ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Պաշտոնական այցով Վրաստան այցելած ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունները, տարբեր բնագավառներում համագործակցության ներկա մակարդակն ու զարգացման հեռանկարները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ու ամրապնդման խնդիրներին: Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, հանդիպել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը եղել է նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնում, հանդիպել է թբիլիսահայ համայնքի անդամների, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի կառույցների ղեկավարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Վիգեն Սարգսյանը արժևորել և բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, խոսել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների, բանակ-հասարակություն կապերի շրջանակում սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերի մասին:
Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: