Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸ



ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀԱՎԱՔԸԳեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման  ենթակա զորամասերից մեկի հարևանությամբ, դաշտային պայմաններում բացազատված վրանային ավանում մեկնարկեց հրետանավորների ճամբարային հավաքը, որին մասնակցում էին զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Հովհաննես Ավագյանը, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Կամո Գրիգորյանը, ենթակա այն բոլոր զորամասերի հրամանատարները, որոնց հրետանային ստորաբաժանումների զինծառայողներն ընդգրկված են հավաքներում:

Եվ ահա նախատեսված ժամին հավաքի մասնակից ողջ անձնակազմը կազմ ու պատրաստ, հանդիսավորապես շարված էր միտինգի: Հավաքների պետ, գնդապետ Կ. Գրիգորյանի` շտաբի պետին տրված զեկույցից հետո գնդապետ Հ. Ավագյանը  ողջունեց ներկաներին ու շնորհավորեց հավաքների բացման կապակցությամբ:

Զինվորական նվագախմբի կատարմամբ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ճամբարների դրոշի հանդիսավոր բարձրացումը վստահվեց զորավարժություններում իրենց ակտիվ դրսևորած հրետանավոր զինվորներին: Հնչեցին ելույթներ, որոնցից առավել ուշագրավը զինվորների խոսքն էր` պատերազմի աստված-հրետանու, հայկական հրետանու հիմնադիրների, հրետանավորների արժանի հետնորդների, հավաքներում տեսական ու գործնական խոր գիտելիքների ձեռքբերման անհրաժեշտության և իրենց հմտությունները ճամբարների ավարտին` զորավարժություններում հիանալի խոցումներով ցուցադրելու վստահության մասին:

Հանդիսավոր միտինգից անմիջապես հետո հրետանու տարբեր տեսակներին կցված անձնակազմերն իրենց հրամանատարների հետ անցան գործնական պարապմունքի, որի ընթացքում սպաները հրետանու վրա տեղում բացատրում, ցուցադրում էին անհրաժեշտ գործողությունների ճիշտ ձևը, որից հետո յուրաքանչյուր մարտկոցի զինվոր վարժ ու հստակ կատարում էր առաջադրանքը:

1-ին զորամիավորման հրետանավորները մշտապես աչքի են ընկնում կրակային խոցումների բարձր ճշգրտությամբ, որի համար որպես օրինաչափություն բոլոր տիպի միջոցառումներում ստանում են «լավ» կամ «գերազանց» գնահատական:

 

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին բանակային զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում


01/11/2016