Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՏԱՆ



Ադրբեջանը հայտարարում է, որ իր պաշտպանական արդյունաբերության նախարարությունը բանակի համար արտադրում է ռազմատեխնիկական նշանակության ավելի քան 400 արտադրատեսակ: Դրանց մեջ են զրահամեքենաներ, հրաձգային զենքեր, հանդերձանքի պարագաներ եւ այլն:

Թեպետ Ադրբեջանն այս ոլորտում լուրջ հավակնություններ ունի, միանշանակ է, որ առաջիկայում ադրբեջանական ռազմարդյունաբերությունը չի կարող լուրջ հաջողություններ գրանցել: Բանն այն է, որ նշված ոլորտի հաջող զարգացումը պայմանավորված է գիտատեխնիկական, արտադրական մի շարք գործոններով, որոնք Ադրբեջանում չկան:

Ավելի հեռավոր ապագայում միգուցե Ադրբեջանը որոշ հաջողության հասնի այն բանի շնորհիվ, որ Թուրքիան, Իսրայելը, Պակիստանը եւ մի քանի այլ երկրներ կարող են ռազմատեխնիկական որոշ նախագծերում աջակցել նրան: Ադրբեջանը դեռ երկար ժամանակ ի վիճակի չի լինի իրականացնելու ժամանակակից զինատեսակների ստեղծման ինքնուրույն ծրագրեր եւ կախված է լինելու այդ երկրներից:

Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման համար նույնիսկ ամենահզոր երկրները ծախսել են տասնյակ տարիներ եւ հսկայական նյութական միջոցներ: Ադրբեջանը չի ունեցել նման արտադրանքի ստեղծման կամ արտադրության մեծ փորձ եւ համապատասխան գիտատեխնիկական հենք: Այսօր Ադրբեջանին սպառազինություն մատակարարող շատ երկրներ նույնպես ռազմարդյունաբերության փառահեղ ավանդույթներով չեն կարող հպարտանալ, եւ նրանց արտադրանքն էլ է շատ հաճախ արդեն հնացած: Ուստի այդ երկրների աջակցությունն Ադրբեջանին չի կարող էական բան փոխել մեր գնահատականներում:

ԴԻՊՈՒԿԱՀԱՐ ՀՐԱՑԱՆ

Վերջերս Ադրբեջանը ակտիվորեն գովազդում է իր արտադրած զինատեսակները, մասնավորապես` «Istiqlal (IST-14,5 Anti-Material Rifle)» մեծ տրամաչափի դիպուկահար հրացանը, որն արձակում է 14,5×114 մմ փամփուշտներ: Ըստ ադրբեջանական տվյալների` իրենց դիպուկահար հրացանն ունի հետեւյալ մարտավարատեխնիկական բնութագիրը.

Զենքի երկարությունը՝ 2015 մմ,
Փողի երկարությունը՝ 1220 մմ,
Քաշը` մոտ 20-29 կգ, առավելագույնը` լրակազմով,
Հրաձգության արդյունավետ հեռավորությունը` 3000 մ,
Զենքը կիսաավտոմատ է, ինքնալիցքավորվող,
Պահեստատուփը 3 կամ 10 փամփուշտի համար,
Ունի 8 անգամ մոտեցնող օպտիկական նշանոց.

Աշխարհում շատ են տարածված մեծ տրամաչափի դիպուկահար հրացանները, սակայն «Istiqlal»-ի տրամաչափով դիպուկահար զենք նույնիսկ Ռուսաստանում չկա: 14,5 մմ-ոց փամփուշտները, ճիշտ է, շատ հզոր են զրահապատ տեխնիկայի դեմ կիրառելու համար` հարմար, սակայն չունեն հատուկ դիպուկահար հրացանների համար նախատեսված գնդակներ կամ արկեր: Այսինքն` այս փամփուշտների միակ առավելությունը հզորությունն է: Մոտ 60 գրամանոց արկը, փողից դուրս գալով մոտ 1000 մ/վ արագությամբ, ունի մոտ 30 000 ջոուլ էներգիա: Համեմատության համար նշենք, որ 12,7×108 մմ-ոց խորհրդային փամփուշտներն ունեն մոտ 50 գրամանոց արկ եւ մոտ 16 000 Ջոուլ էներգիա:

