հըզբոլահի ուժերը սիրիական անապատներում, ապա եւ Լիբանանում նույնպես իշխանության բերեն սուննիներին:

Բնական է, որ հակաշիական և հակաիրանյան այս դաշինքին անմասն չի կարող մնալ նաև Իսրայելը, որի հետ Թուրքիան ամիսներ առաջ վերականգնեց իր վատթարացած հարաբերությունները: Անկարան ու Թել Ավիվը պայմանավորվել են մոտակա օրերի ընթացքում դեսպաններ փոխանակել՝ վերականգնելու դիվանագիտական հարաբերությունները: Ավելին՝ Իսրայելի էներգետիկայի նախարարն իր թուրք գործընկերոջ հետ քննարկում է գազամուղի շինարարության հարցը, որի օգնությամբ իսրայելական գազը կառաքվի Թուրքիա՝ այնտեղից ԵՄ շուկաներ:

Թե՛ Հյուսիսային Սիրիայում և թե՛ Հյուիսային Իրաքում իր զորքերի ներկայությամբ Էրդողանը փորձում է ոչ միայն լուծել Թուրքիայի ազգային անվտանգության, երկրի տարածքային ամբողջականության որոշ հարցեր, այլ նաև մասնակից և նույնիսկ գլխավոր խաղացող լինել  տարածաշրջանային գործընթացներում: Թուրքիայի ղեկավարը օգտվում է Սիրիայի շուրջ ստեղծված միջազգային բարդ իրավիճակից և ճկուն կերպով հենվում ռուս-ամերիկյան հակասությունների վրա՝ անտեսելով նույնիսկ Իրաքի իշխանությունների բողոքները:

Այսպիսով՝ կարելի է փաստել, որ Թուրքիան ռազմական ներկայացվածություն ունի Սիրիայում և Իրաքում, թուրք զինվորականները գործում են Ադրբեջանի բանակում, Անկարան շուտով ռազմակայան կունենա Քաթարում, իսկ Հյուսիսային Կիպրոսում այն նույնիսկ ինքնահռչակ  հանրապետության ձևաչափով է:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Ավ.լեյտենանտ

Խորագիր՝ #41 (1161) 19.10.2016 - 25.10.2016, Տարածաշրջան


19/10/2016