ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ
Հունվարի 16-ից 20-ը 5-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ–մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավորությամբ անցկացվեց հրամանատարական հավաք զորամիավորման ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ:
Հավաքի առաջին պարապմունքն անցկացրեց գեներալ–մայոր Կարեն Աբրահամյանը: Հիմնական թեմայով դասախոսություն վարելուց հետո նա մատնանշեց, որ հրամանատարական հավաքների նման ձևաչափով անցկացումը սպայակազմին հնարավորություն է ընձեռում զարգացնելու մասնագիտական կարողությունները, բարձրացնելու պատրաստվածության ու անհրաժեշտ գիտելիքների մակարդակը:
Անցկացված պարապմունքների 90%-ը գործնական ու ցուցադրական էր, ինչը նպաստում էր, որ մասնակիցներն առավել մեծ աշխուժություն ցուցաբերեն:
Հավաքների ըմթացքում կազմակերպվեցին նաև մշակութաժամանցային տարբեր միջոցառումներ, մասնավորապես՝ կազմակերպվեց այցելություն ՀՀ պատմության պետական թանգարան, հավաքի մասնակիցները հանդիպեցին «Կյանք ու կռիվ» ֆիլմի դերասանական խմբին, որից հետո էլ դիտեցին ֆիլմը:
Ամփոփելով հավաքի արդյունքները՝ գեներալ–մայոր Աբրահամյանը համապատասխան ցուցումներ տվեց բոլոր օղակների հրամանատարական հավաքները նման ձևաչափով անցկացնելու և ստացած գործնական գիտելիքները ենթականերին փոխանցելու նպատակով:
5-րդ բանակային զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում