Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵԺ ԳԻԾ



ԹԵԺ ԳԻԾՀունվարի 10-ից պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի շրջանակներում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ սկսել է գործել 1-28 անվճար հեռախոսահամարով թեժ գիծը, որով ՀՀ քաղաքացիները դիմում են զինծառայությանը վերաբերող բոլոր  հարցերով եւ սեղմ ժամկետներում ստանում պատասխաններ: Թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ 9:00-ից մինչեւ 18:00-ը: Ծառայության ընթացիկ աշխատանքների շուրջ զրուցեցինք Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

 

-Ի՞նչ նպատակով ստեղծվեց թեժ գիծը, եւ խնդիրների ի՞նչ շրջանակ է այն ընդգրկում:

-Թեժ գծի ծառայությունը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարականով ներառվեց  Մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի գործառույթների շրջանակում մեկ հիմնական նպատակով՝  հնարավորինս անմիջական դարձնել բանակ-հասարակություն փոխադարձ  կապը, որպեսզի մարդիկ կարողանան իրենց մտավախությունների մասին ազատ բարձրաձայնել, վեր հանել ցավոտ խնդիրները: Թեժ գծով ստացված մասնավոր զանգերն ու դիմումները, ժամանակի ընթացքում կուտակվելով, ի հայտ են բերում որոշակի ընդհանրական պատկեր, ինչը տարբեր խնդիրների վերլուծության, դրանց համակարգային լուծումները գտնելու հնարավորություն է առաջադրում: Սա հատկապես կարեւոր է, եթե հաշվի առնենք, որ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնը միջազգային կազմակերպությունների հետ զբաղվում է զինված ուժերում մարդու իրավունքների ոլորտին առնչվող ծրագրերի համակարգմամբ:

-Արդեն տեսանելի՞ են որոշակի արդյունքներ:

-Վերջին շրջանի զանգերի հիմնական մասը, հասկանալի պատճառով,  վերաբերում էր զորակոչին: Արդեն պարզորոշ երեւում է, որ հատկապես հեռավոր մարզերում դեռեւս կաղում է զինկոմիսարիատների հետ ճիշտ հաղորդակցվելու մշակույթը, առկա է նաեւ վստահության պակաս: Այս առումով թեժ գիծը դառնում է տեղեկատվության  առաջնային աղբյուր՝ որպես բանակ-հասարակություն կապի կայուն-մատչելի օղակ:

ԹԵԺ ԳԻԾՀստակ ուրվագծվում է նաեւ սպայական անձնակազմի հետաքրքրվածությունը ծառայության հանդեպ: Մենք փորձում ենք շփման համապատասխան  մշակույթ ձեւավորել, որպեսզի ոչ միայն պարտադիր ժամկետային, այլեւ պայմանագրային զինծառայողները, սպայական կազմը կարողանան տվյալ կապի միջոցով անկաշկանդ բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները: Առայժմ հիմնականում զինծառայողի՝ ինչպես զինվորի, այնպես էլ սպայի ընտանիքի անդամներն են զանգահարում եւ խոսում իրենց մտահոգությունների մասին:

Թեժ գծի միջոցով կարողանում ենք նաեւ նվազեցնել հնարավոր բյուրոկրատական քաշքշուկը. հեռավոր բնակավայրերից կամ թեկուզեւ Երեւանի արվարձաններից նախարարություն հասնելու կարիք չի լինում: Դիմողը կարողանում  է իր հարցերը անմիջականորեն ներկայացնել եւ ստանալ պատասխաններ:

-Ամրագրվա՞ծ է որոշակի ժամկետ, որի ընթացքում դիմողը պետք է ստանա իր հարցերի պատասխանը:

-Սկզբում կարծում էինք՝ կտեղավորվենք եռօրյա ժամկետում: Հիմա արդեն տեսնում ենք, որ անհրաժեշտ է ավելի ճկուն գործել: Կան հարցեր, որոնց պատասխանները խնդրարկուն անմիջապես է ստանում, օրինակ՝ օրենքի որեւէ կետի կամ որեւէ հեռախոսահամարի վերաբերյալ եւ այլն: Եթե հարցը հրատապ է՝ անհրաժեշտ է տեղում լուծում տալ: Եթե խնդիրը ավելի երկարատեւ ուսումնասիրություն է պահանջում՝ ուղարկում ենք համապատասխան ստորաբաժանումներին, վարչություններին՝ քննության, ինչը կարող է տեւել մինչեւ մեկ շաբաթ:

-Իսկ ո՞ր դեպքերը կարելի է հրատապ համարել:

-Հրատապ ենք դիտարկում այն դեպքերը, երբ հնարավոր են անձի կյանքին կամ առողջությանն սպառնացող, մարդու արժանապատվությունը վիրավորող զարգացումներ: Թեժ գծի միջոցով փորձում ենք զինվորների ու սպաների մեջ աստիճանաբար արմատավորել այն մոտեցումը, որ, անկախ վերադասի միջոցով դիմելու կարգից, որը մենք խրախուսում ենք, առաջնային են նաեւ այն դեպքերը, երբ սեփական նախաձեռնողականությունը պարզապես անհրաժեշտ է: Մենք էլ մեր կողմից պարտավորվում ենք հետադարձ կապ ապահովել զորամասերի հետ: Եվ եթե տեսնենք, որ խնդրին լուծում չի տրվում, կամ խախտվում են անձի իրավունքները, կփորձենք այլընտրանքային լուծում գտնել:

-Ցավոտ խնդիրների վերաբերյալ ներքին պայմանավորվածությամբ լռություն պահպանելը, թերեւս, բոլոր բանակների ամենախոցելի տեղերից է:

-Մեր խորին համոզմամբ, սպան եւ հատկապես զինվորը չպետք է փորձեն իրենց առավել ցավոտ ու լուրջ խնդիրները ինքնուրույն լուծել, քանի որ դրա արդյունքը շատ հաճախ բացասական, երբեմն նույնիսկ ողբերգական է լինում: Մեր խնդիրն է զինվորներին հավաստիացնել, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակում պետք է անպայման մեզ հետ կապ հաստատեն: Վեճերի դեպքում ներգրավում ենք ռազմական ոստիկանությանը: Եթե սպայի խնդիրը իր հրամանատարության հետ է, չի բացառվում, որ նրա նկատմամբ որոշակի ճնշումներ լինեն: Նման դեպքերում հետադարձ կապ ենք հաստատում զորամասի հետ: Սա, ցավոք, առաջին հերթին հասարակական ընկալման խնդիր է: Մեր կենտրոնի գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկն էլ այն է, որ փորձենք փոփոխել այդ արժեհամակարգը, փորձենք կոտրել այն արատավոր կարծրատիպը, թե արդարացի բողոքը անպատիվ արարք է: Սա սեփական իրավունքների պաշտպանության ամենատարրական մեխանիզմն է:

-Թեժ գծի աշխատանքը իրականացնելու համար ունե՞ք բավարար աշխատակազմ:

-Անկասկած, թվաքանակը բավարար չէ: Մեր երեք օպերատորները լարված ռեժիմով են աշխատում: Լինում են դեպքեր, երբ նրանք խնդիրը ամրագրում են, բայց վերլուծելու ժամանակ չի մնում: Հնարավոր է՝ մեր օպերատորների թիվը համալրենք պայմանագրայիններով: Տարբեր վարչություններից կան այս ծառայությանը կցված անձինք, որոնք նույնպես հնարավորությունների սահմաններում մասնակցում են գործընթացին:

-Ի՞նչ բարդությունների եք հանդիպում աշխատանքի ընթացքում:

-Ամենամեծ խնդիրն այս պահին զանգերի մեծ թիվն է: Երբեմն էլ մարդիկ զանգահարում են հուզական վիճակում, անցնում են քաղաքավարության թույլատրելի սահմանները՝ իրենց բացասական հույզերն ուղղելով օպերատորներին: Նման անցանկալի դեպքերի համար մեր օպերատորները հստակ հանձնարարական ունեն՝ զգուշացնելուց հետո ընդհատում են կապը:

Լինում են դեպքեր, երբ դիմողին թվում է, թե իր հարցն առանձնահատուկ է, եւ որ նախարարն անձամբ պետք է զբաղվի դրանով: Բացատրում ենք, որ տվյալ հարցը կարելի է կարգավորել համապատասխան ստորաբաժանումների ուժերով: Տարբեր խնդիրներ՝ տարբեր մարդիկ, տարբեր մոտեցումներ… Փորձում ենք հնարավորինս պիտանի եւ օգտակար լինել:

Ընդհանրացնելով՝ ասեմ, որ մենք ստանձնել ենք խորհրդատվական, տեղեկատվական, վերլուծական գործառույթ: Գիտակցելով գործի դժվարությունը՝ ընդունել ենք մարտահրավերը, հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հաջողություններ կգրանցենք:

♦♦♦

Թեժ գծի օպերատորների սրահում աշխատում էին Վարդիկն ու երկու Լուսինեները: Զանգերը չէին դադարում. աղջիկները համբերատար եւ սիրալիր պատասխանում էին հարցերին: Երկար ժամանակ պահանջվեց, մինչեւ կարողացա աղջիկներից մեկի հետ զրուցել «Թեժ գիծ» ծառայության մասին: Վարդիկ Հարությունյանը խոսում էր՝ հընթացս պատասխանելով հեռախոսազանգերին:

-Զանգերը շատ են, յուրաքանչյուրս օրական շուրջ 100 զանգի է պատասխանում: Երբ զանգահարողը ծանր հուզական վիճակում է, ստիպված նաեւ հոգեբանի դեր ենք ստանձնում, հանգստացնում ենք, խնդրում ենք խոսել ըստ էության: Լինում են նաեւ դեպքեր, երբ զանգահարում են՝ շնորհակալություն հայտնելու: Իհարկե, ուրախանում ենք, որ մենք էլ մեր համեստ մասնակցությունն ենք ունեցել այս կամ այն խնդրի լուծման հարցում:

Ուրախալի է, որ երբեմն մեր քաղաքացիները, հարցադրումներից բացի, նաեւ բավականին իրատեսական եւ կարեւոր առաջարկներով են դիմում: Անպայման հաշվի ենք առնում, վերլուծում եւ ուշադրություն հրավիրում դրանց վրա: Օրինակ՝ առաջարկներ են եղել սահմանամերձ զորամասի զինծառայողներին որոշակի արտոնություններ տալու վերաբերյալ:

Զավեշտալի դեպքեր էլ են լինում, քաղաքացիներից ոմանք թեժ գիծը չեն ընկալում որպես զինվորական ծառայություն եւ դիմում են մեզ բոլորովին չառնչվող հարցերով: Անպայման շեշտում են. «Պարոն նախարարն ասաց, որ ցանկացած հարցով կարող ենք դիմել, եւ մեզ կպատասխանեն, կօգնեն»: Օրինակ՝ զանգել էր նախկին ժամկետային զինծառայողի ծնողը՝  հարցնում էր, թե գիշերային հաշվիչները ինչպես են տեղադրում, ուր դիմել եւ այլն: Մեկ այլ դեպք էլ հենց այսօր է եղել. նախկին ժամկետային զինծառայողի մայրը վրդովված հարցնում էր, թե ինչո՞ւ նախարարությունից իրենց չեն շնորհավորում երեխա ունենալու կապակցությամբ: Լինում են նաեւ այնպիսի դեպքեր, որոնց մարդկայնորեն ուզում ես պատասխանել, սակայն դրանք ՊՆ իրավասության սահմաններից դուրս են:

Մեր զրույցը հերթական անգամ ընդհատվեց հեռախոսազանգով: Հաջողություն մաղթելով աղջիկներին՝ հեռացա այն համոզմունքով, որ թեժ գծի աշխատանքի շնորհիվ լուծումներ կստանան մեր քաղաքացիներին անհանգստացնող շատ ու շատ հարցեր:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


08/02/2017