ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է «ՀՀ ԶՈՒ ԵՎ ՌԴ ԶՈՒ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
Գեներալ-մայոր Մակարյանը նշել է, որ ստորագրված փաստաթղթով Հայաստանը և Ռուսաստանը պարտավորվում են համատեղ վերլուծել ռազմաքաղաքական իրավիճակը, սահմանել զորքերի միավորված խմբավորման կազմը, կազմակերպել խմբավորման ղեկավարումն ու կիրառումը, համատեղ լուծել միացյալ հրամանատարության ստեղծման հետ կապված հարցերը, ապահովել զորքերի, հետախուզության, զենքի կառավարման, նյութատեխնիկական բազայի միասնականության, կառավարման միացյալ համակարգի ստեղծման, ինչպես նաև օպերատիվ-մարտավարական խնդիրների համատեղ իրականացումը:
Անդրանիկ Մակարյանը նաեւ հատուկ ընդգծել է, որ Միացյալ զորախումբը հակազդելու է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված ցանկացած ագրեսիային՝ ապահովելով երկու պետությունների բնակչության անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը:
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում