ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
Օրերս լրացավ զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, մայոր Օնիկ Պետրոսյանի ծննդյան 30-ամյակը: Արդեն ինը տարի է, ինչ Օնիկ Պետրոսյանը մեր զորամասում է և իր անձնվեր ծառայությամբ ու նվիրվածությամբ, ոգու ամրությամբ օրինակ է հանդիսանում բոլորիս համար: Հայրենասեր զինվորականի նրա կերպարը զորամասում ոգևորում և համախմբում է բոլորիս:
Փոխգնդապետ Ա. Քարտաշյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանման ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է մայոր Օնիկ Պետրոսյանի տարեդարձը: Մաղթում ենք մեր հարգելի ու սիրելի մայորին, որ նրա ուժն ու եռանդը երբեք չպակասի: Եվ թող հայրենիքի ծառայության գործում հաջողությունը մշտապես ուղեկցի նրան:
***
«Հայ զինվոր» պաշտոնաթերթի միջոցով ուզում եմ ջերմորեն շնորհավորել սահմանամերձ զորամասերից մեկում ծառայող շարքային Գևորգ Էդուարդի Մելյանին ծննդյան 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Շնորհավորանքիս միանում են նաև Գևորգի ծնողները` Էդուարդը, Սվետլանան, եղբայրները` Էդգարը, Սարգիսը, բոլոր հարազատները` մեր զինվորին մաղթելով քաջառողջություն, անսպառ երջանկություն, տոկունություն, խիզախություն:
Գևորգը մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, մերօրյա հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի զինվորն է եղել: Գևորգի զինակից ընկերներն էին Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը: Ցուցաբերած բացառիկ խիզախության համար հրամանատարության կողմից պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով:
Շնորհավոր ծննդյանդ տոնը, Գևորգ ջան, բարի ծառայություն քեզ և բարի վերադարձ հայրենի օջախ: Աստված թող միշտ պահապան լինի մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին:
Հովհաննես Սարգսյան
Շիրակի մարզ, գյուղ Հայրենյաց
***
Հովհաննես ջան, արդեն 20 տարեկան ես ու զինվոր ես: Ինչքան ենք երազել այս օրը: Քանի անգամ ենք ասել, որ զինվորական համազգեստ հագնելու հետ պատանեկությունդ թողնելու ես հետևում և մտնելու ես նոր՝ տղամարդկային հասունությամբ, պատասխանատվությամբ, խիզախությամբ բնորոշվող կյանք: Շնորհավորելով 20-ամյակդ` մենք առաջին հերթին տղամարդկային արժանապատվություն ենք մաղթում քեզ, որովհետև աշխարհում պատվից թանկ ոչինչ չկա… Մեր ժողովուրդը իմաստուն խոսք ունի՝ արու զավակը հայրենիքինն է, նշանակում է՝ տղամարդու առաջին պարտքը հայրենիքը պաշտպանելն է: Մենք հպարտ ենք, որ մեր որդին զինվոր է… ու քո ծննդյան օրը որքան կարոտելու ենք քեզ, որքան զգալու ենք բացակայությունդ, նույնքան էլ հպարտությամբ ենք լցվելու:
Չկա ավելի գեղեցիկ ընկերություն, քան զինակից ընկերների՝ փորձություններով անցած հավատարմությունը: Վստահ ենք՝ զինվոր ընկերներդ կողքիդ կլինեն ու անմոռաց կդարձնեն տարեդարձդ…
Շնորհավոր 20-ամյակդ, տղա՛ս: Բարի ծառայություն քեզ և ընկերներիդ:
Ամուր գրկում ու համբուրում ենք:
Քո ծնողներ՝ Արտեմ Պողոսյան
Լիանա Ալեքսանյան
Խորագիր՝ #45 (1165) 16.11.2016 - 22.11.2016, Բանակ և հասարակություն