ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՐԿՏԻԿԱՅՈՒՄ ԻՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
ՆԱՏՕ-ի անդամ երկրները և մի շարք ասիական պետություններ սպառնում են Արկտիկայում Ռուսաստանի տնտեսական շահերին:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Վլադիմիր Վիսոցկին` կառավարությանն առընթեր ծովային կոլեգիայի նիստի ժամանակ: Նրա գնահատմամբ, արկտիկական տարածաշրջանը իրենց հետաքրքրությունների ոլորտ են համարում Հյուսիսատլանտյան դաշինքը, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, նաև այնպիսի հանրահայտ «արկտիկական» երկրներ, ինպես Մալայզիան, Թայլանդը, ընդ որում այդ երկրների գործողությունների ակտիվացումը համակարգված, կոալիցիոն բնույթ է կրում:
Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հուլիսի 5-ին Սանկտ-Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ թեև ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ իրենց շահերն ունեն հյուսիսային շրջաններում, դաշինքը Արկտիկայում ներկայություն ապահովելու մտադրություն չունի:
Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հայտնել է Արկտիկայում ստորջրյա սահմաններն ընդարձակելու ռուսական ծրագրերի մասին: Մոտ ժամանակներս այնտեղ ուղարկվող արշավախմբի նպատակը կլինի տարածքային նկրտումների գիտական հիմնավորումը: Նոր տարածքների վերաբերյալ հայտը ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովին կներկայացվի 2012թ.:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան