ԻՍՐԱՅԵԼԸ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԱՐԿ Է ՍՏԵՂԾԵԼ
Իսրայելական բանակում հաջողությամբ փորձարկվել է Մ339 «Կալանիտ» հրետանային արկը: Մասնագետների կարծիքով «տանկեր ոչնչացնողների» դեմ պայքարի համար նախատեսված այս արկը բացառիկ հատկություններ ունի և տարբերվում է այսօր արտադրվող բոլոր օրինակներից:
Այն ստեղծելիս հաշվի են առել 2006 և 2008թթ. ռազմական գործողությունների ժամանակ Իսրայելի բանակի զրահատանկային ստորաբաժանումների ձեռք բերած մարտական փորձը:
Արկը նախատեսված է իսրայելական «Մերկավա» ՄԿ3 և ՄԿ4 տանկերի, ինչպես նաև 120 մմ-անոց հարթափող հրանոթով այլ տանկերի սպառազինման համար:
Նոր զինամթերքը ունիվերսալ է, 1 արկը կարելի է օգտագործել ժամանակակից մարտի վարման տարբեր սցենարներում տարատեսակ թիրախներ խոցելու համար: Արկի հատուկ պայթուցիչը հրանոթը լիցքավորելիս ծրագրավորվում է, ինչը թույլ է տալիս անձնակազմին բարձրացնել մարտական արդյունավետությունը, ժամանակ չկորցնել արկը մյուս տեսակներով փոխարինելու վրա, կրակել հետևակի, տանկերի, ամրաշինական կառույցների, թեթև զրահամեքենաների և այլ թիրախների ուղղությամբ:
Թեև արկը բազմակողմանի օգտագործման հնարավորություն է տալիս, այն առավելապես նախատեսված է տանկային անձնակազմերը պաշտպանելու համար: Այդ պատճառով էլ առաջինը նման սպառազինություն կստանան երկրի հյուսիսում, նաև ամենավտանգավոր շրջանում` Գազայի հատվածում տեղակայված զրահատանկային զորքերը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական