Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԵՐԺԱՆՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԱԳՐԵՐԸ»



«Ազգ-բանակը այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում և ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ»: 

ՀՀ պաշտպանության նախարար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 

«ՍԵՐԺԱՆՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԱԳՐԵՐԸ»Գիրքը նվիրել է հայոց բանակի կազմավորման 25-ամյակին

 

Նոյեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում Դավիթ Շահվերդյանի «Սերժանտ Շահվերդյանի օրագրերը» գրքի շնորհանդեսն էր:

Հեղինակը 2013-2015թթ. ծառայել է Քարվաճառում և այդ ժամանակահատվածի իր տպավորությունները, ապրումները ամփոփել է գրքում: Շնորհանդեսի հետ մեկտեղ նրա նկարների ցուցահանդեսն էր` դարձյալ զինվորական շնչով տոգորված ստեղծագործություններ` գրաֆիկա և զինանշաններ ¥վաշտի, դասակի զինանշաններ, որոնք այսօր էլ օգտագործվում են զորամասի ներքին ծառայության մեջ):

«Այս ամենի մեջ և՛ հայրենաճանաչություն կա, և՛ հայրենագիտություն,-նշում է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության  մշակույթի բաժնի պետ, գնդապետ Խաչատրյանը,- մեր զինվորները զորացրվում են, բայց նրանք հոգով, մտքով, իրենց գործերով միշտ շարքում են: Նրանք ընդմիշտ հայրենիքի զինվորներն են»:

«Գիրքը կարդացողները կտեսնեն, թե «Օմարի արծիվն» ինչքան անկեղծ է հայրենիքի, ընկերների հանդեպ արտահայտած իր զգացմունքների, նվիրումի մեջ: Այսօր այն մի սովորական, շարքային գիրք է թվում, սակայն վաղը կդառնա պատմություն, հուշագրություն, պատմաբանների համար՝ չափազանց կարեւոր հարցեր ճշտելու, քաղաքագետների համար` ժողովրդի հոգեբանությունը հասկանալու նյութ»,- նկատում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«ՍԵՐԺԱՆՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԱԳՐԵՐԸ»Դավիթ Շահվերդյանը ինքնատիպ մտածելակերպի տեր բազմաշնորհ երիտասարդ է: Ծնվել է արվեստագետների ընտանիքում, փոքր տարիքից նկարել է, մասնակցել տարբեր ցուցահանդեսների: Բանակում էլ ծառայելու ընթացքում ընկերների հետ ստեղծել և խմբագրել է «Օմարի արծիվ» ամսաթերթը:

«Բոլոր զորամասերին հանձնարարված էր իրենց թերթն ունենալ: Գործը գլուխ բերելու համար կարճ ժամանակ էր տրված,- պատմում է Դավիթը: – Իհարկե, կարող էինք զուտ փաստերի տեսքով ներկայացնել մեր առօրյան, բայց մտածեցինք, որ այդպես ձանձրալի կլինի: Ես մինչ այդ նամակներ էի գրել քաղաքում ապրող ընկերներիս: Ինքնատիպ նամակներ էին, ավելի շուտ՝ բանակային կյանքի վերաբերյալ փոքրիկ պատմվածքներ ¥լավ է, որ սևագրերը պահել էի): Այդ նամակների մեջ ամեն մի զինվոր իրեն կգտներ: Սկզբում դրանք տպագրեցինք: Հետո… հետո այնքան բան կար գրելու: Հավատացեք, եթե Հոլիվուդի սցենարիստներն այդ թեմաների գոնե հինգ տոկոսն ունենային, միլիոնավոր դոլար արժողությամբ ֆիլմեր կնկարեին… Իսկ մենք տեսել էինք շատ բոսոր այգաբացներ լեռների գագաթներին, որտեղ ձյունը երբեք չի հալչում, քնել էինք ամպերի մեջ, ցրտահարված ընկերոջը տաքացրել սեփական մարմնի ջերմությամբ, մագլցել անառիկ ժայռերն ու կենաց կռիվ մղել բնության տարերքի դեմ….

«ՍԵՐԺԱՆՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԱԳՐԵՐԸ»Գրում էինք մեր ամուր, հզոր զինվորական ընկերության մասին: Այնտեղ՝ բարձրում` Օմարի գագաթին, մենք ծառայում էինք միասին: Միասին մրսում, միասին տխրում, միասին ուրախանում ու միասին էլ երազում էինք… Մեր ամսաթերթն էլ  անվանել էինք «Օմարի արծիվ», որովհետև այն լավագույնս էր բնորոշում մեր զորամասի յուրաքանչյուր զինվորի ոգին…»:

Ու ահա զորացրվելուց հետո Օմարի արծիվներից մեկը` սերժանտ Դավիթ Շահվերդյանը,  մի գրքի մեջ հավաքեց, ի մի բերեց զինվորական կյանքի օրագրությունը՝ իր գրառումները, որպես թանկ հուշ և հիշողություն, որպեսզի երբեք չմոռանա իր այդ օրերի զգացողությունները: Թեև հասկացել էր, որ դրանք մոռանալն այլևս անհնար է…

Գրքում ամփոփված յուրաքանչյուր հոդվածի կամ էսսեի մեջ սրտաբուխ անկեղծություն կա, և կարդացող յուրաքանչյուր զինվոր իրեն հաստատ կգտնի  տողերում:

Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 

«ՍԵՐԺԱՆՏ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ ՕՐԱԳՐԵՐԸ»

ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ

 

Վերելքը շարունակվում էր արդեն երրորդ ժամը: Ուսապարկերի ու սպառազինության ծանրությունից ամեն քայլին ավելի ու ավելի խորն էինք թաղվում ձյան մեջ: Մեր շուրջը խիտ մառախուղ էր, ճանապարհը գտնում էինք կիրճերի կտրված քարաժայռերը շոշափելով: Մենք չէինք կարող կանգնել, քանզի կանգնելը հավասարազոր էր սառչելուն, ու ոչ ոք կողքինին օգնել չէր կարող, քանզի ինքը հազիվ էր ոտքի վրա մնում: Մինչեւ գագաթը մնացել էր ութ կիլոմետր:

 

ՎԱՐԴԵՆԻՍԻ ՈԼՈՐԱՆՆԵՐԸ

 

Արդեն լուսանում էր: Արթնացա ծնկի սուր ցավից: Թիկնոցը, որով ծածկվել էինք, լրիվ թաց էր, մեր տակով ջուրը գետի պես հոսում էր: Թիկնոցի տակից դուրս հանեցի գլուխս, կարծես երկօրյա հորդառատ անձրեւն ուզում էր դադարել:

Այդ պահին մյուս երեքն էլ արթնացան, ու բոլորս դուրս եկանք թիկնոցի տակից, որը վաղուց արդեն օգուտ չէր տալիս: Կանգնած դողացնում էինք ու նայում դիմացի սարերին: Այդ պահին հենց դիմացի լանջին հայտնվեցին սկզբում մեկ, հետո երեք հոգի, ու կրակոցներ լսվեցին: Երեւում էր, որ լուրջ հետապնդում է` կատաղի հրաձգությամբ: Ես ու Գրիշոն վերցրինք մեր զենքերն ու վազեցինք ցած` դեպի ձորի ներքեւի գետը` հետապնդվողի ճանապարհը ներքեւից փակելու: Կրակոցներն ուժեղանում էին, իսկ մենք մեկ այդ կողմն էինք նայում, մեկ` ոտքներիս տակից փախչող քարերին: Ընթացքից նկատեցի, որ ձորի երկայնքով` ոլորանների վրա տեղակայված մյուս դիրքերից էլ են վազում նույն ուղղությամբ:

Երբ հասանք գետին, հրաձգությունը հանկարծակի դադարեց: Մեր կողմից այլեւս չէր երեւում, թե ինչ էր կատարվում այնտեղ` վերեւում: Անցանք գետը` մոտենալով ճանապարհին: Այդ ժամանակ վերեւի ոլորանի ետեւից երեւացին մեր 30 տղերքը` ադրբեջանցի հետախույզին առաջները գցած: Մեզ տեսնելով՝  կանգնեցին, բոլորս մեր զենքերը վեր բարձրացրինք ու «Աաա՜ա» գոռացինք, գոռացինք մենք, նրանք, ու բոլոր հեռու ու մոտիկ դիրքերը ճանապարհի երկայնքով, ու բոլոր թրջվածներն ու սառածները տաքացան:

***

Երբ հետ էինք քայլում մեր դիրքը` իրերը հավաքելու, գիտակցում էինք, որ այն, ինչի համար ամբողջ ութ օր թրջվել ու սոված էինք մնացել, մեծ նշանակություն ունի միայն մեր` ներսի մարդու համար, որ Հայաստանում երբեք էլ չեն իմանա, եթե իմանան էլ, դա ուղղակի որպես ինֆորմացիա կընդունվի` փաստերի տեսքով: Բայց մեզ համար դա միեւնույն էր…

Շատերը զանգում էին տնեցիներին ու ասում, որ ամեն ինչ ավարտվեց, ես մերոնց չէի էլ ասել, որ սկսվել էր: Շատերը զանգում էին իրենց ընկերուհիներին, իսկ ես  ընկերուհի չունեի: Մենք ժպտում էինք իրար ու չէինք հայհոյում, մենք «Օմարի արծիվներն» էինք…

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Հոգևոր-մշակութային


17/11/2016