ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ
Հունվարի 18-ին ՌԴ օդատիեզերական ուժերը Թուրքիայի օդուժի հետ միասին Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում իրականացրել են առաջին համատեղ ռազմական գործողությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ: Գործողությանը մասնակցել են ռուսական 9 և թուրքական 8 ռազմական ինքնաթիռ, հարվածներ են հասցվել 36 թիրախների: Գործողության անցկացման մասին նախապես տեղեկացվել են նաև Սիրիայի իշխանությունները:
Հունվարի 12-ին Մոսկվայում ՌԴ ՊՆ և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն կարելի է բացառիկ համարել, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ նման փաստաթուղթ առանց Դաշինքի ղեկավարության համաձայնության դժվար թե ստորագրվեր, մանավանդ, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև վերջին ամիսներին առկա տարաձայնությունների ու լարվածության պայմաններում: Այս հուշագրով, թերևս, ամրագրվում է Սիրիայի բաժանումը ազդեցության երեք գոտիների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Համագործակցության հուշագիրն ու համատեղ ռազմական գործողությունները փաստում են, որ գոնե Սիրիայի հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև այլևս լուրջ տարաձայնություններ չկան:
Սիրիայում 2016 թվականի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած զինադադարի մասին համաձայնագիրը նախապատրաստվել է երկու ամսվա ընթացքում՝ ռուսական, թուրքական և իրանական կողմերի միջև պայմանավորվածությունների հիման վրա: Մոսկվան համաձայնել է սիրիական ընդդիմադիր մի քանի խմբավորումների հանել «ահաբեկչական կազմակերպությունների» ցուցակից, եթե վերջիններս հետևեն զինադադարի ռեժիմի պահպանմանը: Անկարան էլ փաստացի հանդուրժելու է Բաշար Ասադի հետագա կառավարումը: Իսկ Թեհրանն իր վրա է վերցրել շիա բնակչության շահերի պաշտպանությունը, ինչպես նաև՝ «Հեզբոլլահ» խմբավորման գործունեության կարգավորումը: Հատկանշական է, որ ԱՄՆ և ԵՄ ոչ մի ներկայացուցիչ զինադադարի մասին համաձայնագրի ստորագրմանը չի մասնակցել: ԱՄՆ-ը զուտ դիտորդի կարգավիճակով միայն մասնակցելու է Սիրիայի հարցով հունվարի 23-ին Աստանայում կայանալիք եռակողմ գագաթաժողովին և սիրիական քաղաքական ուժերի բանակցություններին:
2016թ. ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրղողանը Միացյալ Նահանգներին առաջարկել էր Սիրիայում համատեղ ռազմական գործողություններ անցկացնել: Փոխարենը թուրք ղեկավարը Վաշինգտոնից պահանջել էր այլևս չսատարել Սիրիայում քրդական ստորաբաժանումներին: Նույն ժամանակ Դամասկոսը զգուշացրել էր Անկարային, որ կխոցի թուրք-սիրիական սահմանը հատած ցանկացած ինքնաթիռ՝ ինքնակամ որևէ գործողություն համարելով տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտում: Ներքին խնդիրները հաղթահարելու, քրդաբնակ վայրերում ռազմական գործողություններ վարելու և բազում այլ հարցերում Էրդողանն այդպես էլ չստացավ ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ Մոսկվան որոշակի ըմբռնումով մոտեցավ դրանց: Ռուսաստանը կրկին հաստատեց, որ իր համար Մերձավոր Արևելքում առավել կարևոր է առկա վարչակարգերի ու սահմանների պահպանումը:
Բանակցային սեղանի շուրջ Իրանի հայտնվելը ևս պատահական չէ. դա տարածաշրջանային կայունության կարևորագույն գործոններից է: Մոսկվան և Թեհրանը ակամա աջակցության ձեռք են մեկնել Էրդողանին՝ երաշխավորելով նաև Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու ներքին հարցերում ազատությունը:
Պատրաստեց ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
Ավ. լեյտենանտ
Խորագիր՝ #03 (1174) 25.01.2017 - 31.01.2017, Տարածաշրջան