ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Օրերս 4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվեց բանակային զորամիավորման սերժանտների համընդհանուր հավաք-խորհրդակցություն:
Բացելով նիստը՝ հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նշեց, որ այսօրինակ հավաք-խորհրդակցություն առաջին անգամ է անցկացվում:
-Անկաշկանդ քննարկումների միջոցով պետք է խորամուխ լինենք կրտսեր հրամանատարների ֆունկցիոնալ պարտականություններում, հասկանանք այն խնդիրները, որոնք բացասաբար են անդրադառնում ծառայության հստակ կազմակերպման վրա, պետք է ցուցաբերենք մեթոդական օգնություն՝ արժևորելով կրտսեր հրամանատարների դերը,-ասաց հրամանատարը:
«Կրտսեր հրամանատարների դերն ու նշանակությունը կարգապահության ամրապնդման, ուսուցման և դաստիարակության գործում» զեկույցով հանդես եկավ զորամիավորման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար մեծ պատիվ է ծառայել հայրենի զինված ուժերում: Առավել մեծ պատիվ է կրտսեր հրամանատարի պարտականություններ կատարելը, քանի որ նրանց ընդհանուր պատրաստվածության աստիճանից է կախված ինչպես ուսուցման ու կարգապահության, այնպես էլ զորքերի մարտական պատրաստականության վիճակը:
Նա ներկայացրեց նաեւ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում զորամիավորման ենթակայության զորամասերում արձանագրված դեպքերն ու պատահարները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով սերժանտների մասնակցությամբ միջադեպերին, որոնցից խուսափելու համար հարկավոր է ավելի նպատակային եւ օրինակելի դարձնել սերժանտների ուսուցումը:
«Սերժանտական կազմի դերի, մարտական պատրաստության բարձրացման, կարգապահության ամրապնդման, մեթոդագործնական օգնության կազմակերպման» թեմայով ելույթ ունեցան զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներ, փոխգնդապետներ Արամայիս Մանուչարյանը, Աշոտ Եղիազարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էդգար Պողոսյանը, որոնք իրենց ելույթում անդրադարձան իրենց զորամասերում տիրող իրավիճակին, կրտսեր հրամանատարների կայացման գործընթացին՝ նշելով այն բոլոր գործոնները, որոնք բացասական ազդեցություն են ունենում սերժանտների ամենօրյա ծառայողական պարտականությունների կատարման վրա: Առաջարկվեցին դրանց լուծման մի քանի տարբերակներ:
«Կրտսեր հրամանատարների հոգեբանական նկարագիրը և անձնային հատկանիշները թեմայով հանդես եկավ զորամասի սպա-հոգեբան, մայոր Վիգեն Մանուկյանը: Նա ներկայացրեց «անհատականություն» հասկացողությունը որպես յուրօրինակ բնավորության դրսևորում, հոգեկերտվածք: Մայոր Մանուկյանը հիմնավորեց ջոկ ղեկավարելու համար անհրաժեշտ այն հատկանիշները, որոնք հատուկ պետք է լինեն հրամանատարին: «Սերժանտը զբաղեցնելով հրամանատարի պաշտոն, նա, ուզի թե չուզի, բախվում է տարատեսակ հոգեբանական բարդույթների՝ սթրեսների, որոնց հաղթահարումից է կախված թե՛ իր անձնական, թե՛ ստորաբաժանման հաջողությունը»,- ասաց մայոր Մանուկյանը:
Ամփոփելով օրվա աշխատանքը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը վստահեցրեց, որ նման հավաքները այսուհետ լինելու են շարունակական, որ կրտսեր հրամանատարները մշտապես լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում, որպես տվյալ ստորաբաժանման, զորամասի, զորամիավորման և ի վերջո բանակի մարտունակությունը կայացնող գործուն միավոր, որով էլ պայմանավորվում է զորքերի առաջընթացը:
4-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում