ՍԵՐ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Զրույց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ գեներալ-մայոր ՈՍՏԱՆԻԿ ԱԴՈՅԱՆԻ հետ
-Պարոն Ադոյան, օրեր առաջ Դուք դարձաք վաթսուն տարեկան, այս զրույցը Ձեր հոբելյանի առիթով է, եւ պահը պատեհ է՝ հիշելու անցյալը, անդրադառնալու Ձեր կենսագրության հիշարժան դրվագներին։
-Հայրս զինվորական էր եւ, ինչպես բոլոր գյումրեցիները, ավանդապաշտ, ազգասեր, կոլորիտով։ Միաժամանակ նրա բնավորության մեջ շատ վառ արտահայտված էին զինվորականին բնորոշ գծերը՝ կարգապահ էր, օրինավոր, բծախնդիր ու մի տեսակ… ինքնաբավ։ Այո՛, ինքնաբավ. այդպիսին էին նրա բոլոր զինվորական ընկերները, նրանց համար սեփական հեղինակությունից կարեւոր ոչինչ չկար, ամեն ինչ անում էին, որ արժանանան շրջապատի սիրուն ու ակնածանքին, որ ոչ մի վրիպում թույլ չտան։ Չափազանց պահանջկոտ էին իրենց հանդեպ՝ արտաքինի, խոսքի, վարքի, վերաբերմունքի… Մենք նույնպես կիսեցինք բոլոր զինվորական ընտանիքների ճակատագիրը՝ ապրեցինք Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում։ Միայն առաջին դասարանում ես չորս դպրոց եմ փոխել, սովորել եմ Լենինգրադում, իսկ 6-10-րդ դասարանները՝ Գերմանիայում։ Ի պատիվ ծնողներիս` պիտի ասեմ, որ օտար միջավայրում ապրելով՝ ստացել եմ հայեցի դաստիարակություն, տանը խոսել եմ հայերեն, մշտապես լսել եմ պատմություններ հայրենիքիս ու հայ ժողովրդի մասին, ինձ տոգորել են տաղանդավոր, քաջ ու առաքինի ազգի զավակ լինելու հպարտությամբ։ Այդ հպարտությունը ես մինչ օրս կրում եմ հոգուս մեջ, եւ ոչ ոք ու ոչինչ ինձ չի կարող տարհամոզել։ Աշխատասիրությունն ու պարտաճանաչությունը նույնպես հորիցս եմ ժառանգել (կամ սովորել)։ Պատահական չէր, որ ես Մոսկվայի քաղպաշտպանության զինվորական ուսումնարանը ավարտեցի գերազանցությամբ։ Մեր կրթօջախը քսաներկու դիմորդ ուներ Անդրկովկասից, բայց միայն ես ընդունվեցի։ Հայրս մի ամուր հավատամք է ներարկել ինձ՝ եթե ինչ-որ բան ես անում, պիտի անես ուժերի գերլարումով, նվիրումով, ջանադրաբար ու պիտի հասնես առավելագույն արդյունքի։ Ես շատ եմ չարչարվել` գերազանց գնահատականներ ստանալու համար։
-Այսինքն՝ չեն եղել կուրսանտական խրախճանքներ, պարեր, աղջիկներ, ազգամիջյան «ընդհարումներ», տղայական «ռազբորկաներ»։
-Չէ, ճիշտ չպատկերացրիք, ես գերազանցիկի «դասական» կերպար չեմ եղել։ Երբ գիրքը ծալում էի ու դուրս էի գալիս ուսումնարանից, սովորական հայ տղա էի, ավելին՝ ես սիրում էի ե՛ւ խրախճանքներ, ե՛ւ «ռազբորկաներ», ե՛ւ պարեր, ե՛ւ աղջիկներ։ Հաուպվախտից էլ չեմ խուսափել։
-Ի՞նչ տվեցին Ձեզ ուսումնառության տարիները՝ որպես ապագա զինվորականի։ Ո՞րն էր այդ շրջանի ամենակարեւոր ձեռքբերումը։
-Ես մտածում եմ, որ իմ այսպես ասած դյուրաբեկ, անկայուն հոգին, իմ էությունը հղկվեց-ձեւավորվեց հենց զինվորական կրթօջախում։ Հակված եմ հավատալու, որ բոլորովին ուրիշ մարդ կլինեի մեկ այլ շրջապատում, մեկ այլ դաստիարակություն ստանալով։ Մեր կրթօջախը իր ամուր, կայուն ու պարտադրող նկարագիրն ուներ, ամեն մի մանրուք չափանշված էր, վարքի ամեն դրսեւորում հաստատված էր մարդկային համակեցության ու բարոյականության չգրված օրենքներով։ Մեր շրջապատում ամեն ինչ ու ամեն ոք այդ բարոյականության կրողն էին ու ջատագովը, մեր շնչած օդն անգամ դաստիարակում էր մեզ։ Սիրով ու երախտագիտությամբ հիշում եմ զինվորական ղեկավարներիս, նրանք հեղինակություններ էին՝ իրենց անբասիր կենսագրությամբ, սխրանքներով։ Ես բախտ եմ ունեցել սեփական աչքերով տեսնելու մարշալ Չույկովին (նա ԽՍՀՄ քաղպաշտպանության ղեկավարն էր)։ Պատերազմի հերոս էր, հայրենասիրության չափանիշ…
