Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄ



ՀԱՅԵՐԸ ԿԻԼԻԿԻԱՅՈՒՄԿիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում: Հարավից այն եզերում է Միջերկրական ծովը, իսկ հյուսիսում նրա սահմաններն անցնում են Կիլիկյան Տավրոսի լեռներով: Արևելքում Կիլիկիայի սահմաններն անցնում են Ամանոսի (Սև) լեռներով: Նշված տարածքը բնաշխարհագրական առումով բաժանվում է երեք մասի: Հյուսիսարևելյան լեռնային հատվածը կոչվում է Լեռնային Կիլիկիա: Հարավարևելյան շրջանները, որոնք ընդարձակ դաշտավայր են կազմում, հայտնի են Դաշտային Կիլիկիա անունով: Քարքարոտ բլուրներ ունեցող արևմտյան մասը կոչվում է Քարուտ Կիլիկիա:

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները: Հավանաբար այդ ժամանակներից էլ հայերը սկսեցին բնակվել Կիլիկիայում: X դ. նրանք այստեղ արդեն զգալի թիվ էին կազմում:

Կիլիկիայի հայերի ազգային-եկեղեցական խնդիրները հոգալու համար Խաչիկ Ա կաթողիկոսը X դ. վերջին մի շարք եպիսկոպոսական թեմեր հիմնեց:

XI դ. Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակի պատճառով սկսվում է հայ բնակչության զանգվածային արտագաղթը դեպի Փոքր Հայք, Կապադովկիա, Ասորիք և Կիլիկիա: Այն կապված էր Բյուզանդիայի՝ հայերին Հայաստանից արտագաղթեցնելու քաղաքականության և սելջուկ-թուրքերի արշավանքների հետ: Քոչվոր սելջուկների արշավանքներն այնպիսի ծանր հետևանքներ ունեցան, որ հայ բնակչության նշանակալի հատվածներ ստիպված եղան հեռանալու հայրենիքից: Նրանց մի մասը հաստատվեց Կիլիկիայում: XI դ. բյուզանդացիները Հայաստանից Կապադովկիա և Կիլիկիա են տեղափոխում նաև մի շարք արքայական և իշխանական տներ՝ իրենց հպատակ բնակչությամբ: Հայաստանից ստիպված եղան արտագաղթել նաև Արծրունիները և Բագրատունիները:

Կիլիկիայում մինչ այդ ապրում էին հույներ, ասորիներ, հրեաներ, արաբներ և փոքրաթիվ հայեր: Սակայն XI դ. վերջերին Կիլիկիայի բնակչության գերակշռող մասն արդեն հայեր էին:

 

Հայկական իշխանությունների առաջացումը

Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանձնում էր այս կամ այն գավառի կառավարումը: Դրանցից էր Ապլղարիպ Արծրունին, որին բյուզանդական արքունիքը նշանակել էր Կիլիկիայի կառավարիչ (ստրատեգոս): Նրան էին հանձնվել Ադանա, Մսիս, Տարսոն քաղաքները և Լամբրոն ու Պապեռոն բերդերը: Հետագայում Ապլղարիպ իշխանը Լամբրոնը նվիրում է Գանձակից Կիլիկիա տեղափոխված Օշին իշխանին, որից սերում է Հեթումյան իշխանական և ապա արքայական տունը:

Անիի Բագրատունյաց վերջին գահակալ Գագիկ Բ-ն հաստատվել էր Կիլիկիայի սահմանագլխին գտնվող Պիզու քաղաքում: Կարսի վերջին թագավոր Գագիկ Աբասյանն իր իշխանությունն էր հաստատել Փոքր Հայքի և Կապադովկիայի՝ Կիլիկիային սահմանամերձ շրջաններում:

Հայ ստվար բնակչության, հայոց եկեղեցու և հայկական արքայական ու իշխանական տների առկայությունը Կիլիկիայում նախադրյալներ ստեղծեց հայկական պետականության ստեղծման համար:

1071թ. Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի պարտվելուց հետո Կիլիկիայում և սահմանամերձ շրջաններում հաստատված հայ իշխանները փորձեցին օգտվել Բյուզանդիայի թուլացումից և անկախանալ: Բյուզանդական ծառայության անցած հայ իշխան Փիլարտոս Վարաժնունին Հյուսիսային Ասորիքում և Կիլիկիայի արևելյան շրջաններում հիմնեց ուժեղ հայկական իշխանություն, որը գոյատևեց գրեթե երկու տասնամյակ: Ցավոք, այն սկսվեց քայքայվել դեռևս Փիլարտոսի կենդանության օրոք, սակայն նրա փլատակների վրա ստեղծվեցին մի քանի հայկական իշխանություններ: Հյուսիսային Ասորիքում ուժեղ և ընդարձակ հայկական իշխանություն հիմնադրեց Գող Վասիլը, որը գոյատևեց մինչև 1117թ.: Այս իշխանությունները կարճատև կյանք ունեցան, սակայն կարողացան կասեցնել սելջուկների ներթափանցումը Կիլիկիա: Դա հնարավորություն տվեց Լեռնային Կիլիկիայում հաստատված հայերին համախմբվելու և մի նոր ուժեղ իշխանություն ստեղծելու:

 

Ռուբինյան իշխանության հաստատումը Կիլիկիայում

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ-թուրքերը: Սակայն Պաղեստինը և Ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից՝ թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել հայկական իշխանությունը:

Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը (1095-1100): Նրա օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց: Նա 1098թ. բյուզանդացիներից խլեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն:

Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքները, ուստի նրանք ստիպված էին բանակցել նրա հետ: Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքներով և նրանց պարեն մատակարարեց, ինչի համար խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս:

Խաչակիրները սելջուկներից գրավեցին Դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև: Խաչակիրները գրավեցին նաև Ասորիքն ու Պաղեստինը և ստեղծեցին խաչակրաց չորս պետություններ՝ Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները:

Մանազկերտի ճակատամարտից հետո սելջուկների մի մասը հաստատվեց Փոքր Ասիայում և ստեղծեց Իկոնիայի սուլթանությունը: Վերջինս և Փոքր Ասիայում հաստատված թուրքական տարբեր ցեղեր դարձան Կիլիկիայի համար վտանգավոր հարևաններ:

 

Պայքար Դաշտային Կիլիկիայի համար

Լեռնային Կիլիկիայում ստեղծված Ռուբինյան իշխանության ուժեղացման համար առաջնահերթ խնդիր էր Դաշտային Կիլիկիայի գրավումը: Անհրաժեշտ էր դուրս գալ Միջերկրականի ափերը և հաստատվել Դաշտային Կիլիկիայում, որը նշանավոր էր առևտրաշահ քաղաքներով ու նավահանգիստներով և երկրագործական արտադրությամբ: Անհրաժեշտ էր կապեր հաստատել միջերկրածովյան երկրների հետ: Այս կենսական խնդիրները լուծելու համար Կիլիկյան Հայաստանը պայքարի մեջ մտավ Բյուզանդիայի, խաչակիրների և սելջուկների հետ:

Կոստանդինին հաջորդեց նրա որդի Թորոս Ա-ն (1100-1129), որը, շարժվելով դեպի հարավ, գրավեց Սիս և Անաբարզա քաղաքները: Թորոսն ամրացրեց Անաբարզան և դարձրեց իր իշխանության մայրաքաղաք: Թորոսի և Գող Վասիլի միացյալ զորքերը ծանր պարտության մատնեցին 1107թ. Կիլիկիա ներխուժած Իկոնիայի սելջուկներին:

Թորոսին հաջորդեց նրա եղբայր Լևոն Ա-ն (1129-1137), որը ձեռնամուխ եղավ Դաշտային Կիլիկիայի նվաճմանը: Այստեղ հայերն ստիպված եղան բախվել բյուզանդացիներին և խաչակիրներին: Օգտվելով բյուզանդացիների և խաչակիրների հակասություններից՝ Լևոնը բյուզանդացիներից խլեց Մսիսը, Ադանան և Տարսոնը: Համառ պայքարից հետո Կիլիկյան Հայաստանը կարողացավ հարավում դուրս գալ Միջերկրական ծով:

Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով Լևոնը գրավեց Սարվանդիքար բերդաքաղաքը, ինչը Անտիոքի դքսության և Ռուբինյան իշխանության միջև պատերազմի պատճառ դարձավ: Խաչակիրների և հայերի պայքարից փորձեցին օգտվել սելջուկները: Նրանք արշավեցին ու ավերեցին երկու երկրների սահմանամերձ տարածքները: Սակայն Կիլիկիայի և Անտիոքի միջև մղվող պայքարը շուտով դադարեց: Հայտնվել էր մի նոր ընդհանուր թշնամի, որը երկուսին էլ հավասարապես սպառնում էր: Դա Բյուզանդիայի կայսր Հովհաննես Կոմնենոսն էր, որը ծրագրել էր նվաճել Կիլիկիան և Անտիոքը:

Շարունակելի

Խորագիր՝ #46 (1166) 23.11.2016 - 29.11.2016, Պատմության էջերից


23/11/2016