Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ԺՊԻՏՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ…



ՆՐԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ԺՊԻՏՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ...Հուշ-երեկո՝ նվիրված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին

 

«Հայի անունը լսելիս թուրքը միշտ պետք է ահ ու սարսափ ապրի»:

Կապիտան Արմենակ ՈՒՐՖԱՆՅԱՆ

 

Ապրիլյան պատերազմի ամենավառ հերոսներից է կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանը, որ մինչև կյանքի վերջին վայրկյանը չընկրկեց թշնամու առաջ, հերոսաբար պայքարեց եւ հրամայելով իր  զինվորներին ետ քաշվել՝ զոհվեց հայրենիքի՝  իրեն վստահված կարևոր հատվածը պաշտպանելիս: «Մեծ սիրտ ուներ…,- ասում են նրա մասին,- այնքան մեծ, որ ողջ Մարտակերտը կարողացավ առնել իր սրտի մեջ…»:

ՀՀ պաշտպանության նախարարության և «Ջավախք» հայրենակցական միության նախաձեռնությամբ «Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 11-ին կայացավ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հիշատակին նվիրված  հուշ-երեկո:

ՆՐԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ԺՊԻՏՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ...Դահլիճը լեփ-լեցուն էր: Հպարտություն, մեծարանք՝ այսպիսին էր տիրող մթնոլորտը: Ներկա էին մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, նաև՝ Արմենակ Ուրֆանյանի մայրը:  Բոլորը մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակը: «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն իր ելույթում նշեց.  «Թշնամու սանձազերծած ապրիլյան պատերազմը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելն անիմաստ է,- ապա դիմելով զոհված հերոսների մայրերին՝ շարունակեց,- ձեր ցավով մեզ նվիրեցիք հպարտություն, ձեր լացով մեզ նվիրեցիք հարատևություն, և ձեր հերոս զավակների խնկարկումը մեր սրբազան պարտքն է: Նրանք իրենց սխրանքով մեկ անգամ ևս հաստատեցին՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն»:

Ելույթով հանդես եկավ նաև Երևանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը: «Եթե շատերը Արմենակին ճանաչեցին միայն այս դեպքերից հետո, ապա մեզ համար շատ ավելի դժվար է, քանի որ նրա կյանքի մի մասն անցել է մեր աչքի առաջ: Նա մեր դպրոցի 2007 թվականի շրջանավարտներից է: Երբ դեռ դպրոցական էր, ընտանիքի հետ միասին մեկնեց Ռուսաստան, հետո վերադարձավ հայրենիք ու շարունակեց ուսումը: Իմ և ուսուցիչների հիշողության մեջ Արմենակը  մնացել է որպես լավ մարդ, որ իր բազմաթիվ առավելությունները երբեք ի ցույց չէր դնում: Հենց դրա համար բոլորը նրան ընդունում, հարգում ու սիրում էին: Արդեն ութերորդ դասարանից երևում էր զինվորական գործի հանդեպ նրա մեծ սերն ու հետաքրքրությունը: Մտածում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվելու մասին: Երկար ժամեր էր անցկացնում դպրոցի հրաձգարանում, հրաձգության մրցումներում միայն բարձր ցուցանիշներ էր արձանագրում»:

ՆՐԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ԺՊԻՏՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ...Ա. Սարյանը նաև նշեց, որ դպրոցի հրաձգարանը հիմնովին վերանորոգվելուց հետո  կանվանակոչվի Արմենակ Ուրֆանյանի անունով: Իր անունը բարձրաձայնել չցանկացող մի բարեգործ արդեն դպրոցի բակում հերոսի հիշատակին խաչքար է կանգնեցրել: «Այն ամենը, ինչ մենք պատրաստվում ենք անել, ոչ մի կերպ չի կարող հատուցել հանուն մեզ՝ հանուն հայրենիքի գործած սխրանքը: Զոհողություն, որ գին չունի… Նրա գործերը ոչ միայն չեն մոռացվի, այլև օրինակ կծառայեն սերունդների համար: Նա հիմա էլ շարունակում է ապրել մեր մեջ…»:

Հուզիչ էր հերոսի մոր՝ Համեստ Ներսիսյանի խոսքը. «Ապրիլյան պատերազմի ընթացքում ինչպես Արմենակը, այնպես էլ մեր մյուս զինվորականները իրենց անձնազոհությամբ ապացուցեցին, որ մեր նախնիների արժանի ժառանգներն են:   Արմենակն ինքն էր ընտրել այդ ճանապարհը և իր այս քայլով ապացուցեց, որ Ուրֆայի ճակատամարտին մասնակցած  իր պապերի արժանի հետնորդն է: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են: Մեր ժողովրդին ցանկանում եմ խաղաղություն, անկախ, ապահով ու երջանիկ Հայաստան»:

ՆՐԱ ՀԱՅԱՑՔՆ ՈՒ ԺՊԻՏՆ ԵՄ ՈՐՈՆՈՒՄ...Խոսքի վերջում տիկին Համեստը հերոսի մոր իրավունքով պատգամեց՝ «Ո՛չ մի թիզ հող թշնամուն»:

Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Բանակի մայրը» վավերագրական  ֆիլմի ցուցադրությունը:   Ֆիլմի սյուժեն հյուսված է տիկին Համեստի ապրումների շուրջ և նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին ու նրանց մայրերին: Ֆիլմի հեղինակ, ռեժիսոր Սոնա Տոնականյանը  ցանկացել է Արմենակի մոր օրինակով ցույց տալ հիրավի հերոսական հայ մայրերի կերպարը:

Ֆիլմն սկսվում է դեպի Արցախ տանող ճանապարհից: Հաղթահարելով հոգու  անհուն ցավը՝ հերոսի մայրը կրտսեր որդու ուղեկցությամբ մեկնում է Մարտակերտ: Իջևանում է այն հյուրանոցում, որտեղ ապրել է Արմենակը, մտնում է այն խանութը, որտեղից ամեն օր գնումներ է կատարել որդին: Այցելում է զորամաս, զրուցում զինվորների հետ, որոնց մասին խոսելիս կապիտան Ուրֆանյանն ասում էր՝ «իմ տղերքը»: Շրջում է դիրքերում ու այն խրամատում, որտեղ հերոսաբար զոհվել է որդին: Տիկին Համեստը խոստովանում է՝ այստեղ գալով կարծես այնպիսի զգացողություն ուներ, թե խրամատում անպայման որդուն կհանդիպի… Նրա հայացքն ու ժպիտն էր որոնում…

Ֆիլմի ցուցադրմանը հաջորդեց համերգային ծրագիրը, որի ժամանակ Մասիս Հունանյանի կատարմամբ հնչեց Արմենակ Ուրֆանյանին նվիրված նոր երգը:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/11/2016