Հարց է ծագում` եթե այդ հզոր փամփուշտներով կարելի խոցել զրահապատ թիրախները, ապա ինչո՞ւ դրանց համապատասխան դիպուկահար հրացաններ գրեթե չկան: Բանն այն է, որ փամփուշտն ինչքան հզոր է, կրակելն էլ ավելի դժվար է, իսկ սահմանաչափը գերազանցող հեռավորությունների վրա այդ գնդակների ցրումը այնքան է մեծանում, որ դիպուկ կրակի մասին խոսելն ավելորդ է: Այդ սահմանաչափը սովորաբար 1500 մ է: Իսկ եթե դիպուկահար հրացանով 1500-2000 մ հեռավորության վրա հնարավոր չէ կենդանի թիրախ խոցել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի դրա ստեղծումը:

Կարելի է առարկել` ասելով, որ այդ դիպուկահար հրացանով հնարավոր է նշված հեռավորությունից խոցել զրահապատ տեխնիկա, ինչի համար մեծ դիպուկություն չի պահանջվում: Բայց նույնը կարելի է անել նաեւ գնդացրով, եւ նույնիսկ ավելի մեծ արդյունավետությամբ: Սրան էլ կարելի է առարկել` ասելով, որ գնդացիրները չափսերով ավելի մեծ են եւ ծանր, բայց կան գնդացիրներ, օրինակ` ԽկԹ-ն, որոնց քաշն առանց մեծ մարտապաշարի մեծ չէ:

20-29 կիլոգրամը դիպուկահար հրացանների համար չափից ավելի ծանր է: Աշխարհի ամենատարածված «М82», «McMillan TAC-50» եւ այլ դիպուկահար հրացանների քաշը չի հասնում 15 կգ-ի:

«Istiqlal»-ի տրամաչափի այլ դիպուկահար հրացաններ նույնպես կան, եւ դրանք գրեթե բոլորն էլ տարածված չեն: Դրանցից է նաեւ մոդուլային կառուցվածք ունեցող հարավաֆրիկյան «Mechem NTW-14,5»-ը, որից կարելի է արձակել նաեւ 20 մմ-ոց փամփուշտներ: Կարելի է վստահորեն պնդել, որ ադրբեջանական դիպուկահար հրացանը կառուցվածքով եւ աշխատանքի հիմնական սկզբունքով խորհրդային գնդացրի եւ հարավաֆրիկյան վերոնշյալ զենքի ընդօրինակումն է: Դրանում կարելի է համոզվել` դիտելով զենքերի նկարները եւ համեմատելով չափերը. «ԽկԹ»-ի երկարությունը 2000 մմ է, իսկ փողի երկարությունը` 1346 մմ: Mechem NTW-14,5»-ի քաշը, երկարությունը եւ փողի երկարությունը նույնքան են, որքան ադրբեջանական զենքինը: Պատահականություն է:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զենքի հրաձգության արդյունավետ հեռավորությանը, ապա այն չի կարող հավասար լինել 3000 մ-ի: Այդ հեռավորության վրա դիպուկ կրակ վարել հնարավոր չէ: Համեմատության համար նշենք, որ նույն տրամաչափի առաջին դիպուկահար հրացանը` հունգարական «Gepard»-ը, որի փողը «Istiqlal»-ի փողից 400մմ-ով երկար է, ունի 1000-1500 մ-ին հավասար կրակի արդյունավետ հեռավորություն: Ավելի կարճ երկարությամբ փողը պարզապես չի կարող ապահովել ավելի մեծ հեռահարություն, այն էլ` կրկնակի մեծ: Այս անհեթեթության միակ բացատրությունն այն է, որ ադրբեջանցիներն իրենց զենքի տվյալները կեղծում են: Նույնիսկ հարավաֆրիկյան «Mechem NTW-14,5»-ի բնութագրերում նշված չէ այդ 3000 մ-ը:

ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱՆԵՐ

2010թ. հաստատվեցին այն տեղեկությունները, որ ադրբեջանական նորաստեղծ պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հարավաֆրիկյան ընկերության հետ դեռ 2007 թվականից աշխատում է երկու տեսակի զրահամեքենաների` «Marauder APC»-ի եւ «Matador»-ի արտադրության ուղղությամբ: Վերջինս «Paramount Group»-ի եւ հորդանանյան «Middle East Defence Systems (MDS)» ընկերության համատեղ արտադրանքն է:

Ներկայումս աշխարհում նման մեքենաների արտադրության ծավալը եւ տեսականին բավականին մեծացել են: ԱՄՆ-ի բանակում նման մեքենա արտադրելու համար հայտարարված մրցույթի պահանջները շատ խիստ էին: Իսկ Ռուսաստանում մինչ օրս չեն կարողանում վերջնական որոշում ընդունել` արտադրել սեփակա՞նը, թե՞ գնել արտասահմանյանը (վերջերս մեծ արձագանք առաջացրեց ռուսական արտադրության «Тигр» եւ իտալական «Iveco LMV M65» զրահամեքենաների «մրցակցությունը»):

Ահա թե ինչու զրահամեքենա արտադրելու կարողությունը դեռ որակ չի երաշխավորում: Այսօր աշխարհում ստեղծվում են նոր տեսակի զրահամեքենաներ, որոնք ունեն մոդուլային կառուցվածք, արագորեն կարող են ձեւափոխվել եւ սպառազինվել տարբեր զենքերով: Շատ երկրներ չեն շտապում նոր զրահամեքենաներ ձեռք բերել, քանի որ այս ոլորտում պատասխան չունեցող դեռ շատ հարցեր կան: Շատերը հրաժարվում են նաեւ հին մեքենաներից, որոնք արդի պահանջներին չեն համապատասխանում:

Զրահամեքենաների արտահանման առաջատարը Ֆինլանդիան է, որը մատակարարում է ժամանակակից մոդուլային «Patria AMV» (Rosomak) զրահամեքենա: Ֆիննական մեքենան բավարարում է այսօրվա պահանջները, մի շարք հատկանիշներով գերազանցում է հատկապես ռուսական եւ ուկրաինական զրահամեքենաներին: Հետաքրքիր է, որ զրահամեքենա արտադրող Հարավաֆրիկյան Հանրապետությունը նույնպես ներմուծում է ֆիննական զրահամեքենա, այն էլ բավականին մեծ քանակությամբ` ավելի քան 250 միավոր: Սա նշանակում է, որ հարավաֆրիկյան զրահամեքենաները էապես զիջում են ֆիննականին:

ՀՐԹԻՌՆԵՐ

Դեռ 2009թ. թուրքական «Roketsan» եւ ադրբեջանական «Iqlim» ընկերությունների միջեւ կնքվել է համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է համազարկային կայանքների 107 եւ 122 մմ-ոց հրթիռների համատեղ արտադրություն: Ըստ այս պայմանագրի` հրթիռների որոշ բաղկամասեր կառաքվեն Թուրքիայից, մնացածը համատեղ կարտադրվի Ադրբեջանում:107 եւ 122 մմ-ոց հրթիռների համար կարտադրվեն նաեւ արձակման կայանքներ. այդ մասին պայմանագիրը կնքվել է 2011թ.:

Թուրքական ընկերությունը խորհրդային «БМ-21» մեքենան բազմիցս կրկնօրինակելու եւ ձեւափոխելու միջոցով դեռ վաղուց ստեղծել էր «T-122 Sakarya» համազարկային կրակի համակարգը: 107 մմ-ոց նման առանձին համալիր Թուրքիայում չի ստեղծվել, այդ տրամաչափը 1950-ականներից Արեւմուտքում խիստ տարածված է, եւ դրա համար ստեղծվել են բազմաթիվ արձակման կայանքներ: Սակայն մինչեւ 150-200 մմ տրամաչափի հրթիռներն Արեւմուտքում աստիճանաբար դուրս եկան գործածությունից` համարվելով փոքր եւ հնացած: Ներկայումս եվրոպական բանակներից շատերում նշված տրամաչափի հրթիռներ ընդհանրապես չեն կիրառվում: Իսկ չինական բանակում այդպիսի համալիրներ կան: Լայն տարածում են գտել հատկապես «63» եւ «81» կոչվողները: Նշված տրամաչափերի հրթիռները հատկապես շատ են կիրառվում Արեւելքի հետամնաց երկրների բանակներում եւ ահաբեկչական կազմակերպությունների կողմից:

Դեռ 1980-ականներին ամբողջ աշխարհում ամբողջ սրությամբ դրվեց մինչեւ 150-200 մմ-ոց չղեկավարվող հրթիռների արդյունավետության հարցը: Փոքր տրամաչափի հրթիռների ցրումը չափազանց մեծ է: Դրանց հեռահարության ավելացումը ոչ այնքան դրական, որքան բացասական արդյունք է տալիս, քանի որ հեռահարության ավելացման հետ մեկտեղ ավելանում է նաեւ հրթիռի շեղումը նշանակետից: Շատ երկրներ հրաժարվեցին մինչեւ 160 մմ-ոց հրթիռներից, իսկ մեծ տրամաչափերի հրթիռները հիմնականում դարձնում են ղեկավարվող:

Ներկայումս հստակորեն նկատվում է նշված հրթիռներից հրաժարվելու միտում: ՌԴ-ում եւս մեծ քանակությամբ նման համալիրներ հանվում են սպառազինությունից, իսկ դրանց փոխարինելու են գալիս նոր բազմանպատակ համալիրներ, որոնք կարող են կիրառել նաեւ այլ, հատկապես ավելի մեծ տրամաչափի հրթիռներ:

Հնացած հրթիռների կիրառությունն «արդարացված» է միայն մի դեպքում. երբ դրանցով մասսայական կրակ է բացվում մեծ բնակավայրերի վրա: Այդ դեպքում նպատակակետից շեղումն արդեն էական չէ: Ադրբեջանցիները, որոնք 1990-ականների սկզբին նման հրթիռներով հրետակոծում էին Ստեփանակերտը եւ հայկական այլ բնակավայրեր, այսօր էլ պատրաստվում են զենք կիրառել խաղաղ բնակչության դեմ, ուստի արտադրում են նշված տրամաչափի հրթիռներ: Սակայն այդ արտադրությունը «նոր ու ցնցող ձեռքբերում» ներկայացնելն առնվազն ծիծաղելի է:

ՎԵՐՋԱԲԱՆ

Ուշագրավ է, որ թուրքական, ինչպես նաեւ ադրբեջանական ընկերությունների ռազմական արտադրանքն արտահանվում է Պարսից ծոցի երկրներ, աֆրիկյան որոշ երկրներ, Թուրքմենիա, Ուզբեկստան, Պակիստան: Այսինքն` հիմնականում մահմեդական այն երկրներ, որտեղ մեծ ազդեցություն ու կապեր ունեն միջազգային ահաբեկչական կազմակերպությունները: Այս երկրներում են ստեղծվում ահաբեկչական բջիջները, այս երկրներից են սկիզբ առնում նրանց դրամական հոսքերը, այստեղ են նրանք ձեռք բերում սպառազինության նոր նմուշներ եւ նոր տեխնոլոգիաներ:

Ներկայումս թուրքական ու հատկապես ադրբեջանական ընկերությունները զբաղված են մեծ մասամբ հնացած զինատեսակների կրկնօրինակմամբ, ինչը տեւական եւ համառ աշխատանքի արդյունքում կարող է որոշակի հաջողություն ապահովել միայն առանձին` հիմնականում փոքր զինատեսակների արտադրության ոլորտում (հրաձգային զենքի որոշ տեսակներ, որոշ սարքավորումներ եւ հանդերձանքի պարագաներ):

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմական


13/07/2011