-Պարոն Ադոյան, այնպիսի հպարտությամբ, այնպիսի ներշնչանքով եք պատմում, որ պարզապես նախանձով եմ լցվում. այսօր քանի՞ հայ կուրսանտ այդպիսի ակնածանքով կխոսի մեր գեներալների մասին… Նրանցից շատերը նույնպես պատերազմով են անցել, հերոս են ոչ պակաս։
-Մի քանի օր առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ պարգեւատրեց անձնական զենքով։ Միշտ էլ հաճելի է, երբ աշխատանքդ գնահատում են, բայց ես կրկնակի հպարտ էի, որ այդ խրախուսանքը ստանում եմ մի մարդուց, ով իմ ազատագրված հայրենիքի՝ Անկախ Արցախի ազգային հերոս է, պատերազմի լեգենդար զորական։ Մեր՝ հայերիս հպարտությունն ավելի խոր ակունքներ ունի։ Վստահ եմ, որ ե՛ւ այսօր, ե՛ւ ապագայում երիտասարդ սերունդը հավուր պատշաճի գնահատել ու գնահատելու է Հայրենասերի, Սխրագործի կերպարը, հպարտացել ու հպարտանալու է իր մեծերով եւ իր ազգային պատկանելությամբ, այլ կերպ չի կարող լինել։
-Դուք մասնակցե՞լ եք Արցախյան պատերազմին։
-Խորհրդային բանակում ծառայությունս սկսել եմ որպես դասակի հրամանատար, հասել եմ քաղպաշտպանության շտաբի օպերատիվ բաժնի պետի պաշտոնին եւ 1992-ին, փոխգնդապետի կոչումով տեղափոխվել եմ ազգային բանակ։ Պատերազմի տարիներին ես ազգային բանակի սպա էի եւ կատարում էի ղեկավարության առաջադրանքներն ու իմ առջեւ դրված խնդիրները։ Պատերազմին մասնակցել եմ այն չափով, որ չափով իմ ծառայությունն առնչվում էր սահմանամերձ տարածքների պաշտպանությանն ու հայկական հողերի ազատագրմանը։ 1999-ին նշանակվել եմ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պետ եւ կառույցը ղեկավարում եմ մինչ օրս։
-Ձեր կարծիքով, ի՞նչն էր Արցախյան պատերազմում մեր հաղթանակի ամենակարեւոր գրավականը, հնարավոր պատերազմի դեպքում ի՞նչ հոգեբանական ռեսուրս պիտի օգտագործենք հաջողության հասնելու համար։
-Ճիշտ ասացիք՝ հոգեբանական, որովհետեւ Արցախյան պատերազմի հաղթանակը առաջին հերթին մեր հոգեբանական գերազանցության եւ բարոյական առավելության մեջ էր։ Արցախում հաղթեց մեր սերը առ հայրենիք եւ համազգային համերաշխությունը։ Այսօր մենք դրան հավելել ենք հայկական բանակի արհեստավարժությունն ու մարտունակությունը, մեր ողջախոհ ու արդյունավետ սպառազինությունը, Արցախյան պատերազմի արգասիք՝ մեր դիրքային առավելությունը։
-Վերջին հարցազրույցների ժամանակ ե՛ւ հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ե՛ւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որպես մեր սահմանների պաշտպանության կարեւոր երաշխիք եւ հնարավոր պատերազմում հաղթանակի հասնելու ամենամեծ գրավական, նշեցին առաջնագծում մեր ամրաշինական կառույցների հուսալիությունը։ Ի՞նչ մանրամասներ կպատմեք այդ առնչությամբ։
-Սահմանի ամբողջ երկայնքով կառուցել ենք ամրաշինական կառույցներ՝ դիրքեր, խրամատներ, խրամուղիներ, դիտակետեր, խրամաբջիջներ, երկարաժամկետ կրակակետեր, պայթյունային եւ ոչ պայթյունային արգելափակոցներ, երկշարք, եռաշարք, տեղ-տեղ նույնիսկ հնգաշարք փշալարային արգելափակոցներ։ Դիրքերում ծառայող զինվորները ապահովված են երկաթբետոնե կացարաններով, ճաշարաններով, ունեն հանգստի պատշաճ պայմաններ։ Կարճ ասած` եթե հակառակորդը փորձի նախահարձակ լինել, հենց առաջնագծում ահռելի կորուստներ կունենա։ Պետք է նշեմ, որ ամրաշինական աշխատանքները տեւական են, շարունակական, մենք անընդհատ կատարելագործում ու ամրացնում ենք մեր սահմանների պաշտպանությունը։
-Պարոն գեներալ, ինժեներական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են համապատասխան կրթությամբ մասնագետներ։ Որտե՞ղ են ուսումնառում մեր սպաները։
-Մեր բանակի համար կադրեր են պատրաստում ինչպես Հայաստանի եւ Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական ռազմական բուհերը։ Պետք է նշել, որ ես գոհ եմ հայ կուրսանտների մասնագիտական գիտելիքներից, նրանք կարողանում են մեծ հմտությամբ իրենց գիտելիքները վերածել գործի։ Ինժեներական զորքերի համար կրտսեր հրամանատարներ է պատրաստում ինժեներասակրավորային գնդի ուսումնական գումարտակը։ Պետք է հստակ նշեմ, որ հայ երիտասարդ տղամարդը իր ազգային հոգեկերտվածքով, եթե կարելի է ասել, իր ազգային-ժառանգական նկարագրով շատ ներդաշնակ է զինվորի կերպարին։ Պարզ ասած՝ հայ տղան շատ լավ զինվոր է դառնում։ Ես չեմ նսեմացնում ռազմահայրենասիրական դաստիարակության դերը, բայց պիտի ասեմ, որ հայ տղան բնատուր հայրենասեր է, քաջ է, ռազմարվեստի, զինվորական գործի սիրահար է։ Հայ տղան նախաձեռնող է, արագ կողմնորոշվող, հնարամիտ է։ Հայ զինվորն աշխարհի ամենալավ զինվորն է։ Հայ զինվորը հայկական բանակի հիմքն է, ու այդ հիմքը այսօր շատ ամուր է ու հուսալի։
-Հումանիտար ականազերծումը շարունակվում է։ Մեր երկրում հողը ե՞րբ կմաքրվի ականներից։
-Այո՛, այժմ հումանիտար ականազերծումը շարունակվում է։ Չեմ կարող ասել, թե մեր հողը երբ կմաքրվի ականներից, մինչ օրս կասկածելի տարածքները ստուգվում եւ անհրաժեշտության դեպքում ականազերծվում են։ Ինչ վերաբերում է զինվորների անվտանգությանը՝ եթե զինվորը «ինքնագործունեությամբ» չզբաղվի, նրան ոչ մի վտանգ չի սպառնա։ Դիրքերը եւ այն տարածքները, որտեղ լինում է զինվորը, ստուգված են։
-Այսինքն՝ անվտանգության կանոնները պահպանող զինվորը ականի վրա չի քայլի։
-Միանշանակ։
-Պարոն Ադոյան, ինչպե՞ս եք ապրում ծառայությունից դուրս, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։
-Սիրում եմ զվարճանալ թոռնիկիս` Արտյոմի հետ։ Արդեն ինը տարեկան է։ Ցավոք, չի ցանկանում զինվորական դառնալ, բայց դեռ ժամանակ կա, գուցե փոխի միտքը։ Ամեն դեպքում, ցանկանում եմ, որ նա իսկական հայ տղամարդ դառնա։
-Ո՞վ է Ձեր ամենամոտ ընկերը։
-Կինս։
-Հետաքրքիր է։ Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս, Ձեր կնոջ ո՞ր արժանիքները Ձեզ գրավեցին։
-Ես նրան առաջին անգամ տեսա Երեւան-Թբիլիսի գնացքում։ Հպանցիկ շփման ընթացքում էլ երեւաց, որ նա մտավոր բարձր կարողություններ ունի, զարգացած է, բարեկիրթ, օրինավոր։ Սովորել է Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում եւ այսօր մանկապարտեզի տնօրեն է։ Ես շատ բարձր եմ գնահատում կնոջս նվիրվածությունը ընտանիքին։
-Պարոն Ադոյան, Ձեզ ի՞նչ մաղթեմ ծննդյան օրվա կապակցությամբ։ Ինչի՞ պակաս ունեք։
-Ամբողջ սրտով (որպեսզի իրականանա) մաղթեք, որ միակ թոռնիկս եւ բոլոր հայ երեխաները երբեք պատերազմ չտեսնեն։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #26 (891) 6.07.2011 – 13.07.2011, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում