ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՔ
Զինված ուժերի պատրաստության 2017թ. ուսումնական տարվա պլանի համաձայն՝ 4-րդ բանակային զորամիավորումում անցկացվեց ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հրամանատարական հավաք:
Հավաքի ուսումնական նպատակը մասնակիցների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելն էր, ստորաբաժանումների ղեկավարման, պարապմունքների կազմակերպման մեթոդական պատրաստվածության աստիճանը բարձրացնելը, ինչպես նաև մարտական պատրաստության հիմնական առարկաներից հրամանատարների գործնական հմտությունները ստուգելը:
Հավաքի ղեկավարն էր բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Դասախոսությունների ընթացքում նա խոսել է զորամիավորմանն առաջադրված խնդիրների, դրանց կատարման եղանակների և միջոցների մասին: Գնդապետ Քոչարյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայողի ամենօրյա բարեխիղճ ծառայությամբ միայն կարելի է հասնել ընդհանուր հաջողության, որ հատկապես մարտական հենակետերում ոչ մի րոպե չպետք է թուլացնել զգոնությունը: Անդրադարձել է նաև Ազգ-բանակ գաղափարին և «Հրամանատրում՝ առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքով ծառայության կազմակերպման հարցերին:
Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը ըստ ուղղությունների անցկացրել են մարտավարական, մարտական և զորահավաքային, բարոյահոգեբանական, տեխնիկական, թիկունքային և այլ թեմաներով տեսական և գործնական պարապմունքներ՝ միտված սպայակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը:
4-րդ զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